Ստիպված դաշնակցություն Ռուսաստանի հետ․ ինչպե՞ս են դիրքավորվել Փաշինյանն ու Միրզոյանն ուկրաինական ճգնաժամի հարցում

Անվտանգության երաշխիքների՝ ռուսական պահանջների շուրջ տարեսկզբից սկսված Ռուսաստան-հավաքական Արևմուտք բանակցությունների տապալման ֆոնին սրվել է իրավիճակը Դոնբասում։

Չնայած հունվարի 12-ից Ռուսաստանն աննախադեպ թվով դիվանագիտական պատվիրակություններ է ընդունել հիմնականում եվրոպական երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Հունաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, լարումից խուսափել չի հաջողվում։ Ի դեպ, փետրվարի 15-ին տեղի էր ունեցել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց, որի վերաբերյալ կարճ հաղորդագրություն էր տարածել ՌԴ ԱԳՆ-ն, իսկ հաջորդ օրը կայացել էր Լավրով-Բայրամով զրույց, որի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ կայքում առկա հաղորդագրությունը բովանդակությամբ ու շեշտադրումներով հարուստ էր, էապես տարբերվող Միրզոյանի հետ զրույցի հաղորդագրությունից, որը բնութագրում է ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների բնույթը։

Ռուսական կողմի համաձայն՝ Դոնեցկից և Լուգանսկից հայտնում են Ուկրաինայից վերջին ամիսների ամենաակտիվ գնդակոծությունների մասին, որի հետևանքով վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակիչները տարհանվում են Ռուսաստան, Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Դեպի Ռուսաստան է էվակուացվել Դոնբասի շուրջ 36 հազար բնակիչ։

Ռուսական փորձագիտական համայնքի համաձայն՝ Կիևը չի ցանկանում կատարել Մինսկի համաձայնությունները, իսկ Արևմուտքը՝ բանակցել Ռուսաստանի հետ։ Արևմտյան վարկածի համաձայն՝ Ռուսաստանը պատրաստվում էր հարձակվել Ուկրաինայի վրա դեռևս փետրվարի 16-ին։ Սակայն արևմտյան այս կանխատեսումը չիրականացավ։ Այնուամենայնիվ նախօրեին Սպիտակ տանն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի մասին՝ ասելով․ «Պուտինն արդեն որոշել է հարձակվել Ուկրաինայի վրա»:

Միաժամանակ նա ասել է, որ դեռ գոյություն ունի խնդիրը դիվանագիտական եղանակով լուծելու հնարավորություն:

Այդ առումով Բայդենն ասել է, որ փետրվարի 24-ին Եվրոպայում կհանդիպեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը, «պայմանով, որ մինչ այդ պատերազմ չի սկսվի»:

Կիևը հատկապես տարեսկզբից ակտիվ սպառազինվել է արևմտյան երկրների կողմից, թեև հնարավոր պատերազմի դեպքում արևմտյան ղեկավարներ ու դիվանագետներ հայտարարել են, որ տեղում որևէ գործողության չեն դիմելու, Կիևը նաև հայտարարում է օկուպացված տարածքները ետ բերելու ծրագրերի մասին։ Իր հերթին՝ ՌԴ-ն հունվարից 150 հազարանոց ուժեր է կենտրոնացրել ռուս-ուկրաինական սահմանին և համատեղ զորավարժություններ է իրականացնում Բելառուսի հետ։

Այսօր Ռուսաստանը պլանային ուսումնական զորավարժություններ է սկսել միջուկային եռյակի ուժերի մասնակցությամբ։ Միջուկային եռյակը ներառում է ռազմավարական ավիացիա, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և սուզանավային հրթիռակիրներ։ «Փետրվարի 19-ին ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վ. Վ. Պուտինի գլխավորությամբ կանցկացվի ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժություն, որի ընթացքում կարձակվեն բալիստիկ և թևավոր հրթիռներ»,- ասված էր ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Միջոցառումներին կներգրավվեն օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, Ռազմավարական հրթիռային ուժերը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։ Հարկ է նշել նաև, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում շարունակվում է զորքերի օպերատիվ պատրաստության լայնածավալ միջոցառումների համալիրը, որին մասնակցում են գրեթե բոլոր ռազմական շրջանները, նավատորմերը և օդադեսանտային ուժերը։ Տարեսկզբից արևմտյան մեղադրանքներին, թե Ռուսաստանը հարձակվելու է, ռուսական կողմն արձագանքել է՝ հերքելով այդ լուրերը, սակայն ՌԴ ղեկավարի մակարդակով ուղիղ հերքում ևս չի եղել, ինչը գրավում է վերլուծաբանների ուշադրությունը։ Այդ իրադրության ֆոնին ԵՄ-ն աշխարհաքաղաքական դիրքորոշումներով մասնատված է՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանին ընդառաջ հայտարարություններ է անում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ցանկանում միջնորդական դեր ստանձնել, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սպառնում է՝ Ռուսաստանը բարձր գին է վճարելու։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը ևս կոշտ հայտարարություններով են հանդես գալիս։

Այս ֆոնին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու 58-րդ անվտանգության համաժողովին, որը տարվա ամենակարևոր քաղաքական միջոցառումներից է՝ «անվտանգության Դավոսը»:

ՀՀ ԱԳՆ համաձայն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ։ Ռուսաստանը որոշել է այս տարի չմասնակցել Մյունխենի անվտանգության ամենամյա խորհրդաժողովին:

ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները 168am-ի հետ զրույցում մեկնաբանեցին այս ֆոնին ՀՀ դիրքորոշումը, Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դիրքավորումը։

Մեզ հետ զրույցում նախ ասացին, որ մասնակցությունը Մյունխենի համաժողովին առանձին չի դիտարկվում, այլ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության կոնտեքստում, որը միայն արտաքինից ներկայացվում է ռուսամետության քողի ներքո, սակայն իրականում այդպիսին չէ։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանը ցույց է տալիս, որ դա անում է ստիպված, չունի այլ ելք, այս դաշնակցությունում անկեղծությունը բացակայում է, և դա շատ լավ հասկանում են թե՛ Կրեմլը, թե՛ ԱԳՆ-ն։

«Սակայն այդ հարցը Կրեմլի ու ԱԳՆ-ի համար վերջին տեղում է, Լուկաշենկոյի բնութագրումը շատերին Հայաստանում վիրավորեց, բայց դա արտացոլում է իրերի դրությունը։ Գործընկերային հարաբերությունների դեպքում Հայաստանն աջակցություն կհայտներ Ռուսաստանին, տեսնում ենք, որ դա չկա։

Սակայն կա ընդգծված չեզոքություն, հայ-ռուսական բարձրաստիճան հեռախոսազրույցները ևս չափազանց քիչ են և հազվադեպ, թեև 44-օրյա պատերազմի օրերին հայ պաշտոնյաներն ամենօրյա կապ էին պահպանում Ռուսաստանի իշխանությունների հետ։ Ադրբեջանի նախագահն ու նախարարը ավելի հաճախ են զանգահարում, ավելի սերտ կապի մեջ են այն դեպքում, երբ Ադրբեջանի ամենասերտ գործընկերը Թուրքիան է և ոչ՝ Ռուսաստանը, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է։

Նկատվում է նաև, որ Հայաստանը ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ ևս կա։

Միևնույն ժամանակ Ռուսաստանում որևէ մեկը, հատուկ նշեմ, որ Հայաստանից մեծ ակնկալիքներ չունի Ռուսաստան-Արևմուտք ճգնաժամի շրջանակում՝ հասկանալով, որ շատ դիրքորոշումներ Հայաստանին կդնեն հարվածի տակ, սակայն կա ընդգծված չեզոք վերաբերմունք, հեռավորություն այս գոտու խնդիրներից»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նման սուր փուլերում արտաքին քաղաքական իրական վեկտորներն ավելի տեսանելի են։

Ռուսաստանյան մեր զրուցակցի խոսքով, առաջին իսկ հնարավորության և ՌԴ-ի թուլացման դեպքում Հայաստանը կհայտնվի աշխարհաքաղաքական այլ ուղու վրա։

Տեսանյութեր

Լրահոս