Նաիրի Սարգսյանին Կանադայում դեսպան նշանակելը հերթական անարգանքը կլինի․ Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչ

Շուրջ 20 օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի աներձագ, Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշանակվելու է Կանադայում ՀՀ դեսպան: Բնականաբար, աղմուկ բարձրացավ, ինչին հաջորդեց Հրաչյա Հակոբյանի հերքումը:

«Վստահեցնում եմ՝ նման բան չկա: Մտացածին ինֆորմացիա է»,- armlur.am-ի հետ զրույցում ասել էր Աննա Հակոբյանի եղբայրը:

Ավելի ուշ՝ հունվարի 26-ին, Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ազատվեց աշխատանքից, և մամուլը սկսեց գրել այն մասին, որ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանի փոխարեն կդառնա ՀՀ նախագահ, իսկ Նաիրի Սարգսյանը կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախագահի թեկնածուն նախկին ՀՀՇ-կան Վահագն Խաչատուրյանն է, իսկ սա նշանակում է՝ Արայիկ Հարությունյանը կմնա իր պաշտոնում:

Ուրեմն ինչո՞ւ աշխատանքից ազատվեց 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի զույգ որդիներից Նաիրի Սարգսյանը:

Մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, ով հանրության շրջանում հայտնի է «Շիշ բռնող» մականունով, ԱԺ պատգամավոր է:

168.amտեղեկություններով՝  Նաիրի Սարգսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, և այս բազմաքայլ կոմբինացիան հենց նրա նշանակումը հնարավորինս աննկատ դարձնելու և անցնցում իրականացնելու նպատակն ուներ, քանի որ Հրաչյա Հակոբյանի ֆոնին Նաիրի Սարգսյանին հնարավոր է ներկայացնել թևերով հրեշտակի կերպարանքով ու դիվանագիտության ռահվիրայի փաթեթավորմամբ:

Միայն թե թվային տեխնոլոգիաների մեր դարաշրջանում ամեն ինչ այդքան հեշտ չէ պատել մոռացության քողով:

Պետական ամուր ինստիտուտներով հայտնի Կանադայում դեսպան է նշանակվելու մեկը, ով 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ մեծագույն ջանասիրությամբ «քացով» կոտրում էր պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Ռադիոտան դուռը:

Պետք է նկատել, որ Նաիրի Սարգսյանը ռադիոտան դուռը ջարդում էր՝ 3 տարի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի օգնականը լինելու և հնարավոր դեսպան նշանակվելու, այսինքն՝ իր սեփական բարեկեցության համար:

Մեր տեղեկություններով՝ Հայկ և Նաիրի Սարգսյանները Կանադայում ապրող քույր ունեն, և Նաիրի Սարգսյանի նշանակումն իրենց ընտանիքի համար բոլորովին էլ վատ տարբերակ չէ:

Հիշեցնենք, որ այս պահին Կանադայում ՀՀ դեսպանը կադրային դիվանագետ Անահիտ Հարությունյանն է, որը 2019թ․ ապրիլի 11-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա):

Անահիտ Հարությունյանը դիվանագիտական ծառայություն է իրականացրել Շվեյցարիայում, Բելգիայում, եղել է ԱԳ նախարարի օգնական, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի 1-ին քարտուղար, Արգենտինայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի 3-րդ քարտուղար, 2001թ.-ից՝ նույն բաժնի վարիչ, աշխատել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում: Կրթություն է ստացել  Արգենտինայում, Հունաստանում, դիվանագիտական կրթություն է ստացել Կահիրեում, ԱՄՆ-ում՝ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Ինչ խոսք, փառահեղ նվաճում կլինի նման կենսագրությամբ դիվանագետին դիվանագիտական զրո փորձառություն ունեցող Նիկոլ Փաշինյանի օգնականով փոխարինելը:

Այդուհանդերձ, վարչապետի՝ արդեն աշխատանքից ազատված օգնականին դեսպան նշանակելու մասին տեղեկությունը ճշտելու համար 168.am-ն նախ փորձեց կապ հաստատել հենց  Նաիրի Սարգսյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, իսկ մի քանի րոպե անց հեռախոսն ընդհանրապես անջատվեց։

Նույն տեղեկությունը փորձեցինք ճշտել  նաև ԱԳՆ-ից, նախարարի  մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ևս չպատասխանեց մեր զանգերին։

Ի վերջո, փորձեցինք տեղեկությունը ճշտել Կանադայի հայ համայնքից: 168.am-ը կապ հաստատեց  Տորոնտոյում բնակվող, հայ համայնքի անդամ, հասարակական գործիչ Խորեն Մարդոյանի հետ՝  պարզելու, թե համայնքում ինչ տրամադրություններ կան, արդյո՞ք իրենց համար ընդունելի են դեսպանի ենթադրյալ թեկնածուն կամ թեկնածուները։

Խորեն Մարդոյանն ասաց, որ Նաիրի Սարգսյանին Կանադայի դեսպան նշանակելու որոշումը լինելու է հերթական դիվանագիտական կադրային կոլապսը։

«Հուսով եմ, որ այդ նշանակումը տեղի չի ունենա, քանի որ այն կլինի հերթական անարգանքը՝ ինչպես ՀՀ դիվանագիտական համակարգի հանդեպ, իսկ մենք դա արդեն մեկ անգամ տեսանք՝ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելով, նույն ձևով էլ իր բացասական ազդեցությունը կունենա ողջ կանադահայության համայնքում․․․

Անահիտ Հարությունյանին փոխարինել նման անփորձ մեկով՝ ի դեմս Նաիրի Սարգսյանի, որի հավանաբար միակ հերոսական անցած ուղին եղել է Գյումրիից Երևան քայլելը, իսկ հետո իշխանափոխության օրերին Ռադիոտան դուռ կոտրելը, ողջ կանադահայ համայնքում կստեղծի անառողջ մթնոլորտ։ Հուսով եմ, որ այդ անհավանական նշանակումը տեղի չի ունենա»։

Ի դեպ, տեղին է հիշեցնել Նաիրի Սարգսյանի կենսագրությունը՝ 2012 թ. ավարտել է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժինը։ 2016-2017 թթ. սովորել է «Basic IT center» տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնում։ 2012-2018 թթ. եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական, 2018 թ. հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 26-ը  եղել է վարչապետի օգնականը։

Իսկ մեզ հետ զրույցում Խորեն Մարդոյանն էլ հիշեցրեց 2018 թվականի իշխանափոխությունից ամիսներ անց այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության Տորոնտո կատարած այցի մասին: Մեր զրուցակիցը պատմեց, որ գործնական հանդիպումների ժամանակ ականատես են եղել հայ համայնքի միասնականությանը, մինչդեռ այսօր պատկերն այլ է․

«Այսօր հայ համայնքի վերաբերմունքը գործող կապիտուլյացիոն ռեժիմի հանդեպ փոխված է, և ես դա նկատում եմ իմ ամենօրյա շփումների ընթացքում տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրանց վերաբերմունքն այլևս նույնը չէ, ինչ 2018-ին էր։ Իրենք որքան էլ փորձեն Հայաստանում հանձնակատար կոչվածի միջոցով հանրությանը համոզել, թե իբր սփյուռքը սատարում է պետությունը կործանման եզրին հասցրած, բանակը պարտության մատնած կապիտուլյացիոն ռեժիմին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բացարձակ սո՛ւտ է և իրականությանը չի՛ համապատասխանում։ Կապիտուլյանտը պետք է հասկանա մի պարզ ճշմարտություն, որ սփյուռքահայի պատիվն ու արժանապատվությունը խաթարված է, և այն կարող է վերականգնվել միայն վարչապետի հրաժարականով, որ ժողովուրդը կարողանա ընտրել հզոր և ազգային արժեքներ ունեցող նոր առաջնորդի, որն իր հերթին՝ կկարողանա բանակցել և հայկական շահը պարտադրել թշնամուն, այլ ոչ թե խոնարհաբար կատարել նրա ցանկացած հրահանգ, ինչի ականատեսն ենք բոլորս։

Այո, կան փոքրաթիվ անձինք, որոնք հավատում են Նիկոլի մանիպուլյացիոն ելույթներին, որոնք լի են ստերո՛վ և բանսարկություններո՛վ, բայց վստահեցնում եմ ձեզ, նրանք այլևս, գոնե կանադահայ համայնքում, շոշափելի թիվ չեն կազմում և որևէ ազդեցություն չեն կարող ունենալ կառույցների գործունեությանը, քանի որ սփյուռքի համար ամեն ինչ պարզ է, թե ինչ թրքահպատակ և թրքամոլ խմբակի հետ գործ ունենք այսօր, որոնք, դժբախտաբար, դեռ իշխանության ղեկին են։

Այս իսկ առումով այսօրվա կառավարչին հորդորում եմ՝ թող երկար մտածի այդ հնարավոր նշանակման մասին, հետևանքները լավ չեն լինելու ոչ կանադահայ համայնքային կյանքի ներդաշնակ գործունեության համար, և ոչ էլ հենց իր՝ Նաիրի Սարգսյանի՝ որպես հնարավոր դեսպանի թեկնածուի։ Որևէ լուրջ հայկական կառույց կանադահայ համայնքում պարզապես չի ցանկանալու իր հետ շփում ունենալ։ Հավանաբար կլինեն մի քանի մոլորյալներ, որոնք մինչ օրս դեռ հավատում են այս իշխանություններին և մտածում, որ սրանք ունակ են երկրի համար որևէ հարց լուծել»,- ՀՀ վարչապետին ուղղված հորդորով էլ եզրափակեց խոսքը  կանադահայ համայնքի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28