Մամիկոն Ասլանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, 2016-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, կատարել պաշտոնեական կեղծիք՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու այլ դեպքեր ևս:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը 2019-2021թթ. ընթացքում իր կողմից կայացված մի շարք որոշումների մեջ կեղծ տվյալներ ներառելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի՝ ելնելով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից։

Իր ստորագրությամբ հաստատելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքն այն մասին, թե իբր, հիշյալ հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում, համայնքապետի համապատասխան որոշումների հետ միասին ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքների նկատմամբ, նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման և հողատարածքներն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդներ, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի վաճառքով իր որոշումներով դրանք օտարել է իր կողմից նախընտրելի անձանց:

Արդյունքում՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածքներ նշված հողամասերն օտարվել են որպես սեփականություն՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս են եկել օտարումն արգելված հողատարածքներ, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ նշված հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս