ՌԴ-Արևմուտք բախումն անխուսափելի է թվում․ ի՞նչ սպասել Հարավային Կովկասում․ մեկնաբանում են միջազգայնագետները
Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-հավաքական Արևմուտք տեղեկատվական և դիվանագիտական պատերազմն ամենասուր փուլում է․ անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական վերջնագրի մերժումից հետո արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ երկրները, ինչպես նաև Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Իսրայելը, իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել կամ կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան, ՌԴ-ն հայտարարում է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի կրճատման մասին, Արևմուտքը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հստակ ժամկետներ է նշում, թեև ՌԴ-ն ամենաբարձր մակարդակով հերքում է Արևմուտքից տարածվող տեղեկությունները, զուգահեռաբար շարունակվում են ամենաբարձր մակարդակով բանակցությունները ՌԴ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, ԵՄ-ի, Չինաստանի և այլ դերակատարների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Գործընթացի տեղեկատվական ու դիվանագիտական բաղադրիչի հետ մեկտեղ՝ երկու կողմում աննախադեպ քանակի ռազմական տեխնիկայի ու մարդուժի կուտակումներ կան։
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ժամեր առաջ նշել է, որ Կիևի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նախապատրաստություններն ընթանում են ամբողջ թափով, դրանք թաքցնել չի լինի։ «Բոլոր գոնե ինչ-որ չափով զինված ուժերի մարտունակ մասերը կենտրոնացած են Դոնբասի հետ սահմանին»,- նշել է նա։ «Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմակայաններից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից հարյուրավոր տոննա ռազմական տեխնիկայի և զինամթերքի զանգվածային փոխադրումներ են ընթանում։ Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերի խորհրդականների և հրահանգիչների զորակազմը։ Նույնիսկ տեղեկություններ կան ջիհադիստների բազմազգ ջոկատների հայտնվելու մասին»,- մանրամասնել է Նարիշկինը։
168․am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին փորձեց գնահատել իրավիճակը ուկրաինական հակամարտության շուրջ և մեկնաբանել հնարավոր պատերազմի հետևանքները Հարավային Կովկասի համար։
Նրա գնահատմամբ՝ իրավիճակը վտանգավոր է, բայց պայթյունավտանգ իրավիճակի զգացողությունը ձևավորվում է տեղեկատվական դաշտում։ Նրա խոսքով, հիմնական դերակատարները հակված են խնդիրը լուծել միայն ուժ ցուցադրելով, և ոչ՝ գործադրելով։
«Սակայն, միևնույն ժամանակ շատ բարդ է ասել՝ կլինի՞ արդյոք արկածախնդրություն, թե՞ ոչ, ինչո՞ւ արկածախնդրություն, քանի որ ռազմական գործողություններն Ուկրաինայի շուրջ ոչ մի կողմի և այդ թվում՝ Ռուսաստանի համար դրական ավարտ չեն ենթադրում։ Բայց փաստ է նաև, որ ամեն ինչ սկսվեց Պուտինի Մյունխենի կոնֆերանսի հայտնի ելույթից հետո, այժմ Ռուսաստանը չի համակերպվում Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի «կորստի» հետ, և եթե որոշ ժամանակ առաջ ՌԴ արտաքին քաղաքական մարտավարությունը, թվում էր՝ այլ է, ապա հիմա տրամադրվածությունն ավելի վճռական է, և հատկապես, երբ ռուսական անհավանական պահանջները Արևմուտքի կողմից մերժվել են, զորք է կուտակվել Ուկրաինայի հետ սահմանին, Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ են տեղի ունենում, դժվար է պատկերացնել, թե որն է լինելու այս ամենի շարունակությունը։
Գնդակը ռուսական դաշտում է, քանի որ Ռուսաստանին են մերժել, բայց ՌԴ-ում ևս հասկանում են իրավիճակի ողջ լրջությունը, և այս իրավիճակում շատ ռուս վերլուծաբաններ ևս դժվարանում են ասել, թե իրենց ղեկավարությունն ինչպես կփորձի դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց վերլուծաբանը։
Իրավիճակը, նրա որակմամբ, այնքանով է բարդ, որ դժվար է պատկերացնել՝ ինչպես այս իրավիճակի դիվանագիտական հանգուցալուծումը, որում Արևմուտքը և Ռուսաստանը կպահպանեն իրենց գեոպոլիտիկ «դեմքը», չվնասելով Ուկրաինային, այնպես էլ դժվար է պատկերացնել պատերազմական սցենարը, որը կարող է աշխարհի համար բացասական մեծ հետևանքներ ունենալ։
«Իրադարձությունների նմանատիպ զարգացման դեպքում սա կդառնա ցնցում ողջ աշխարհի և ոչ միայն՝ Հարավային Կովկասի համար, որը պատերազմից հետո կարծես աշխարհի հետ կապված, սակայն իր առանձին օրակարգով ու թեմաներով է «ապրում», որում առանցքային է դարձել այն, թե ինչ ընթացք կունենան հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բանակցությունները։ Եվ հաշվի առնելով, որ մեր ռեգիոնում ևս բազմաթիվ հարցերի չի հաջողվում լուծում տալ, ապա ՌԴ-Արևմուտք ապակայունացումը կարող է ապակայունացնել իրավիճակը նաև մեզ մոտ։ Ամեն սցենարի պետք է պատրաստ լինել, քանի որ աշխարհաքաղաքական լարումը չափազանց մեծ է։ Մեր տարածաշրջանում ևս պետք է պատրաստ լինել զարգացումների»,- ասաց վերլուծաբանը։
Մեզ հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասաց, որ Արևմուտքն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանի հարձակմանը քիչ է մնացել, սակայն դա, փաստորեն, ձգվում է ամսից ավելի։
«Իրավիճակն այնքան ուշագրավ է, Ռուսաստանը բացեց բանակցությունների դուռը, իսկ Արևմուտքն ըստ էության այնպես մերժեց, որպեսզի կարողանա տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա այն դեպքում, երբ ՌԴ-ն հայտարարում է, որ նման ծրագրեր չունի։ Ամերիկացիները, հատկապես Բայդենի վարչակազմը, սկսեցին աշխատել «Ռուսաստանը թշնամի է» իմիջի ամրապնդման վրա և սրանով է՛լ ավելի են դա փորձում ամրապնդել, սակայն սրանով նաև երևում է, որ Եվրոպան միասնական չէ Ռուսաստանի հետ նման կերպ վարվելու հարցում, և կան երկրներ, որոնք ակտիվ բանակցություններ են փորձում նախաձեռնել։
Մակրոնը փորձեց, հիմա Գերմանիայի կանցլեր Շոլցն է փորձում բանակցություններ վարել, մեկնեց ԱՄՆ, սպասվում է նրա այցը այլ կենտրոններ, Գերմանիան այս հարցում մեղմ դիրքորոշում է որդեգրել, և Գերմանիան միայնակ չէ այս հարցում, կարելի է նկատել, որ մի շարք առանցքներ են ձևավորվել ուկրաինական իրավիճակի շուրջ։
Լարվածություն կա, բայց ես այն կարծիքին եմ, որ հաջողվելու է խուսափել լարումից, և դրանում մեծ դեր է ունենալու Եվրոպան»,- նման կանխատեսում արեց Ռարը։
Ըստ նրա, անկախ պատերազմի սցենարից՝ ներկայիս փոփոխություններն աշխարհում երկարաժամկետ փոփոխությունների են հանգեցնելու, որոնք զգալի կլինեն նաև Հարավային Կովկասի համար։
«ՆԱՏՕ-ն ձգտում է դեպի Կովկաս ևս, և ուժերի ներկայիս վերադասավորումների արդյունքից շատ բան է կախված»,- ասաց նա։