Ինչո՞ւ չպետք է գնահատվի, ինչո՞ւ չպետք է ասվի՝ դրա դեմն առնելու մեր ծրագրերը որոնք են. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այս պատերազմի արդյունքներից ստանա առավելագույնը: Եվ քանի Հայաստանը չի վերագտել իր մարտունակությունը, անվտանգային համակարգերը չի ամրապնդել, մենք ամեն օր ականատեսն ենք լինելու նրան, որ կեղծ են խաղաղասիրական բոլոր ցանկությունները»,- անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային սադրանքներին և Արցախում լարվածության բարձրացմանը՝ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

Նա արձանագրեց՝ Արցախում այսօր հիմնական ուժը, որ պահպանում է անվտանգությունը և ապահովում խաղաղությունը, ռուս խաղաղապահներն են՝ նկատելով, որ Հայաստանն այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ցանկությունն Արցախն է՝ առանց հայերի, և ամեն ինչ անելու են, որ արցախահայությունն անելանելիության մեջ հայտնվելով՝ այդ տարածքները լքի»,- հավելեց նա:

Այս իրավիճակում ՀՅԴ գործչի համար անհասկանալի են կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը:

«Օրինակ, այսօր ես լսում վարչապետի խոսքերը, որ անդրադառնում է հպանցիկ՝ չեմ ուզում գնահատել, բայց նաև չի կարող չնշել, որ երկար ժամանակ գազատարը խափանված է. այսինքն՝ ինչո՞ւ չպետք է գնահատվի, ինչո՞ւ չպետք է ասվի՝ դրա դեմն առնելու մեր ծրագրերը որոնք են:

Այս կրավորական պահվածքը, հանուն խաղաղության ամեն ինչ զիջելու այս մոտեցումը բերելու է նրան, որ կանգնած ենք լինելու լինելիության խնդրի առջև, և կորցնելու ենք նաև այն, ինչ ունենք:

Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն այնքան է այնտեղ խառնված, որ չի կարող վերահսկել նաև այստեղ իրավիճակը, սա նաև ինչ-որ առումով մարտահրավեր է ռուս խաղաղապահներին, բայց ես կարծում եմ՝ իրենք ունեն այնքան ներկայություն, հնարավորություններ, որ կանխեն նոր ախորժակը, որ կարող է Ադրբեջանն ունենալ՝ կախված ռուս-ուկրաինական լարվածությունից»,- եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Տեսանյութեր

Լրահոս