Չեք ուզում՝ հելեք, ռադ եղեք․ Ահազանգում են, որ Խաչատուր Սուքիասյանն ամեն վեց ամիսը մեկ բարձրացնում է տոնավաճառի տաղավարների վարձակալության գները․ PressTime.am

ՀՀ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում։ Դեռ 90-ականներից սեփական բիզնեսներն ունեցող Սուքիասյանը մինչ օրս պնդում է՝ ես օլիգարխ չեմ, 2005 թվականից գործարարությամբ չեմ զբաղվում։ Չնայած այս պնդումներին՝ վերջինս ամեն օր այցելում է իրեն պատկանող «Երևան տոնավաճառ» և հրահանգներ տալիս աշխատողներին։ Հենց տոնավաճառում էլ Սուքիասյանի նոր որոշումը բողոքի ալիք է բարձրացրել առևտրականների մեջ։ Նրանց պնդմամբ, Սուքիասյանն ամեն վեց ամիսը մեկ բարձրացնում է տոնավաճառի տաղավարների վարձակալության գները։

«Սկզբում վճարում էինք 4000 դրամ մեկ քառակուսու համար, հետո դարձրեց ութ հազար, հետո՝ տաս, իսկ հիմա մինչև 15 հազար դրամ հասցրել է։ Մարդ կա իր տաղավարի համար 12000 է վճարում, մարդ էլ կա նույն տաղավարի համար հազար դրամ ավելի է վճարում։ Հարցին, թե որն է տարբերությունը, որ այն մեկն ավելի քիչ է տալիս՝ պատասխան չկա։ Իսկ բողոքողներին էլ ասում է՝ «Չեք ուզում՝ հելեք ռադ եղեք շուկայից»»,-այս մասին PressTime.am-ի հետ զրույցում ասաց մեզ ահազանգած անձնավորությունը, ում խնդրանքով իր ինքնությունը գաղտնի ենք պահում։

Այսօր առևտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել, տոնավաճառում քաոս էր։ Հրաժարվում էին աշխատել մինչև հարցին լուծում տալը։

Ստացվում է, Սուքիասյանը, ով հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, չի կատարում իր թիմի նախընտրական քարոզարշավի խոստումներն ու մարդկանց մատնում է սովի ու անճարության, կամ էլ իր քաղաքական լիդերի օրինակով՝ ժողովրդավարություն եզրույթը «չի ընկալել»։

Դեռևս 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով վստահեցնում էր, որ օլիգարխիան Հայաստանից վերանալու է, որ օլիգարխը չի կարողանալու զբաղվել քաղաքականությամբ, բայց, արի ու տես, որ Խաչատուր Սուքիասյանը երկուսն էլ համատեղում է։ Որպեսզի հասկանանք, թե ինչ ունեցվածքի տեր է ՔՊ-ական պատգամավորը՝ ձեզ ենք ներկայացնում վերջինիս պատկանող սեփականությունները․ «Սիլ կոնցեռն»։ Այս կոնցեռնի մեջ է մտնում «Նարեկ» ՍՊԸ-ն, «Ռոսիա» առևտրի կենտրոնն ու դրա հարևանությամբ գտնվող «Ռոսիա մոլլ» -ը։ Ի դեպ, «Ռոսիա մոլլ»-ի անմիջապես հարևանությամբ կատարվող շինարարական աշխատանքների արդյունքում Սուքիասյանը ևս մեկով ավելացնելու է իր բիզնեսների ցանկը։ Խաչատուր Սուքիասյանին է պատկանում «Հայէկոնոմ բանկը», «Սիլ ինշուրանս» ապահովագրական կազմակերպությունը, «Սպորտ թայմ» ՍՊԸ-ն։ Ի դեպ, «Սպորտ թայմ»-ը Հայաստան է ներկրում Adidas, Reebok ընկերությունների սպորտային արտադրանքները։

ՔՊ-ական պատգամավորը Գերմանիայում ևս ունի իր բիզնեսը՝ inLOBBY ընկերությունը, որը զբաղվում է հյուրանոցային համարների առցանց ամրագրմամբ։ Նրան է պատկանում «Pizza di Roma»,-ն, «Սիլ-մաազա» ՍՊԸ-ն, որն արտադրում է «Մազա» հյութերը, «Ռան Օիլ» ընկրությունը։

Վերջերս էլ այս շարքը համալրեց Fly one ավիաընկերությունը, որը սակայն աչքի ընկավ մի շարք խնդիրներով և դարձավ սկանդալների հիմք։

Եվ սրանք դեռ այն ամենն էին, ինչը հաջողվեց մեզ պարզել։ Հարց է, թե դեռ ինչեր ունի «համեստ պատգամավորը»։

Տեսանյութեր

Լրահոս