Բաժիններ՝

«Ուր էլ որ գնաս, քո երկիրը քո մեջքն է լինելու». Նավասարդ Հակոբյան

Երիտասարդ բարիտոն Նավասարդ Հակոբյանը հանրահայտ ու սիրված ստեղծագործությունների միջոցով է բացահայտել օպերային արվեստն ու որոշել՝ օպերային երգիչ է դառնալու: Մասնագիտական ընտրություն կատարելիս չի սխալվել. տաղանդի, փայլուն մանկավարժների շնորհիվ մրցանակների է արժանացել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Վերջին հաղթանակը, որը նոր հեռանկարներ է բացել Նավասարդ Հակոբյանի առաջ, Հյուսթոն գրանդ օպերայի 34-րդ Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչների մրցույթում էր, որում նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը հյուրընկալվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Նավասարդ Հակոբյանի հետ զրուցել օպերային արվեստի, երգչի հաջողությունների և այլ հարցերի շուրջ:

-Ասում են՝ դասական արվեստը ինտելեկտուալ խավի համար է, և ոչ բոլորն են կարող այն ընկալել: Ի՞նչը գրավեց Ձեզ օպերայում: Հիշո՞ւմ եք առաջին արիաները, որոնք լսել եք:

-Որոշեցի օպերային երգիչ դառնալ, երբ 17 տարեկան էի: Մինչ այդ կարծում էի, որ բժշկությամբ եմ զբաղվելու: Հիշում եմ՝ մի առիթով Գառնիի երաժշտական դպրոցի տնօրենը հորս ասաց, որ ունեմ գեղեցիկ, հզոր ձայն: Ըստ նրա՝ ձայնս նման է Գեղամ Գրիգորյանի ձայնին, սակայն օպերային արվեստն ինձ համար բացահայտվեց համակարգչիս միջոցով, որում կային մի շարք հայտնի գործերի «մինուսներ»: Շատ տպավորվեցի, երբ լսեցի «O sole mio», «Nessun dorma», «Caro mio ben» ստեղծագործությունները: Առաջին նոտաներից սիրեցի այդ երգերն ու հասկացա, որ պետք է երաժշտական ուղղությամբ առաջ գնալ: Երգի պետական թատրոնում փոփ ժանրով էի հետաքրքրված, հետո տեղափոխվեցի ժողովրդական երգի բաժին: Պարզ էր, որ այն ևս իմը չէ: Գիտեի, որ պետք է երգել, բայց ժանրը հստակ չէր: Վերոնշյալ ստեղծագործությունները բացահայտելուց հետո գիշեր-ցերեկ օպերային գործեր էի լսում ու անընդհատ նորանոր բացահայտումներ անում: 18 տարեկանում ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարան:

-Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար եք: Ինչպե՞ս հայտնվեցինք այդտեղ: Ի՞նչ հեռանկարներ Ձեր առաջ բացեց ծրագիրը:

-Կոնսերվատորիայում երեք տարի սովորելուց հետո դասախոսս ինձ ասաց, որ արդեն կարող եմ ուժերս փորձել օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրում, որի ղեկավարն է Լևոն Ջավադյանը: Երբ Ջավադյանը եկավ ինձ լսելու, հենց այդ օրն ասաց, որ կա համերգ ու առաջարկեց մասնակցել: Երգեցի համերգին ու հաջորդ օրվանից ընդգրկվեցի ծրագրում: 2019-ին արժանացա ՀՀ նախագահի մրցանակի «Լավագույն դասական երգեցողություն» անվանակարգում: Այդպես սկսվեցին մեր հաջողությունները: Մրցույթների մասնակցեցի Ռուսաստանում, հետո Բուլղարիայում, Պորտուգալիայում և այլ երկրներում:

-Մրցույթներին, երբ լսում եք այլ երգիչների կատարումները, որոնք Ձեզ տպավորում են, ի՞նչ հույզեր եք ունենում. նախանձ կա՞:

-Մրցույթներն ինձ համար շատ մեծ դպրոց են: Ամեն անգամ այս կամ այն մրցույթին մասնակցությունից անցնում է մի քանի ամիս, և դու հասկանում ես, թե որքան ես աճել: Մրցույթների մասնակցելիս աշխատում եմ ոչ ոքի կատարումը չլսել, երգում եմ ու գնում:

-Ինչո՞ւ:

-Չեմ կարող ասել: Հավանաբար, այդպես ավելի հեշտ է կենտրոնանալը:

-Երբ բեմում եք, Ձեզ համար առաջնային է տեխնիկապես փայլուն ներկայանա՞լը, թե՞ հույզերը լիարժեք փոխանցելը:

-Կոնսերվատորիան չորս տարի բակալավրիատում սովորելու հնարավորություն է ընձեռում: Այդ ընթացքում պետք է հասցնել երգչից վերածվել արտիստի, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Չես կարող պարզապես լավ երգել, պետք է լինի կերպար, հույզ, ապրում: Ուրախ եմ, որ հայտնվեցի Երիտասարդական ծրագրում, որն ինձ կոփեց, օպերային թատրոնի բեմում կանգնելու հնարավորություն տվեց: Առաջին անգամ նվագախմբի նվագակցությամբ երգել եմ, երբ նոր էի 20 տարեկան դարձել, իսկ դա շատ կարևոր է:

-Ձեզ համեմատել են Գեղամ Գրիգորյանի հետ: Հայ օպերային արվեստում ի՞նչ այլ արտիստներ կան, որոնք Ձեզ համար բացարձակ արժեք են:

-Մեր բոլոր արտիստներն են ինձ համար այդպիսին: Բազմաթիվ հայ օպերային երգիչներ ելույթ են ունենում աշխարհի լավագույն բեմերում ու շատ բարձր են պահում մեր ազգի պատիվը: Հպարտ եմ նրանցով: Առհասարակ, յուրաքանչյուր օպերային արտիստ իրեն պատկերացնում է լավագույն բեմերում: Իհարկե, շատ կարևոր է, թե որ երկրից ես: Կարծում եմ՝ ուր էլ որ գնաս, քո երկիրը քո մեջքն է լինելու: Դու քո երկրում ես ամուր կանգնելու: Եթե մի երկրից մյուսը գնաս, ամբողջ կյանքում ապրես արտասահմանում, միևնույն է՝ մնալու ես հայ ու վաղ թե ուշ վերադառնալու ես քո երկիր: Երբեք պետք չէ կորցնել կապը երկրի հետ, բայց նաև պետք է շրջել ամբողջ աշխարհում ու հանդես գալ բազմաթիվ դերերգերով:

-Արտիստները միշտ երազում են այս կամ այն դերի, դերերգի մասին: Հանդիպում են արդեն հասուն դերասաններ, որոնք խոստովանում են, որ ամբողջ կյանքում ցանկացել են մարմնավորել այս կամ այն կերպարը, բայց չի հաջողվել: Կա՞ն դերերգեր, որոնց մասին Դուք եք երազում:

-Դեռ նոր եմ քայլեր անում օպերային արվեստում և ունեցել եմ մի քանի դերերգ: Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում Անտոնիոյի դերերգը. դա իմ առաջին քայլն էր օպերային թատրոնում, հետո հանդես եմ եկել Սիլվիոյի դերերգով «Պայացներ» օպերայում, այնուհետև՝ Ժերմոնի դերերգով «Լա տրավիատա» օպերայում: Վերջերս օպերային թատրոնում առաջախաղ էր. համերգային կատարմամբ ներկայացրինք Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերան, այնտեղ մարմնավորում էի Բելկորոյին:

-Բոլորիս կյանքում էլ մեծ դերակատարություն են ունենում մեր մանկավարժները: Ի՞նչ խորհուրդներ են Ձեր տվել Ձեր վարպետները:

-Կապ եմ պահպանում Սվետլանա Կոլոսարյանի հետ, մինչ օրս նրանից բազմաթիվ խորհուրդներ եմ հարցնում ոչ միայն երաժշտության, այլև կյանքի վերաբերյալ, ինձ խորհուրդներով օգնում է նաև Լևոն Ջավադյանը, որի հետ մի քանի տարի է՝ աշխատում ենք: Առավոտյան գնում էի կոնսերվատորիա, պարապում Սվետլանա Կոլոսարյանի մոտ, հետո՝ օպերային թատրոն ու պարապում Լևոն Ջավադյանի հետ: Այդպես եղել է երկու տարի, ու մենք հասել ենք այն արդյունքին, որն ունենք: Առանց նրանց դպրոցի դա անհնար կլիներ, որովհետև յուրաքանչյուր հաջողության ակունքներում թիմ է: Միայնակ չես կարող հասնել որևէ բանի:

– Վերջերս առաջին տեղը զբաղեցրիք Հյուսթոն գրանդ օպերայի մրցույթում՝ բոլորիս համար հպարտության առիթ ստեղծելով: Հաղթանակն ի՞նչ տվեց Ձեզ: Համերգների, ձայնագրությունների առաջարկներ եղա՞ն:

-Մրցույթից հետո եղել են բազմաթիվ առաջարկներ, հրավերներ: Առաջարկել են 2022 թվականի օգոստոսից անդամակցել Հյուսթոն գրանդ օպերայի ստուդիային: Կան դերերգեր, որոնցով այնտեղ հանդես եմ գալու ընթացիկ թատերաշրջանում: Իսկ հաղթանակից հետո ստացած մրցանակային գումարն ուղղելու եմ իմ կարիերայի զարգացմանը: Կան նաև այլ առաջարկներ, որոնց մասին դեռ կխոսեմ: Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք այս տարիներին իմ կողքին են եղել, օգնել են ինձ: Նրանց խոսքերը շատ եմ կարևորում և գնահատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս