«Պետք չէ, որ մենք դուրս մնանք այդ գործընթացներից, պետք է մեր դիրքորոշումները տեղ հասցնենք». Ջոնի Մելիքյանը՝ ադրբեջանցի վերլուծաբանի հետ հեղինակած հոդվածի մասին

Միջազգային Commonspace.eu վերլուծական-տեղեկատվական կայքում հրապարակվել է «Օրբելի հետազոտական-վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանի և ադրբեջանցի  Ռամազան Սամադովի հեղինակած «Հայաստան-Ադրբեջան կապն ունի վճռական նշանակություն Հարավային Կովկասի ապագայի համար, ինչպես նաև կարևոր է արտերկրում գործընկերների համար» վերնագրով հոդվածը։

Հոդվածի առնչությամբ որոշ քննադատություններ եղել են, որ այնտեղ արծարծված չեն Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքների, այդ պատերազում Ադրբեջանի կողմից Արցախ բերած ահաբեկիչների մասին փաստերը, չկա տեղեկություն կամ վերլուծություն հազարավոր անտուն մնացած արցախցիների և նրանց բազմաթիվ խնդիրների մասին։

168.amՋոնի Մելիքյանից հետաքրքրվեց, թե նման հոդվածով հանդես գալն ո՞ւմ առաջարկն է  եղել, և  այն ի՞նչ նպատակ է հետապնդում։

Ըստ նրա, հոդվածը հրապարակվել է «LINKS Europe» կազմակերպության աջակցությամբ։

«Նախորդ տարի Վրաստանում Հայաստանից ու Ադրբեջանից փորձագիտական մակարդակով հանդիպում էր տեղի ունեցել, ըստ ծրագրի՝ սա էլ  դրա մի մասն է։ Սա առաջինը չէ, երկրորդն է, առաջին հոդվածն ավելի քաղաքական հարցերին վերաբերող էր, իսկ այս հոդվածն ավելի շատ հաղորդակցության, հնարավոր տնտեսական համագործակցության մասին է։

Քննադատությունը միշտ ճիշտ է, բոլորս էլ հայրենասեր ենք, բայց սա չի նշանակում, որ պետք է նստենք ու հայրենասիրական կենացներ ասենք, պետք է հասկանալ հակառակորդին, իսկ նրանք շարունակում են լինել մեր հակառակորդը, մենք էլ պետք է շարունակենք շփվել, աշխատել՝ մասնագիտական հանրության կարծիքը, պլանները հասկանալով։ Հիմա կա այդ հոդվածը, որը երկու հոգի է գրել, ձևն այսպես է՝ հարցեր են տրվում, երկու կողմերն այդ հարցերին պատասխանում են,  յուրաքանչյուր կողմ տերմինների ու շեշտադրումների հետ կապված իր տեսակետն է ներկայացնում, սա բարդ գործընթաց է։ Մի կողմի մի տերմինն է օգտագործվում, որը կարող է մյուս կողմին դուր չգալ, և հակառակը, սրանով սուր անկյունները դուրս են գալիս։ Սրանով փորձ արվեց հասկանալու, թե իրենք ինչ ակնկալիքներ ունեն ապաշրջափակումից, գուցե այդպես կարելի է խորանալ այլընտրանքային տարբերակների մեջ, որոնք մեզ համար ավելի ընդունելի են, և այլն, բայց այս ամենն այն է, ինչ կա»,- նշեց Ջոնի Մելիքյանը։

Վերլուծաբանի կարծիքով՝ պատերազմը հրահրելուց հետո Ադրբեջանը ոչ միայն չլուծեց հարցը, ավելի բարդացրեց այն, ինչը կար, որին  Վրաստանում կայացած հանդիպման ժամանակ ինքն անդրադարձել է։

«Այսօր կա Արցախը, արցախցին, ուզեն թե ոչ, իրենք պետք է Արցախի հետ համագործակցեն, Արցախի հարցն էլ չի լուծվել, և մենք ապրում ենք պոստ-պատերազմական  շրջանում։

Ընթանում են գործընթացներ, և պետք չէ, որ մենք դուրս մնանք այդ գործընթացներից, պետք է մեր դիրքորոշումները տեղ հասցնենք։ Հոդվածի մի հատվածում գրված է, որ գուցե տնտեսական համագործակցությունից լարված իրավիճակը գնա դեպի կայունացման, ինչն էլ իր հերթին կնպաստի կոնֆլիկտի խաղաղ ու համապարփակ լուծմանը, սա ցույց է տալիս, որ Բաքվի այն տեսակետը, թե կոնֆլիկտը լուծված է՝ այդպես չէ»,- շեշտեց Ջոնի Մելիքյանը։

Ըստ նրա, եթե հոդվածում խոսել են ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա դա չի նշանակում, որ մոռացել են Արցախի հարցի մասին և ուզում են «առևտուր» ու ախպերություն  անել ադրբեջանցիների հետ։

«Պետք է հասկանանք, թե այսօրվա իրողությունների մեջ մենք ինչպես ենք դիրքավորվում, ինչպես ենք ներդրումներ ներգրավում, ինչպես ենք կարողանում ապահովել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի իրականություն դառնալը, ինչպես ենք տնտեսությունը զարգացնում։ Ըստ այդմ, իմ կարծիքով՝ պետք է հզոր տնտեսություն ունենանք, որպեսզի բանակն իրողություն դառնա, և ապագայում Ադրբեջանի առաջ քաշած վտանգներին ադեկվատ պատասխանենք և կարողանանք լինել Արցախի ու արցախցու կողքին»,- ընդգծեց նա։

Միաժամանակ Ջոնի Մելիքյանը նշեց, որ հոդվածը գրվել է տնտեսական ոլորտի վերաբերյալ, և այնտեղ քաղաքական հարցեր չեն արծարծել՝ ելնելով բնույթից։

Նա նաև տեղեկացրեց, որ բոլոր խնդիրների մասին իրենք տեղեկացնում են նաև իրենց միջազգային  գործընկերներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28