«Սա նաև հուշում է հայկական կողմին, որ թշնամու աչքով «խաղաղության դարաշրջանը» հնարավոր է միայն հայկական շահի հաշվին և դրա ոտնահարմամբ»

Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օգտվելով առիթից, որ աշխարհը զբաղված է Ուկրաինա֊Ռուսաստան հակամարտությունով՝ Ադրբեջանը նորից անցել է հայերի էթնիկ զտման իր տասնամյակների քաղաքականությանը։

Արցախի Խրամորթ գյուղում ադրբեջանական սպառնալիքները՝ գյուղը լքելու վերաբերյալ, ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման հերթական գործողությունը, ինչն ուղղակիորեն ցեղասպան քաղաքականության շարունակության մասին է փաստում։ Իսկ Խրամորթի և ամբողջ Արցախի հայերն անսասան են իրենց կամքում՝ մնալ և արարել Հայոց հողի վրա։

Սա նաև հուշում է հայկական կողմին, որ թշնամու աչքով «խաղաղության դարաշրջանը» հնարավոր է միայն հայկական շահի հաշվին և դրա ոտնահարմամբ։

Սա նաև մարտահրավեր է ռուսական խաղաղապահ ուժերին և հերթական հակառուսական քայլը՝ հաշվի առնելով նաև այն, որ նախօրեին ադրբեջանական պատվիրակությունը խուսափել է Եվրոպայի Խորհրդում ռուսական կողմին աջակցության բոլոր ակտիվ և պասիվ քայլերից։ Եվ սա այն պայմաններում, երբ մի քանի օր առաջ ՌԴ֊ի հետ կնքել է ռազմավարական համագործակցության համաձայնագիր։

Հույս ունեմ՝ մեր արտաքին քաղաքականության գործիչները կկարողանան օգտագործել տրված հնարավորությունները՝ հայկական շահն առաջ տանելու և հույզերից ու պատրանքներից դուրս գործողություններ ծրագրելու համար…»։

Տեսանյութեր

Լրահոս