Բաժիններ՝

Կարճաղբյուրի խոնարհված եկեղեցին վերականգնման հրատապ կարիք ունի

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը չգործող է դարձել խորհրդային տարիներից, այժմ գրեթե խոնարհված վիճակում է եւ վերականգնման հրատապ կարիք ունի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարճաղբյուր գյուղի նախկին բնակիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Գասպար Ավագյանը, խոնարհված եկեղեցու վերականգնմամբ Կարճաղբյուրում միանգամից կարգավորվելու է երկու խնդիր՝ հոգեւոր-եկեղեցական ծեսերի իրականացումը, եւ պատմական հուշարձան հանդիսացող կառույցի պահպանությունը։ «Շուտով կլրանա 200 տարին, ինչ Արեւմտյան Հայաստանից ներգաղթած մեր նախնիները Գեղամա լճի ափին գտնվող, մոնղոլթաթարական հրոսակների կողմից ավերակների վերածված հայկական բնակավայրի մոտ, Մաքենիս գետի ստորին հատվածում, հիմնեցին ներկայիս Կարճաղբյուր գյուղը:

Այս ժամանակահատվածում մոտ 30 ընտանիքների, իսկ հետագայում նրանց միացած Մեծ եղեռնից մազապուրծ գաղթականների սերունդները շենացրել են հայրենի եզերքը: Անկախության երազանքի իրականացման պահին Կարճաղբյուրը տարածաշրջանի խոշոր համայնքներից էր, որի բնակչությունը ավելի քան չորս հազար էր: Այսօր գյուղում մնացել է մոտ դրա կեսը, ինչը ներկա չափանիշներով փոքր թիվ չէ:

Կարծեք թե այս ամենը լավ է, բայց արի ու տես, որ համայնքի բնակիչները ինչպես ԽՍՀՄ օրոք, այնպես էլ հիմա զրկված են լիարժեք ազգային-եկեղեցական կյանքով ապրելու հնարավորությունից, քանի որ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը խորհրդային տարիներին դեռ կանգուն էր, համարյա խոնարհվել է:

Այն կառուցվել է 19-րդ դարում՝ չմշակված բազալտից եւ իրենից ներկայացնում է ուղղանկյունաձեւ շինություն՝ ծածկված կաղնե սյուների վրա հենված փայտե առաստաղով: Ժամանակին գավառանիստ Նոր Բայազետից Կարճաղբյուր է տեղափոխվել եւ եկեղեցական կյանքի կազմակերպմամբ զբաղվել թեմի առաջնորդի կողմից նշանակված քահանա, որի սերունդները եւս մինչ օրս բնակվում են այստեղ: Ու չնայած գյուղի հարակից տարածքում առկա է Սուրբ Աստվածածին մատուռն իր հանրահայտ Քարե դռնով, սակայն այն չափերով շատ փոքր լինելու պատճառով հարմար չէ հոգեւոր եկեղեցական ծեսեր եւ արարողություններ կատարելու համար:

Ուստի խոնարհված եկեղեցու վերականգնումը դառնում է խիստ անհրաժեշտ՝ հատկապես ներկա տագնապի ու մտահոգության, ցավի ու տառապանքի համազգային շարունակական մաքառումի երթին ազգային եկեղեցու մասնակցությունն այս բնակավայրում ապահովելու տեսանկյունից: Եկեղեցու վերականգնումը մեծ ծախսեր չի պահանջելու, բայց համայնքը գրեթե սնանկ է, անհրաժեշտ են բարերարներ: Կարծում ենք՝ խոշորացված համայնքի ավագանին, Գեղարքունյաց թեմի առաջնորդական փոխանորդը, մարզային իշխանությունները իրենց դիրքորոշումը կհայտնեն խնդրի առնչությամբ, եւ կփորձենք համատեղ ուժերով լուծում գտնել: Կգտնվեն նաեւ ազգանվեր հայորդիներ, ովքեր միջոցներ կտրամադրեն այդ սուրբ գործին: Եկեղեցին կարեւոր նշանակություն ունի նաեւ տեղում զինվորական ծառայություն իրականացնող հայրենյաց պաշտպանների համար»,-ներկայացրեց Գասպար Ավագյանը:

Ողջունելով Գասպար Ավագյանի մտահղացումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը շեշտեց, որ հուշարձանի վերականգնումը պետք է ընթանա օրենքով սահմանված կարգով, նախարարության եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հետ համագործակցությամբ։

«Առաջին հերթին պետք է կազմվի նախագիծ, իրականացվեն խոնարհված շինությունը փլված հողի շերտից մաքրելու աշխատանքներ։ Շատ հնարավոր է, որ հիմքում ի հայտ գան այնպիսի նյութեր, որոնք փաստեն հուշարձանի շատ ավելի հին լինելու մասին, քան այն համարվում է։ Այդպիսի փաստերի հետ մենք առնչվել ենք Վարդենիկի եւ Մարտունու եկեղեցիների վերականգնման ժամանակ։ Ուստի չենք բացառում, որ այս դեպքում էլ պեղումների կամ հնագիտական ուսումնասիրությունների անհրաժեշտություն կառաջանա»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս