Դահուկասպորտի զարգացող պետությունների գավաթին կմասնակցեն Լիբանանի և Սերբիայի մարզիկները
Հայաստանն արդեն երրորդ անգամ կընդունի դահուկասպորտի Զարգացող պետությունների գավաթի խաղարկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
«Մեզ բախտ է վիճակվել երրորդ անգամ Հայաստանում ընդունել Զարգացող պետությունների գավաթ խաղարկությունը: Այս մրցաշարերով մենք ճանաչում ենք բերում մեր ենթակառուցվածքներին, ինչպես օրինակ Աշոցքում առկա պայմաններին, ինչպես նաև այս ձևում մրցակցություն ենք ապահովվում մեր մարզիկների համար»,-ասաց նա:
Սարգսյանն առանձնացրեց, որ այս տարի առաջին անգամ այս մրցաշարի համար Հայաստան կժամանեն Լիբանանի և Սերբիայի դահուկորդները` գավաթի խաղարկությանը ընդհանուր առմամբ մասնակցում է 3 պետություն:
«Նմանատիպ միջազգայն մրցաշարերը հետագա համագործակցության համար լավ հենք են»,-ասաց նա:
Զարգացող երկրների դահուկավազքի գավաթի խաղարկությունները երեք տեսակի են` լեռնադահուկ, դահուկավազք և սնոուբորդ:
Հայաստանն առաջին անգամ Զարգացող պետությունների գավաթի խաղարկությունն ընդունել էր 2016 թվականին (դահուկավազք), իսկ երկրորդը` 2019 թվականին (լեռնադահուկ): Մրցաշարին կմասնակցի մոտ 40 մարզիկ: