«Համոզված եղեք, ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը». Վահագն Խաչատուրյանը՝ Արսեն Թորոսյանին

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը: ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կեղծ օրակարգ է գեներացվել, թե Խաչատուրյանը միայն իշխանությունների նախագահն է լինելու, ապա հարց ուղղեց Խաչատուրյանին․

«Դուք, ի վերջո, պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների»։

Վահագն Խաչատուրյանն էլ համոզմունք հայտնեց, թե իշխանությունը չի ուզում, որ ինքը լինի միայն նրանց նախագահը, ապա հավելեց.

«Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը։ Սահմանադրությամբ ես պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների և մի բան էլ ավելի նախագահը․․․ ՀՀ նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է՛, և ես պատրաստվում եմ այդպես էլ լինել և այդ դերում հանդես գալ, ինձ համար որևէ խոչընդոտ չկա այդ դերում հանդես գալու։ Ավելին ասեմ, միգուցե իմ թեկնածությունը դուք ընտրել եք՝ նաև հաշվի առնելով այդ հանգամանքը, ես այդպես եմ ենթադրում, իմ մեջ տեսել եք այն մարդը, որը կարող է այդ դերը կատարել և այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ նախագահի ինստիտուտը, որը համախմբող է, այդ ինստիտուտն աշխատի։ Հավատացնում եմ ձեզ, երբ այդ ինստիտուտն աշխատեց՝ նաև կպարզվի, թե ինչ մեծ անելիքներ ունի, բայց մի ուրիշ խնդիր կա, այդ ինստիտուտը մենակ չի կարող այդ խնդիրները լուծել, եթե չկա Ազգային ժողովի, Կառավարության, հասարակության, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն։

Այստեղ իմ ու քո լինել չի՛ կարող, ես այդպես եմ ընկալում և այդ ընկալումով եմ նաև ձեր առջև հանդես գալիս, դրանք միայն խոսքեր չեն, ես հավատում եմ և գիտեմ, որ միայն այդ ճանապարհով մենք կարող ենք աշխատել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս