«Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը բարձրագույն կրթություն չունեցող անձին նշանակել է Շաղափի վարչական ղեկավար»․ Վեդիի բնակիչ

Արարատի մարզի նախկին մարզպետ, այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը տարեսկզբին նոր պաշտոնը ստանձնելուց հետո միանգամից ազատվեց իր հրաժարականը պահանջած համայնքապետերից և Վեդի խոշորացված համայնքի 16 գյուղերում վարչական նոր ղեկավարներ նշանակեց։

Սարգսյանի նույն որոշմամբ Շաղափ համայնքի վարչական ղեկավար է նշանակվել Մարո Առաքելյանը։

Վեդի համայնքի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Շաղափում վարչական ղեկավարի նշանակումը խախտումով է եղել. նա չունի բարձրագույն կրթություն։

«Մեր բնակչության թիվը 1000-ից ավելի է, իսկ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերում վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, սակայն Գարիկ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակել է Ջերմուկ քաղաքի քույրականն ավարտած Մարո Առաքելյանին․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը 168.am-ի հետ զրույցում ևս ասաց, որ 1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրում վարչական ղեկավարը պարտադիր պետք է բարձրագույն կրթություն ունենա․

«Դա օրենսդրությամբ է սահմանված՝ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքում կարող է և բարձրագույն կրթություն չունենալ, իսկ 1000+1-ի դեպքում արդեն բարձրագույն կրթությունը պարտադիր է։ Տվյալ պարագայում, եթե Շաղափում բնակչության թիվը 1000-ից ավելի է, ապա այդ նշանակումն օրենքի խախտումով է եղել։ Նախկինում այդ շեմը 500 էր, բայց անցած տարեվերջին օրենքում փոփոխություններ արվեցին, և բնակչության թիվը դարձվեց 1000»։

ՏԻՄ օրենքի հոդված 31-ի 8-րդ կետում հստակ նշված է՝

«1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն»։

168.am-ը կապ հաստատեց Շաղափի վարչական ղեկավար Մարո Առաքելյանի հետ, նախ փորձեցինք ճշտել Շաղափի բնակչության թիվն այս պահի դրությամբ, ապա հարցնել, թե արդյոք նա ունի՞ բարձրագույն կրթություն, սակայն Առաքելյանն առաջին հարցը լսելուց հետո այսպես պատասխանեց.

«Ես էս պահին զբաղված եմ, ձեզ կզանգեմ, հա՞։ Ես էս պահին բանկում եմ, չեմ կարա պատասխանել, հես ա վերջացնեմ, կզանգեմ»: Ապա Առաքելյանն անջատեց հեռախոսը։ Զանգը 12։14 րոպեին էինք կատարել՝ աշխատանքային ժամին, սակայն 3 ժամից ավելի սպասելուց հետո Առաքելյանն այդպես էլ չզանգահարեց, ուստի կրկին զանգահարեցինք Առաքելյանին, սակայն նա այլևս չպատասխանեց մեր զանգերին։

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վեդիի համայնքապետարանից, սակայն համայնքապետարանի աշխատակիցը մեզ այսպես պատասխանեց․

«Պարոն Սարգսյանի անունից եմ ասում՝ Ձեր լրատվականի հետ ցանկություն չունենք աշխատել»։ Աշխատակիցը պարոն Սարգսյան ասելով՝ նկատի ուներ Արարատի նախկին մարզպետ, այսօր արդեն Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։ Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն ընտրել համայնքապետին՝ առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամներն ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին. ընտրությունները կկայանան մարտի 27-ին։

168.am-ն այս օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ ՔՊ-ն Գարիկ Սարգսյանին այս պաշտոնում նշանակել է ՏԻՄ ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, կոնկրետ հանձնարարականներ են իջեցվել պետական ապարատում աշխատողներին ընտրությանը մասնակցելու և Գարիկ Սարգսյանին ձայն տալու ուղղությամբ։

«Դե, իսկ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը շարունակում է իր էժանագին շոուն, անձնական վարորդից է հրաժարվել, որ նա անվճար երթուղում որպես վարորդ աշխատի»,- հավելում են մեր զրուցակիցները։

Տեսանյութեր

Լրահոս