«Երկրի ընդդիմադիր, դժգոհ ընտրազանգվածները ավելի քան բավարար են քաղաքական փոփոխության համար». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին և քննադատներին խնդրում եմ ընկալել մեկ բան։ Խոսքս հատկապես քաղաքական գործընթացներն ու դրա բնույթը քիչ թե շատ խորությամբ ընկալող ընդդիմախոսների մասին է: Փաշինյանի խոսքի հասցեատերը դուք չեք, նա Ձեզ հետ չի խոսում, նա խոսում է իր ընտրողի հետ՝ փորձելով համապատասխանել նրանց պատկերացումներին և ձգտումներին, նրանց արժեքներին, սկզբունքներին և պահանջներին նաև իր շահերից ելնելով արմատավորել կեղծ սկզբունքներ, պսևդոարժեքներ այդ կերպ ապահովելով իր լեգիտիմության բազան և ռեսուրսը։
Մի փորձեք Փաշինյանին տեղավորել ձեր արժեքների և պատկերացումների համակարգում։ Ձեր ձգտումների արժեհամակարգում միևնույն է նա չի տեղավորվելու, քանի որ քաղաքական տեսանկյունից դուք չեք նրա աջակիցը և հենարանը։ Այս անջրպետը տևական ժամանակ է գործում է և մինչև այսօր իշխող ուժի քաղաքականության ազդեցիկության տեսանկյունից շատ էֆեկտիվ քաղաքական տեխնոլոգիա է։
Կիրառելով «ժողովուրդ» չարչրկված արտահայտությունը Փաշինյանը պետության առաջնորդին բնորոշ մոտեցմամբ և գործելաոճով ոչ միայն չի վերացնում այդ բաժանումը, այլև չի փորձում նույնիսկ տեսնել մեկ ընդհանրության մեջ այդ անջրպետի երկու կողմերում կանգնած հանրույթներին, որովհետև նրա քաղաքական շահը բացառապես սահմանափակվում է իր լեգիտիմության պահպանմամբ և անկման վերահսկելիությամբ, իսկ իր լեգիտումության բազան իր ընտրողն է:
Նույն բանը սկսել են անել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական և հանրային շերտերի որոշ ներկայացուցիչներ, փորձելով խտացնել Փաշինյանի ընտրազանգվածի «դավաճանական», «հայրենադավ» բնույթը: Այս պրոեկցիան հատկապես քարոզչական առումով հնարավոր է աշխատող է, բայց ու՞մ համար: Արդյոք ընդդիմությունը աշխատում է (կներեք կոպիտ ասեմ) քարոզչական ֆրոնտում մշակված և քաղաքական ֆրոնտ ուղարկված ընտրողի հետ: Ու՞մ հետ է աշխատում ընդդիմությունը, բացառապես ի՞ր հետ, իր համեմեմատաբար փոքր ընտրազանգվածի հե՞տ, թե՞ Փաշինյանի նախկին ընտրազանգվածի:
Հնարավոր է քարոզչական այս ընդդիմադիր վարժությունը որոշակի առումով պարսավանքի, ամոթի, հիասթափության զգացումի առումով մեկուսացնի Փաշինյանի ընտրազանգվածին նրանից, բայց այդ ընտրազանգվածը չի դադարելու նրանը լինելուց քանի դեռ քաղաքական ընդդիմադիր ֆրոնտը այդ ընտրազանգվածին իրենը չի դարձրել: Իսկ չոր առանց էմոցիաների քաղաքականությունը դա հաշվարկ է՝ ի դեմս ձայների, աջակցության և գործելու լեգիտիմության: Արդյոք այս գործելաոճով Փաշինյանից պոկված ընտրազանգվածների հետ առհասարակ տարվում է ռեալ քաղաքական և քարոզչական աշխատանք և առաջարկ: Քարոզչական առաջարկը որոշակի առումով կա և քիչ թե շատ ռեաբիլիատացիա անցնելուց հետո թափ է հավաքում: Նույնը հնարավոր չէ ասել քաղաքական առաջարկի առումով, որովետև դրա ընկալումը չկա, կամ այն դեռ պատրաստ չէ: Եթե քաղաքական առաջարկը համընթաց չի ընդանում քարոզչական աշխատանքի հետ և փոխլրացնում նրան ապա քարոզչականի էֆեկտը թուլանում է, դառնում ավտոնոմ և անիմաստ առանց վերջնական քաղաքական արդյունքի շահառուի:
P.S. Երկրի ընդդիմադիր, դժգոհ, խաբված, ապաշխարած դավաճանված և հիասթափված , օր առաջ փոփոխություն պահանջող ընտրազանգվածները ավելի քան բավարար են քաղաքական փոփոխության համար, գրագետ աշխատանքի դեպքում: Ձևավորեք բացի քարոզչական առաջարկից նաև քաղաքական առաջարկ և այս զանգվածները կկրկնապատկվեն և կեռապատկվեն»: