Աղոթքը մեր մարդ մնալու պայքարն է
Չնայած որ աղոթը շնորհ է, պահանջում է նաև ջանք: Մեր աղոթքներն Աստծո կամքը չեն կարող փոխել, բայց կարող են փոխել մեր կյանքն՝ Աստծո կամքի համաձայն:
Ես հիշում եմ, որ փոքր տարիքում հաճախ էի աղոթում, և մեծ էր վստահությունը, որ Աստված լսում է ինձ: Ճեմարանում աղոթական կյանքը դարձավ մեր առօրյա կարգուկանոնի մի մաս: Զանգը հնչում էր, ու շտապում էինք ժամերգության, դասը սկսելուց առաջ՝ աղոթք, քնելուց առաջ՝ աղոթք: Այստեղ ամեն բան ավելի խիստ էր: Նույնիսկ այդ խստության մեջ ակնհայտ էր Աստծո սերը, մանավանդ՝ Սուրբ Պատարագների ժամանակ: Սակայն կար ներքին պայքար, որ այդ աղոթքները չդառնան սովորական ու մեխանիկական: Սակայն ընդհանրական աղոթքի ժամանակ, երբ քո ընկերը կողքիդ աղոթում էր նաև քեզ համար, օգնում էր այդ «սովորականը» հաղթահարել: Աղոթքը երբեք սովորական չի դառնում, երբ քո կողքինը սիրով ու հոգատարությամբ աղոթում է նաև քեզ համար: Սիրո մեջ ամեն ինչ նոր է, ինչը ենթադրում է պայքար:
Նույնիսկ այն դեպքում, երբ աղոթքը դառնում էր պարտականություն, չէինք կորցնում հույսը, որ Աստված մեզ լսում է և կօգնի մեզ էլ՝ լսելու մեր աղոթքը: Այդ դեպքում մենք նման էինք երեխայի, ով ուզում է խոսել, բայց բառապաշարը չի բավարարում:
Երբեմն լինում է, որ աղոթում ես ու վստահ չես, որ Աստված լսում է, ու մեղադրում ես ինքդ քեզ: Աղոթքի մեջ կարևոր չէ՝ դու մեղավոր ես, թե ոչ, առաջին հերթին կարևոր է՝ ինչպես են հարաբերություններդ Աստծո հետ: Աստված և մարդ տարբեր են, ու այդ հարաբերության մեջ առկա դժվարությունները բնական են: Փոխհարաբերությունների մեջ առկա խնդիրները դյուրությամբ չեն լուծվում: Հասկանալի է, մենք անարաժան ենք, բայց միայն անարժանության զգացումը չի օգնի հարաբերություն կառուցել Աստծո հետ: Մանավանդ, որ Աստված չի նայում մեր անարժանությանը, այլ մեր ձգտումին՝ Իր հետ հաշտվելու ու կատարելության ձգտելու: Եթե ցանկանում ենք հաշտվել և անկեղծ հարաբերություն կառուցել Աստծո հետ, կարևոր են մեր մեջ նոր որակների բացահայտումը: Այստեղ ջա՛նք է պետք:
Աղոթքը պայքար է, ու ոչ միայն աղոթքը, սերը, հոգածությունը, Աստծո պատգամները պահելը…: «Ինչպե՞ս սովորել աղոթել»,- հաճախ էի հարցնում ու հստակ պատասխան չստանալով՝ պարզապես աղոթում էի:
Աստված համբերատար է, բայց մենք էլ պիտի Իր հանդեպ լինենք համբերատար: Օրինակ՝ անհետաքրքիր է շփվել այն մարդու հետ, ով քեզ հետ խոսում է ցածր ձայնով կամ պարզապես չի խսում: Աստծո պարագային կարևոր է, որ Նրա լռությունը գնահատենք, Աստված իրավունք ունի չպատասխանելու, իսկ ես իրավունք չունեմ չաղոթելու, քանի որ աղոթքն իմ՝ մարդ լինելու պայքարն է:
Աղոթքի ժամանակ պետք չէ կտրվել իրականությունից: Հակառակը, կարևոր է հասկանալ, որ աղոթքի միջոցով Աստված հայտնվում է մեր կյանքում: Մենք Աստծուն ենք ներկայացնում մեր բոլոր խնդրները, դժվարությունները և հայցում, որ Տերը օգնի այլ հայացքով նայելու այդ ամենին:
Աղոթելու համար կարևոր է նաև ժամանակը: Եթե մի բան փորձում ես անել ու ցանկանում, որ լավ ստացվի, ապա պետք է օրվա մեջ հստակ ժամանակ տրամադրել և աշխատել ինքդ քեզ վրա: Աղոթքն էլ հոգևոր աշխատանք է, որի համար կարևոր է ժամանակը: Երբ մենք առողջ ենք, ամեն բան լավ է մեր կյանքում, միշտ զբաղված ենք առօրյա հոգսերով: Իսկ երբ դժվարությունների մեջ ենք, հիշում ենք Աստծուն: Հենց այդ ժամանակ ենք հասկանում, որ կյանքում գլխավորը ես չեմ, այլ՝ Աստված: