«Շփման գծում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, հատկապես Նախիջևան-Սյունիք հատվածում». Շիրազ Խաչատրյան
Ուկրաինայում ստեղծված շատ ծանր իրադրությունը հենց այդ տարածաշրջանով չի սահմանափակվելու, իսկ ՌԴ-ի թուլացման դեպքում Հարավային Կովկասում, հնարավոր է՝ ունենանք երկրորդ ճակատ: 168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը։
– Տարբեր բնույթի սպառնալիքները ոչ միայն տարածվելու են Արևելյան Եվրոպայի սահմաններում, այլ նաև Հարավային Կովկասում։ Եվ եթե հաշվի առնենք, թե Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմական օրերին ինչ դերակատարություն է փորձում ստանձնել և ինչ դիմակայություն ցույց տալ նույն Ռուսաստանին՝ Ուկրաինային տրվող ռազմական օժանդակությամբ, տեղեկատվական աջակցությամբ, տարբեր պատժամիջոցներ կիրառելու տեսքով, այսինքն, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալով, կարելի է ենթադրել, որ հարմար առիթի դեպքում Թուրքիան Հարավային Կովկասում Ռուսաստանի համար նոր անհարմարություններ կստեղծի, ինչը, բնականաբար, նոր սպառնալիքների առաջ կկանգնեցնի Հայաստանին։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե այս ընթացքում թուլանան ՌԴ դիրքերը, ապա նույնիսկ հնարավոր է՝ երկրորդ ճակատ բացվի Հարավային Կովկասում։
– Ռուս-թուրքական տանդեմից արցախյա՞ն, թե՞ հայաստանյան թևում սպասել սադրանքներ, և եթե հայաստանյան թևում, ապա ո՞ր հատվածում՝ Սյունիքի՞, Գեղարքունիքի, թե՞ նախիջևանյան թևում:
– Սադրանքների պետք է սպասել միշտ։ Մեր սահմանների առանձին հատվածներում միշտ էլ տարբեր բնույթի սադրանքներ եղել են, լոկալ մարտական բախումներ, բայց իրավիճակն այս փուլում առավել քան վտանգավոր է: Շփման գծում իրավիճակը կտրուկ կարող է փոխվել, իմ կարծիքով, հատկապես Նախիջևան-Սյունիք հատվածում։ Մեծ հաշվով, այս հակամարտությունից մենք չենք շահելու, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր իշխանություններն արտաքին քաղաքական այս բարդ իրադրության պայմաններում տարբեր ռիսկային զարգացումներին գրեթե անպատրաստ են։ Օրինակ, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսվեցին, մեր իշխանություններն այստեղ Գլխավոր շտաբի պետի, տեղակալների փոփոխությամբ էին զբաղված, ավելին՝ մինչ այս պահը ԳՇ պետ նշանակված չէ։ Այս մարդիկ ուղղակի իրավիճակին չեն տիրապետել ու չեն տիրապետում, կարծես տարբեր բնույթի սպառնալիքները կանխատեսելու, գնահատելու կարողություններ չունեն։
– Ի դեպ, ի՞նչ ընդհանրություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը արցախյան վերջին պատերազմի հետ՝ բուն ռազմական գործողությունից, մարտավարությունից՝ մինչև տեղեկատվական պատերազմ:
– Ռազմական գործողությունների ռեսուրսների, ծավալի, ռազմական տեխնիկայի, կիրառվող զինատեսակների, հեռահար հրթիռային համակարգերի, մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիայի առումով անհամեմատելի են այս ու արցախյան վերջին պատերազմի գործողությունները։
Ուկրաինայում դեռևս մարտական գործողություններն ավարտված չեն, դրա համար պատկերն ամբողջությամբ մեկնաբանելը սխալ կլինի: Բայց իրավիճակը գնահատելով արդեն մեկ շաբաթվա կտրվածքով, կարող եմ ասել, որ սցենարային առումով 44-օրյայի հետ համեմատած, իհարկե, որոշ նմանություններ կային, օրինակ, հարձակվող կողմն առաջին օրը շարքից ուղղակի դուրս հանեց պաշտպանվողի կարևոր ենթակառուցվածքները, ՀՕՊ, ՌԷՊ կայանքները և այլն: Բայց կրկնում եմ՝ այս պատերազմները տարբեր են իրենց մասշտաբով, հնարավորություններով, աշխարհաքաղաքականությամբ և այլն։ Այստեղ կամաց-կամաց տեսանելի է դառնում ավելի շատ ՆԱՏՕ-Ռուսաստան անուղղակի ընդհարումը: Մարտավարական գործողություններում, կարծում եմ, առավելությունը ռուսական կողմինն է։ Որքան էլ բազմաթիվ փորձագետներ, սովորական մարդիկ ասում են, թե ռուսական բանակը մեկ-երկու օրում պետք է ուղղակի վերցներ Ուկրաինան, դա այդքան էլ ճիշտ չէ: Բայց հետևելով զարգացումներին, անընդհատ Ուկրաինայի փոփոխվող քարտեզին, ավելի հստակ է դառնում, թե իրականում ինչ իրավիճակ է: Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմին, իմ կարծիքով, Արևմուտքի հավաքական պրոպագանդան է հաղթում, ռուսական լրատվականներին ճնշում են, սոցցանցերից հեռացրել են ռուսական մեդիաների պաշտոնական էջերը: Եվ եթե թեմաների մեջ շատ չխորացող օգտատերը հետևի այս քարոզչությանը, կհակվի դրան: Արևմուտքի տեղեկատվական ճակատը շատ մեծ է, և այստեղ ռուսական կողմը միանշանակ խնդիրներ ունի։
– Ռուս-ուկրաինական պատերազմի օրերին, ինչպես նշեցինք՝ Ադրբեջանը և Թուրքիան տեղեկատվական և ոչ տեղեկատվական հարթությունում ուկրաինական կողմի օգտին են աշխատում: Ավելին, ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ–ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասին 43 կետանոց հռչակագիր է կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է»: Այսինքն, Ադրբեջանն իր դաշնակցին՝ ՌԴ-ին, թողել է Հայաստանի աջակցության հույսով: Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ-ն նման վերաբերմունքը, Բաքվի հակառուսական ցույցերը սո՞ւր է ընդունում, հետևություններ կանի՞, և արդյո՞ք հայկական կողմը սա կարող է օգտագործել:
– Բացի ձեր նշած՝ Բաքվում տեղի ունեցած ցույցերից, երբ մշտադիտարկում ես կատարում ադրբեջանական սոցիալական ցանցերը, պարզ երևում է՝ և՛ ֆեյսբուքյան, և՛ տելեգրամյան հարթակներում, և՛ ինստագրամում ադրբեջանցիները հիմնականում ուկրաինական պրոպագանդայով են զբաղված, տարածում են ուկրաինական քարոզչություն։ Եթե հայկական կողմն այս փուլում գլխի չի ընկել, որ կարող է նման հնարավորությունն օգտագործել հօգուտ մեզ, իսկ ռուսական կողմի գլուխը, մեղմ ասած, խառն է այլ ուղղությամբ, գոնե պետք է զբաղվել նմանատիպ փաստերի հավաքագրմամբ՝ հետագայում հակաադրբեջանական քարոզչության մեջ օգտագործելու նպատակով։ Եթե, իհարկե, մեր իշխանությունները կամք և ցանկություն ունեն նմանատիպ քարոզչությամբ զբաղվելու:
– Ռուս-ուկրաինական պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց՝ երկիրը պետք է հույսը դնի միայն սեփական բանակի վրա, ինչը ենթադրում է զինված ուժերի կարողությունների զարգացում: Պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար էլ, ըստ էության, ավարտված չէ: Ուստի հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերները, հետպատերազմյան սահմանային իրավիճակը, մեզ ի՞նչ տեսակ բանակ է պետք, սպառազինության գնման հարցում ինչի՞ վրա պիտի շեշտը դրվի:
– Պատերազմից անցել է գրեթե մեկուկես տարի, բայց Զինված ուժերին քիչ թե շատ մոտ կանգնած մարդը գիտի, թե ինչ վիճակ է այնտեղ։ Խոսում են բանակում կատարվող փոփոխություններից, բարեփոխումներից և այլն, բայց տպավորություն է, որ ներկա իշխանություններն ուղղակի ժամանակ են սպառում: Նախքան բանակում կառուցվածքային, թվակազմային և այլ փոփոխություններին անցնելը, առաջնահերթ պիտի լուծվի Զինված ուժերում զինծառայողների, սպաների շրջանում բարոյահոգեբանական վիճակի բարելավման, կարգապահության, նրանց կրթական-մասնագիտական, սոցիալական երաշխիքների խնդիրը: Ինչ սպառազինությամբ էլ համալրես բանակդ, ինչի վրա շեշտը դնես, կառուցվածքային ինչ փոփոխություն էլ փորձես կատարել, եթե զորքի կրթական, մասնագիտական, մարտական պատրաստվածության հարցը չկարողանաս լուծել, կարծում եմ, անիմաստ է խոսել սպառազինության տեսակներից, և այլն։
– Ի դեպ, օրենսդրական նախագիծ է շրջանառվում, որի համաձայն՝ ԳՇ պետը պետք է դառնա ՊՆ առաջին տեղակալ: Կառավարման այս մոդելն ի՞նչ ռիսկեր է պարունակում, ի՞նչ խնդիրներ են սրանով փորձում լուծել իշխանությունները:
– Որպես հիմք՝ նշվում է, որ նման ձևով Զինված ուժերն ավելի ներդաշնակ ու համակարգված կարող են աշխատել, խոսում են ղեկավարման ուղղահայաց համակարգի բարելավման մասին, որի համաձայն՝ ԳՇ-ն ենթակա մարմին սարքելով ՊՆ կազմում, առավել արդյունավետ կգործեն, չեն լինի հակասություններ երկու կառույցների միջև և այլն։ Բայց կարծում եմ, կրկին ձևական, արհեստական փոփոխություն է, պատերազմական իրավիճակում շեշտը դրվում է որոշումների կայացման, ռազմական բաղադրիչի վրա, իսկ սրանով, կարծում եմ, քաղաքական խնդիր են լուծում ավելի շատ։