«Ադրբեջանը միանգամից դրան արձագանքել է, իսկ մենք չենք տեսնում ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք». Թևան Պողոսյան
«Այսօր Արցախի Հանրապետության անվտանգությունը պահպանում են ոչ միայն ռուս խաղաղապահները, այլև Պաշտպանության բանակը։ Բացի այդ, արցախցիների սրտի ցանկությունն է՝ հումանիտար օգնություն ուղարկել Ուկրաինա, արցախցիներն այն մարդիկ են, որոնք շատ լավ են հասկանում՝ ինչ բան է պատերազմը և պատերազմի ժամանակ մենակ մնալը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին Արցախի կողմից 14 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելուն։
Ըստ Թևան Պողոսյանի՝ չպետք է նաև մոռանալ, որ այսօր Ուկրաինայում ապրող հայ համայնքը Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ-որ չափով փորձել է օգնություն ցուցաբերել Արցախին։
«Կարծում եմ՝ սա եղել է սրտի հրահանգ, որ ինչ-որ չափով օգնեն, և սա մարդասիրական գաղափարի խնդիր է, այլ ոչ թե՝ պետական մոտեցումների։ Իսկ ճանապարհը, թե ում միջոցով են այդ մարդասիրական օգնությունն ուղարկել, հասկանալի է, որ Արցախի հետ արտաքին կապին, ցավոք, ՀՀ այսօրվա իշխանությունները որևէ ձևով չեն նպաստում։ Բնականաբար, այստեղ մնում է խաղաղապահ ուժերի միջոցով այդ օգնությունը տեղ հասցնել՝ նաև որպես արտաքին խաղացող»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա ընդգծեց, որ հումանիտար օգնություն ուղարկելը մարդասիրություն է, նաև այն մոտեցումը, որ այսօր Արցախը գտնվում է համեմատաբար հանդարտ, ոչ ակտիվ ռազմական գործողությունների իրավիճակում, այդ դեպքում, եթե կա օգնելու հնարավորություն, ինչո՞ւ չօգնել։
«Գուցե այդ օգնության մի մասն էլ այնտեղ ապրող մեր հայրենակիցներին հասնի։ Շատ ուրախ եմ նաև, որ Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական իմաստով նկատվել է, քանի որ առաջինը մենք դրա մասին տեղեկացել ենք ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունից, իսկ սա նշանակում է, որ ՌԴ-ն նկատել է։
Սակայն այստեղ ամենացավալին այն է, որ Ադրբեջանը միանգամից դրան արձագանքել է, իսկ մենք չենք տեսնում ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք առ այն, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի՝ իրենք դա ցանկանան թե ոչ։ Ադրբեջանը պետք է ընկալի, որ կոնֆլիկտը լուծված չէ, և տարածաշրջանում խաղաղությունը կհաստատվի միայն Արցախի Հանրապետության ճանաչումով և տարածքների դեօկուպացիայով»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով մարտի 7-ին Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը, հումանիտար օգնությունը տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով է: