Հայ-թուրքական երկրորդ կանգառը՝ Վիեննա. ի՞նչ են քննարկելու Ռուբինյանն ու Քըլըչը
Նախօրեին հայտնի դարձավ հայ-թուրքական երկրորդ հանդիպման վայրն ու օրը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ գործընթացի ամենասկզբից թուրքական կողմը՝ ամենաբարձր մակարդակով, պնդում էր, որ երկխոսությունը պետք է տեղի ունենա առանց երրորդ երկրների և միջնորդների՝ բանակցող երկրների մայրաքաղաքներում, համապատասխանաբար՝ Երևանում և Անկարայում, սակայն այս հանդիպումը կրկին տեղի է ունենալու երրորդ երկրում, այս դեպքում՝ Ավստրիայում:
Թերևս, գործընթացից միջնորդներին դուրս բերելու ցանկությունն էր պատճառը, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից անմիջապես հետո թուրքական կողմը հայկական կողմին պաշտոնապես հրավիրեց Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը ՀՀ ԱԳՆ-ն, ամենայն հավանականությամբ, ընդունելու է:
Հարկ է նշել նաև, որ հայկական կողմը հանդիպման վայրի մասին (Վիեննա) հայտնում է այն բանից հետո, երբ ավարտվում է Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի երկօրյա աշխատանքային այցը Երևան, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Շալենբերգը հանդիպումը Վիեննայում կազմակերպելու հարցում որոշակի դերակատարություն է ունեցել:
Չի բացառվում, որ ինչպես Մոսկվայում կայացած հանդիպումը, նաև հանդիպումը հենց Վիեննայում եղել է հայկական կողմի ցանկությունը:
Հունվարի 14-ին կայացած հանդիպման առնչությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, թե հայկական կողմն է ցանկացել, որպեսզի հանդիպումը տեղի ունենա Մոսկվայում:
Հատկանշական է նաև այն փաստը, որ այս անգամ ՀՀ ԱԳՆ-ն հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ առաջին անգամ հաղորդում է տեղեկատվությունը թուրքական կողմին զուգահեռ՝ ոչ թե հաստատելով կամ երկրորդելով Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած տեղեկությունները:
Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ամերիկյան կողմն ուշադրության տակ է պահում հայ-թուրքական գործընթացը: Օրերս հայտնի դարձավ, որ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելու հնարավորությունը: Եվ ուկրաինական ճգնաժամին զուգահեռ՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Թուրքիայի և Հայաստանի բանակցություններին, «որոնց նպատակն է՝ կարգավորել հարաբերությունները տասնամյակների թշնամությունից հետո»:
Եվրոպացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը, անդրադառնալով գործընթացին, ասաց, որ պատահում են բանակցային գործընթացներ, որոնց անցկացման վայրն ընդհանրապես որևէ էական դերակատարություն չի կարող ունենալ: Սակայն, նրա կարծիքով, սա այդ դեպքը չէ:
Նա նախ արձանագրեց, որ Թուրքիան չի ցանկանա որևէ միջնորդ, և դա հասկանալի է, Թուրքիայի տեսանկյունից իրեն գործընթացում որևէ մեկը հարկավոր չէ, Թուրքիան միայն Ադրբեջանի հետ համաձայնեցված գործընթաց է պատկերացնում, որտեղ միջնորդներն իրեն միայն կարող են խոչընդոտել:
Վերլուծաբանի խոսքով, Հայաստանի տեսանկյունից միջնորդներն ավելի նախընտրելի են, թեև դա հրապարակային չի նշվում՝ գործընթացի թափանցիկության և դրա նկատմամբ միջազգային վերահսկողության պահպանման նպատակով: Այս դեպքում, նրա կարծիքով, լավագույն լուծումը գործընթացին նաև Արևմուտքին կցելն է, որի համար նրանք միայն ուրախ կլինեն:
«Չեմ կարծում, որ բովանդակային առումով սա ինչ-որ բան կփոխի Թուրքիայի համար, քանի որ ԵՄ-ն չունի մեծ ազդեցություն Թուրքիայի նկատմամբ և հետաքրքրված էլ չէ կարծես մշտական ներկայություն ունենալ կամ թեկուզ անուղղակիրորեն մասնակցել բանակցային գործընթացին, ուստի սա լիովին Հայաստանի ու Թուրքիայի տիրույթում է գտնվում: Հերթական հանդիպումը, որը տեղի է ունենում արդեն միմյանց ընդառաջ արված որոշակի քայլերից հետո՝ խոսքը փոխադարձ չվերթերի բացման մասին է, կլինի ավելի առարկայական, ավելի լուրջ հարցեր կքննարկվեն, կողմերը կմոտենան արդեն էական հարցերին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, դիրքորոշումների քննարկում, հարցերի շրջանակը չափազանց լայն է, հատկապես, երբ Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները լուծված չեն, ուստի կարծում եմ, որ որքան էլ երկկողմ հարթակ է սա, այն տարածաշրջանային մասշտաբի հարցերի է անդրադառնալու: Այս փուլում արդեն բանակցությունները կարելի է անկանխատեսելի համարել, քանի որ Թուրքիան ոչ ստանդարտ խաղացող է, որի հետ երկարատև, փոխընդունելիության հիմքի վրա բանակցություններ ակնկալելը մի փոքր բարդ է, եթե նույնիսկ հակառակ կողմը տրամադրված է չափազանց դրական: Այստեղ Երևանի պահվածքից շատ բան է կախված»,- նման կարծիք հայտնեց Ռարը:
Ըստ նրա, որևէ նշանակություն չունի նաև այն հանգամանքը, որ թուրք-ամերիկյան բանակցություններում հայկական թեմատիկայի քննարկումը մեծ ազդեցություն չունի իրերի դրության վրա:
«Ի վերջո, իրավիճակը որոշվում է տեղում բանակցությունների միջոցով, իսկ ամերիկյան կողմը պարզապես հետաքրքրվողի դերում է և մեծ հաշվով չունի ազդեցություն գործընթացի, ինչպեսև Թուրքիայի շատ քայլերի նկատմամբ: Թուրքիան ներկայումս աշխարհաքաղաքական առումով ավելի ուշագրավ է՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդ, այս դերակատարության արդյունավետությանը փորձում է հետևել նաև Արևմուտքը:
Գերտերությունները նման հարցերի համար ռեսուրս չունեն հատկապես հիմա ու չեն էլ տրամադրում, փորձում են լարվածության մի օջախում լուծել աշխարհաքաղաքական մի շարք խնդիրներ, կամ լուծելով մեկ գլոբալ խնդիր՝ կարգավորել նաև փոքր հարցերը: Որքան էլ Միացյալ Նահանգները նշի, որ վերադառնում է որոշ տարածաշրջաններ, դա չպետք է հասկանալ ուղիղ կերպով: Մենք տեսնում ենք, որ ողջ աշխարհաքաղաքական լարվածությունը տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ նոր դասավորվածություններ են գծվում՝ Ռուսաստան-Չինաստան, Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան-ԵՄ-Իրան, ուկրաինական ելքից շատ բան է կախված»,- նկատեց վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին թուրք պաշտոնյաները կրկին սկսել են հաճախակի խոսել հայ-թուրքական երկխոսությունից, որում ընդգծում են Ադրբեջանի դերը: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն էր օրերս նշել, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ: Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանն իր հերթին նախօրեին նշել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, իսկ երկկողմ հարաբերությունները բնութագրել է՝ որպես աշխարհում նմանը չունեցող: Քըրանի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի այս հարաբերություններն իբր խաղաղություն են բերել տարածաշրջան, և հայ-թուրքական բանակցությունները տեղի են ունենում Ադրբեջանի համաձայնությամբ: