
«Ընդամենը 2017թ․՝ նույն հանձնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ պարունակվում էր կոչ ԵՄ անդամ երկրներին՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը»

Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ուկրաինական թեմայից շեղեմ ձեզ․․․
Մինչ մեզ փորձում են համոզել, որ Թուրքիայի հետ Հայաստանի իշխանությունների երկխոսությունն ընթանում է առանց նախապայմանների, Հայոց ցեղասպանության ճանաչման թեման դուրս է մղվում աշխարհի հետ մեր երկխոսության օրակարգից:
Փետրվարի 24-ին Երևանում ընդունվեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի ու Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը:
Դրանում նշվում է՝ «Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու վերջերս սկսված ջանքերը նույնպես մեր մեծ աջակցությունն են վայելում, քանի որ դրանց հաջողությունը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանային տնտեսական զարգացման և կայունության համար»:
Եվ ոչ մի խոսք Ցեղասպանության ճանաչման մասին:
Իսկ ընդամենը 2017թ-ին՝ նույն հանձնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ պարունակվում էր կոչ ԵՄ անդամ երկրներին՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը:
Հ.Գ. Ի դեպ, երեկ կայացավ հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպումը, և մինչ այս պահը որևէ իրական տեղեկատվություն չկա հանդիպման մասին, բացի «առանց նախապայմանների» շեշտադրմամբ ֆորմալ հաղորդագրությունը»: