Արցախում իրադրության լարում ունենք․ գնահատական տալուց զերծ կմնամ․ Նիկոլ Փաշինյան

Արդեն մի քանի օր ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ է բացում Արցախի սահմանամերձ դարձած գյուղերի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ թշնամու սադրանքներին, սակայն խուսափեց որևէ գնահատական տալ։

«Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է  նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմանբ։ Այս պահին, սակայն, ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի Արցախի իշխանությունների և միջազգային մեր գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։

Փաշինյանն այս թեմայից սահուն անցում կատարեց հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, ապա՝ նաև ժողովրդավարության վերաբերյալ զեկույցին, որտեղ նաև Հայաստանին անդրադարձ կա․

««Varieties of Democracy» ինստիտուտը հրապարակել է 2022-ի ժողովրդավարության զեկույցը,  ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության  համար, որովհետև մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է ոչ թե՝ «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ որպես «ընտրական ժողովրդավարություն։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն՝ նույնիսկ 2018-ի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել՝ որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն օգտագործում է սեփական  վերարտադրությունը կազմակերպելու համար:

Այս նոր բնորոշման էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ իշխանության ձևավորման գործիք է: Եթե շատ պարզ ձևակերպենք, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ նաև 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, «բարձրագույն լիգա», իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի ․․․»։

Իսկ ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա» մուտք գործած հայաստանցիներին հիշեցնենք, որ մարտի 9-ին՝ օրվա ընթացքում, այնուհետև՝ ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել են հրադադարը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Նշենք, որ արդեն 3-րդ օրն է` Արցախի Հանրապետությունը զրկված է գազամատակարարումից։ Ինչպես տեղեկացրել էր Արցախի տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստան-Արցախ գազատարը վնասվել է, որի վերականգնմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը, ռուսական կողմը նրանց հետ բանակցություններ է սկսել։

Թշնամին օրեր առաջ կրակ էր բացել նաև Նախիջանի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 1 զոհ։

Մանրամասները՝ 168.am- տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս