Բաժիններ՝

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը պնդում է՝ թռչունները 15 օր աղացած գարի են կերել, տնօրենի պաշտոնակատարը հակադարձում է

Կենդանաբանական այգու աշխատակիցները փետրվարի 24-ին բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:

«20 օրից ավելի է, ինչ կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է տիրում: Կենդանիների անկում է, իրականացվում է կադրային ջարդ, ու պատկան որևէ մարմնից ոչ մի բացատրություն չկա»,- լրագրողներին ասել էին նախկին աշխատողները:

Գարեգին Խլղաթյանը, ով օրերս էր աշխատանքից ազատվել, ասել է, որ եղել է  թռչունների բաժնի ավագ խնամող և բազմիցս բարձրաձայնել է, որ կենդանիները սոված են, կեր չունեն:

«Ջայլամը սատկել էր, ու ինձ ասում են՝ դու մեղավոր ես, որ ջայլամը սատկել է, դու ես թույլ տվել, որ քար կուլ տա: Դեկտեմբեր, հունվար ամիսներին կենդանիները, անգղերը միս չեն կերել: Չգիտեմ՝ կերն ուր է գնացել, բայց իմ բաժինը կեր չի ստացել, իմ կենդանիները սոված են մնացել: Միշտ բարձրաձայնել եմ, որ կեր չկա, պատասխանել են, թե՝ չունենք, կլինի՝ կտանք: Իմ թռչունները 15 օր աղացած գարի են կերել ու այն ժամանակ, երբ տուբերկուլյոզ հիվանդությունը հայտնաբերվել է իմ բաժնում: Դրանից հետո սկսել են սատկել թռչունները, ու մեղքն ուզում են գցել ինձ վրա: Ես ժողովների ժամանակ բարձրաձայնել եմ, որ հիվանդությունը կա, կեր բերեք, որ կենդանիների իմունիտետը չընկնի: Դեկտեմբերից սկսած միս չեն կերել՝ մինչև հունվարի կես, դրանից հետո միայն աղացած գարի են կերել»,- նշել էր Գարեգին Խլղաթյանը:

Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն էլ հակառակն է պնդում ու փաստեր հրապարակում:

«Թռչունները դեկտեմբեր և հունվար ամիսներին միայն աղացած գարի են կերել, դրա համար էլ սատկել են։ Կցում ենք ապացույցները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նրա հրապարակած փաստաթղթերում, սակայն, այլ պատկեր է:

Ավելին, Արևիկ Մկրտչյանը պարզել է, որ վերջին 7 տարիներին իր ջանքերով Երևանին նվիրաբերված կենդանիների մեծ մասը սատկել է:

«Անկածների թվում են՝ 3 սուրիկատ, 4 պատագոնյան մարա, 2 զեբր, 8 սկյուռակապիկ, 4 կովկասյան փասիան, 5 կենգուրու, 1 յագուար

Ընդհանուր՝ 27 գլուխ կենդանի, 7 տեսակ:

Ընդ որում՝ կենդանիներին բերել ենք եվրոպական զարգացած կենդանաբանական այգիներից՝ առողջությունը հավաստող սերտիֆիկատով: Նվիրաբերվածներից կենդանի է մնացել՝ 5 սուրիկատից՝ 2-ը, 11 սկյուռակապիկից՝ 3-ը, 1 բորենի, 4 օձ, 2 կրիա, 2 գալա կակադու, 2 զինվորական արա, 2 սև կարապ, 1 պավիան համադրիլ, 5 կատվային լեմուր, որոնցից մեկին հազիվ ենք փրկել: Նվիրաբերվածների թիվը՝ 55 գլուխ կենդանի, 16 տեսակ: Նվիրյալներ եք ասում, մասնագետներ եք ասում: Օբյեկտիվ տվյալներից եկե՛ք խոսենք»,- գրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այգու խնդիրները հասկանալու համար երկար ժամանակ է անհրաժեշտ:

«Մեր մասնագետները փաստաթղթեր են պահանջել, բայց դրանց տրամադրումն անընդհատ ինչ-որ անհիմն պատճառաբանություններով ձգձգում են: Դիմել եմ Հրաչյա Սարգսյանին, որ համապատասխան միջոցներ կիրառենք:

Թղթաբանությունը կոնկրետ կապված էր ավելի նեղ մասնագիտական խմբի հետ: Կառավարման խորհրդում կան նեղ մասնագետներ, ովքեր պահանջում էին կերակրելու ռացիոնների (կերաբաժնում) հետ կապված փաստաթղթեր, որպեսզի հասկանային, թե սննդակարգն ինչպիսի՞ն է, որ կենդանուն ինչքան պետք է տան և այլն: Շատ խառը վիճակ է, երևի խորհրդի կազմից դուրս գամ, որովհետև կազմում ընդգրկված անդամները, երբ պահը գալիս է, որ պետք է բաց նամակով դիմեն քաղաքապետին կամ ասուլիս տան՝ չեն անում: Ինչ-որ խմբեր են ստեղծում, գնում, տեղում ծանոթանում, գալիս են: Շատ խառը վիճակ է, ու ինչ-որ մեկին մեղադրելը, զգում ես, որ անազնիվ կլինի, քանի որ ինչքան խորանում ես՝ լրիվ խճճվում է»,- նշեց ավագանու անդամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս