Ժամանակակից սեր. «թեյն էլ՝ մյուս անգամ»
Մեր կյանքը լիարժեք չէր լինի առանց սիրո պատմությունների՝ ոգեշնչող և ստեղծող սպասումներ, որոնք մենք փնտրում ենք սեփական հարաբերություններում: 168.am-ի՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Այս անգամ այն ներկայացնում է պատմության հերոսների թոռնիկը:
«Տատիկիս ու պապիկիս սիրո պատմությունը պարզ երևանյան պատմություն է: Նրանց միմյանց ներկայացրել է ընդհանուր ծանոթը, ով պապիկիս մորն ասել է՝ «մեր թաղում մի լավ աղջիկ կա, կրթված, գեղեցիկ, համ էլ մոր կողմը վանեցի են»: Դա մեծ դերակատարում է ունեցել. պապիկս արմատներով Վանից էր: Առաջին հանդիպմանը պապիկս գնում է մոր և քրոջ հետ՝ ծանոթանալու տատիկիս հետ: Հանդիպումը հրաշալի է անցնում: Սեղանի շուրջ նստում են, զրուցում են: Վերջում, երբ արդեն գնալու ժամանակն է գալիս, տատիկիս կողմից մեկն առաջարկում է թեյ խմել հեռանալուց առաջ, ինչին պապս պատասխանում է՝ «Թեյն էլ մյուս անգամ»: Պարզ է դառնում, որ ամեն ինչ առաջին հանդիպումով չի աարտվի: Վերջիններս ամուսնանում են և երկար ու երջանիկ կյանք ապրում»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան