Հիմա մոտենում է Երրորդ համաշխարհային պատերազմը, և մենք պետք է պատրաստ լինենք՝ չկրկնելու այն սխալները, որոնք արեցինք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. Հարություն Մեսրոբյան
«Մոտենում ենք Երրորդ համաշխարհային պատերազմին: Կլինի՞, թե՞ ոչ՝ դա այլ հարց է, բայց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ունեցանք շատ վտանգավոր ժամանակահատված: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թվականին եղավ Հայոց ցեղասպանությունը»,- «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, որ աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների ժամանակ այս տարածաշրջանը դառնում է աշխարհի վտանգավոր տարածաշրջաններից մեկը:
«Ցավոք, Առաջին համաշխարհային պատերազմից մենք չկարողացանք խուսափել առանց ահռելի կորուստների: Երկրորդի ժամանակ 1941,1942 և 1943թթ. օրեր էր մնում, որ թուրքական բանակն անցներ սահմանը և հարձակվեր Հայաստանի վրա: Այդ տարիներին, բարեբախտաբար, խուսափեցինք ողբերգություններից: Հիմա մոտենում է Երրորդ համաշխարհային պատերազմը, և մենք պետք է պատրաստ լինենք՝ չկրկնելու այն սխալները, որոնք արեցինք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: 2020 թվականին եղավ փորձ՝ Բելառուսը պոկել Ռուսաստանից, իսկ 2022 թվականի հունվարին՝ Ղազախստանը: Եվ 2021թ. դեկտեմբերի 15-ից ՌԴ-ն կտրուկ կոշտացրեց իր դիրքորոշումը: Ռուսաստանը զգաց, որ գնում է իր ֆիզիկական ոչնչացման պայքարը: Թուրքիան և Ադրբեջանն օգտվելու են այս իրավիճակից՝ ի հաշիվ Հայաստանի»,- նշեց նա:
Կառավարման փորձագետն ընդգծեց՝ Արցախի հիմնախնդիրը, դժբախտաբար, հիմա ստվերված է: