ԿԲ-ն տատանումները դիտարկում է գնաճի վրա հնարավոր ազդեցությունների տեսանկյունից. ԿԲ-ից պարզաբանում են

168.am-ը ժամեր առաջ տեղեկացրել էր, որ Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլին գահավիժում է. ռուբլու առքի նվազագույն գինը 12:00-ի դրությամբ 2.50 դրամ էր, վաճառքինը՝ 5.30 դրամ:

15:00-ի դրությամբ՝ ռուբլու փոխարժեքն արդեն գրանցել է նոր բացասական ռեկորդ. առքի նվազագույն գինը 2 դրամ է, վաճառքը՝ 5.11:

Կենտրոնական բանկից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գործիքներ է կիրառում ԿԲ-ն՝ ՀՀ-ում ռուբլու արժեզրկման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու ուղղությամբ:

Մեր հարցման մեջ նկատի էինք ունեցել հատկապես այն հանգամանքը, որ 2021 թ. տվյալներով՝ Հայաստան դրամական փոխանցումների 41%-ը Ռուսաստանից է կատարվել:

Կենտրոնական բանկից մեզ վստահեցրին.

«Կենտրոնական բանկը հետևում է իրադարձությունների զարգացմանը և առաջին հերթին դիտարկում է տվյալ տատանումները գնաճի վրա հնարավոր ազդեցությունների տեսանկյունից ու պատրաստ է իր գործիքակազմով արձագանքել՝ գների կայունության նպատակի ապահովման համար:

Գնաճի կարգավորման գործիքակազմը նախևառաջ ներառում է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կարող է կիրառել ֆինանսական շուկայի կարգավորման տարբեր գործիքներ՝ շուկայի բնականոն գործունեության և կայունության ապահովման համար»:

Տեսանյութեր

Լրահոս