Ռուսաստանի գործողությունը դեպի Կիև նման է 2003թ. ԱՄՆ գործողությանը դեպի Բաղդադ. Խրամչիխին

«Ռազմական գործողությունների նպատակը գլխավորապես մայրաքաղաքը՝ Կիևը, գրավելն է, պետկառավարումը քանդելն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ռուսական ռազմական օպերացիային Ուկրաինայում, որը ներկայումս կենտրոնացել է Կիև ներխուժելու խնդրի շուրջ:

Նա բացատրեց օպերացիայի տրամաբանությունը՝ ասելով, թե նախօրեին դեռևս պատկերն իր համար լիարժեք չէր, քանի որ դատելով գործողություններից՝ հստակ չէր այն համոզմունքը, որ ռուսական ուժերը մոտենում են Կիևին: Սակայն, նրա խոսքով՝ այսօր առավոտյան իր համար պարզ դարձավ, որ ռազմական գործողությունների նպատակը գլխավորապես մայրաքաղաքը՝ Կիևը, գրավելը, պետկառավարումը քանդելն է:

«Ամեն ինչ անտեսելով, ոչ ամեն ինչ գրավելով՝ գնում ենք դեպի մայրաքաղաք, ի դեպ, չեղավ օդային և ցամաքային գործողությունների միջև ընդմիջում: Սա 2003 թվականի Իրաքյան գործողությունների դասական օրինակ է: Հիշեցնեմ, որ 2003 թվականին ամերիկացիները Բաղդադի վրա հարձակվում էին ընդամենը երկու դիվիզիայով, թեև կար մեկ այլ անգլիական դիվիզիա, մեր դեպքում դա ժողովրդական հանրապետությունների կորպուսներն են: Սրա տրամաբանությունը՝ մայրաքաղաքում հաստատվել, ջախջախել հակառակորդի պաշտպանության փոխկապակցվածությունը, որի հետևանքով այլ տեղերն ինքնաբերաբար ընկնում են: Այս սխեմայով ամերիկացիները հարցը լուծեցին 2 շաբաթում, մենք երկրորդ օրվա ընթացքում ենք մոտենում, սակայն, թե որքանով կհաջողվի նույն կերպ իրականացնել այս օպերացիան՝ ցույց կտա ժամանակը»,- ասաց Խրամչիխինը՝ շարունակելով, որ քաղաքը գրավելու ստրատեգիաներ ևս կան, որից ևս էականորեն կախված է ելքը: Ամեն դեպքում, նրա խոսքով, ամերիկական փորձի համաձայն, երբ Բաղդադը գրավվեց, մյուս քաղաքները սկսեցին հերթով ընկնել, բայց այդ քաղաքները ամերիկացիները շրջանցել էին:

Նա նշեց, որ սրանով Ռուսաստանը քաղաքական մեծ խնդիրներ է լուծում, որի մասին ՌԴ նախագահից ավելի մանրամասն հնարավոր չէ խոսել: Սակայն, նրա համոզմամբ, այսքան պայքարից, փորձերից հետո՝ վերածել Ուկրաինան բարեկամական երկրի, պետք է հասկանալ, որ անկախ Ուկրաինան ցույց է տվել, որ շատ շուտ դառնալու է ռուսաֆոբ Ուկրաինա:

«Թե ինչպես կընթանան զարգացումները՝ դժվար է ասել, ինչ կլինի Արևմտյան Ուկրաինայի հետ՝ բարդ է ասել, Արևմուտքը դեռ արձագանքում է»,- ասաց նա:

Հարցին, թե այս ֆոնին Հարավային Կովկասում հնարավո՞ր է ռազմական էսկալացիա, Խրամչիխինը պատասխանեց, որ ինչպես ավելի վաղ էր ասում, ցանկացած չկարգավորված խնդիր նման էսկալացիայի համար բարենպաստ պայման է:

«Բայց կարծում եմ, որ պատահական չէր, որ այս ամենից առաջ ՌԴ նախագահը բանակցություններ ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ, կապ եղավ նաև հայկական կողմի հետ: Կարծում եմ՝ չպետք է անակնկալներ լինեն, դա շատ անցանկալի սցենար է, թեև սա երևի թե հաշվարկված թեմա է, և կրկնեմ՝ պատահական չէին շփումները մինչ այս ամենը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս