Երևանի ամենակարևոր խնդիրների կողքին ավելացել է նաև անվտանգության հարցը. «GALLUP International»-ի հերթական հարցումը
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց 2021թ. հունվարի 24-ից փետրվարի 2-ն իրականացված «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության արդյունքները:
Արամ Նավասարդյանը հիշեցրեց, որ այս հարցումները Էմ Փի Ջի-ն շուրջ տասը տարի անցկացնում է, և մոնիտորինգային հարցերը, որոնք մշտապես եղել են, պահպանվում են: Այսպիսով, այս անգամ հեռախոսային հարցման մեթոդով հետազոտությանը մասնակցել է 800 քաղաքացի:
Այսպիսով, ըստ հետազոտության՝ վերջին մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքում փոփոխությունները լիովին դրական են գնահատել քաղաքացիների 12.3 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 45.8 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ նշել է 20.6 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 12 տոկոսը:
Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներից հարցվածների 35.8 տոկոսն առանձնացրել է հասարակական տրանսպորտի խնդիրը, 22.9 տոկոսը՝ աղբահանության խնդիրները, 17.6 տոկոսը՝ գնաճը, ինֆլյացիան, 11 տոկոսը նշել է գործազրկության խնդիրը, 9 տոկոսը՝ բնապահպանական խնդիրները, 7 տոկոսը՝ քաղաքի մաքրության խնդիրները, և 4.5 տոկոսը՝ երթևեկությանն առնչվող հարցերը (խցանումներ, կայանատեղ), և հետաքրքիր զուգադիպությամբ՝ հարցվածներին նույն չափով՝ 4.5 տոկոս, մտահոգում են անվտանգային խնդիրները:
«Ի դեպ, այս անվտանգային խնդիրն առաջ՝ մեր նախորդ տարիների ընթացքում, այդքան ցայտուն չէր»,- նկատեց Արամ Նավասարդյանը:
Ի թիվս քաղաքապետարանի կողմից իրականացված դրական փոփոխությունների՝ քաղաքացիները նշել են աղբահանության կազմակերպումը, հին վերելակների փոփոխությունը, այգիների բարեկարգումը, կանաչապատ տարածքների ավելացումը, բակերի բարեկարգումը, ասֆալտապատումը, սակայն ցանկանում են նաև, որ շարունակաբար իրականացվի կանաչապատ տարածքների, խաղահրապարակների ավելացումը, շաբաթօրյակների, մշակութային ծրագրերի, մանկական, սպորտային ու երիտասարդական միջոցառումների կազմակերպումը:
Հարցվածները գնահատել են նաև Երևան քաղաքի տարբեր բնութագրիչները՝ մեկից հինգ բալանոց սանդղակով՝ «1-ը՝ վատ, 5-ը՝ լավ». ամենաբարձր գնահատականը ստացել է լուսավորությունը՝ 3.7 և 3.8 բալ՝ 2020-2021 թթ., ամենացածրը 2020 թ.-ին ստացել է մաքրության խնդիրը, 2021 թ.՝ քաղաքային տրասնպորտի խնդիրը՝ 2.6 բալ: