«Այո, ինչո՞ւ չէ». ՔՊ-ական պատգամավորի համար սպասելի էր Նիկոլ Փաշինյանի պահվածքը

168.am-ն այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի պահվածքը, որը նա ցուցաբերեց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արդյո՞ք երկրի ղեկավարին հարիր էր բարձր ամբիոնից նման արտահայտություններ թույլ տալը:

«Ամեն անգամ ձեր հարցերն ավելի են սրացնող, էլի, ձեզ կխնդրեմ, որ հարցերի մեջ ավելացնեք այն հարցերը, թե ինչ ծրագիր ու հետագա անելիքներ ունենք, հետագա ինչ տեսլական ունենք»,- նշեց Էդգար Հակոբյանը:

Հարցին՝ սպասելի՞ էր, որ Նիկոլ Փաշինյանը նման արտահայտություններ կանի, պատգամավորը պատասխանեց. «Այո, ինչո՞ւ չէ»:

Հաջորդ հարցին՝ այսինքն՝ նման պահվածքը նորմա՞լ էր, Էդգար Հակոբյանը պատասխանեց. «Ընդդիմության պահվածքը բերում է նրան, ինչն ընդհանուր առմամբ լավ չէ: Օրինակ, ՀՀ նախագահի ընտրության հարցն ենք քննարկում, ընդդիմությունը չի մասնակցում, որը չի բխում ժողովրդի շահերից: Գիտեք, թե նախագահի ընտրության հարցը որքան կարևոր է ժողովրդի համար, ովքեր ընտրել են նաև ընդդիմությանը»:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նախապես ներկայացնելով, որ ի թիվս բազմաթիվ թանկացումների՝ Հայաստանում ապրիլի 1-ից կթանկանա նաև գազի սակագինը։ Իսկ հետո հարցրեց՝ արդյոք ունե՞ն գնահատականներ, թե ի՞նչ հետևանքներ է ունենալու գազի թանկացումը տնտեսության վրա, արդյոք Կառավարությունը քայլեր, մեխանիզմներ մշակո՞ւմ է։

Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին՝ ասելով, որ չէր պատասխանի պատգամավորի հարցին, եթե նրա հարցի մեջ չլիներ հերթական պնդումը, որ իրենք Արցախի 75 տոկոսը թողել են թշնամուն:

«Տո՛ ձեր ղեկավարության ժամանակ ինչ ա՞ եղել, եթե Սանասար էր, ինչի՞ էիք գնացել հանձնում, Մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք եք Պաշտպանության նախարար եղել, կանսերվի կոկոշներով դիրքերն ամրացնելով։ Ուրեմն ձեր չափն իմացե՛ք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, թա՛փ կտամ մատ, պետք ըլնի՝ ուրիշ բան էլ թափ կտամ․․․» ԱԺ ամբիոնից իջնելով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս