Կառավարությունն իր ապիկար քաղաքականությամբ գարնանացանը դնում է պրոբլեմի տակ. Արթուր Խաչատրյան
«Ամեն անգամ, երբ ընդդիմությունը սոցիալական ծախսերը բարձրացնելու վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես գալիս, իշխող քաղաքական ուժը սկսում է խոսել ինֆլյացիայի մասին` «սա կբարձրացնի ինֆլյացիան, սա կթանկացնի կյանքը, եկեք սոցիալական ծախսերի փոխարեն՝ փողը ներդնենք ենթակառուցվածքների վրա, թող բիզնեսը զարգանա, փող կլինի, կուղղենք սոցիալական ծախսերի վրա»:
Ինչպե՞ս պետք է այդ մարդիկ ապրեն, քանի դեռ տնտեսությունը զարգանա, իհարկե, այդ հարցին կառավարությունը որոշում է չպատասխանել՝ փոխարենը միշտ հղում է կատարում արտաքին ինֆլյացիայի վրա»,- խորհրդարանում անդրադառնալով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի շուրջ իշխանական պատգամավորների դիտարկումներին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա, ի հակադրություն քպ-ականների տնտեսական վերլուծությունների՝ մի քանի օրինակներ բերեց մաքսային ծառայությունների հաշվետվություններից:
«Կա ընդամենն առաջին կիսամյակի վերաբերյալ: Համեմատենք ներկրվող ապրանքների գների բարձրացումն ինֆլյացիայի հետ (ընդամենը սպառողական գների մասին է խոսքը. եթե նայենք արդյունաբերականին՝ պատմությունը շատ ավելի վատ կլինի): Հիմա թվախեղդ չանեմ ձեզ. բաց տեղեկատվություն է, կարող եք բացել և նայել: Կտեսնեք, որ այն գները, որոնք աճել են ներկրվող ապրանքների զգալի մասի վրա, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ են՝ ըստ իրենց բնույթի, և վիճակագրությունը Հայաստանում ինֆլյացիայի մասին, կտեսնեք, որ՝ չէ, պրոբլեմը ներսում է:
Վաղը պրոբլեմ է լինելու բնամթերքի հետ կապված, որովհետև այսօրվա կառավարությունն իր ապիկար քաղաքականությամբ գարնանացանը դնում է պրոբլեմի տակ. մատը մատին չեն տալիս: Վաղ հացը, կարտոֆիլը, միսը կթանկանա, կասի՝ բա տեսեք՝ աշխարհում ա ինֆլյացիան: Չեն ասի, որ մատը մատին չեն տալիս, երբ սելիտրան երեք անգամ թանկել է, և դա կբերեն հիմնավորում, որպեսզի սոցիալական ծախսերը չավելացնեն»,- ասաց պատգամավորը: