Ռադիոտան դուռը կոտրողը՝ Կանադայում ՀՀ դեսպա՞ն

Շուրջ 20 օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի աներձագ, Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշանակվելու է Կանադայում ՀՀ դեսպան: Բնականաբար, աղմուկ բարձրացավ, ինչին հաջորդեց Հրաչյա Հակոբյանի հերքումը:

««Վստահեցնում եմ՝ նման բան չկա: Մտացածին ինֆորմացիա է»,- armlur.am-ի հետ զրույցում ասել էր Աննա Հակոբյանի եղբայրը:

Ավելի ուշ՝ հունվարի 26-ին, Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ազատվեց աշխատանքից, և մամուլը սկսեց գրել այն մասին, որ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանի փոխարեն կդառնա ՀՀ նախագահ, իսկ Նաիրի Սարգսյանը կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Երեկ սակայն հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախագահի թեկնածուն նախկին ՀՀՇ-կան Վահագն Խաչատուրյանն է, իսկ սա նշանակում է՝ Արայիկ Հարությունյանը կմնա իր պաշտոնում:

Ուրեմն ինչո՞ւ աշխատանքից ազատվեց 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի զույգ որդիներից Նաիրի Սարգսյանը:

Մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, ով հանրության շրջանում հայտնի է «Շիշ բռնող» մականունով, ԱԺ պատգամավոր է:

168.am-ի տեղեկություններով՝ Նաիրի Սարգսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, և այս բազմաքայլ կոմբինացիան հենց նրա նշանակումը հնարավորինս աննկատ դարձնելու և անցնցում իրականացնելու նպատակն ուներ, քանի որ Հրաչյա Հակոբյանի ֆոնին Նաիրի Սարգսյանին հնարավոր է ներկայացնել թևերով հրեշտակի կերպարանքով ու դիվանագիտության ռահվիրայի փաթեթավորմամբ:

Միայն թե թվային տեխնոլոգիաների մեր դարաշրջանում ամեն ինչ այդքան հեշտ չէ պատել մոռացության քողով:

Պետական ամուր ինստիտուտներով հայտնի Կանադայում դեսպան է նշանակվելու մեկը, ով 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ մեծագույն ջանասիրությամբ «քացով» կոտրում էր պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Ռադիոտան դուռը:

Պետք է նկատել, որ Նաիրի Սարգսյանը ռադիոտան դուռը ջարդում էր՝ 3 տարի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի օգնականը լինելու և հնարավոր դեսպան նշանակվելու, այսինքն՝ իր սեփական բարեկեցության համար:

Մեր տեղեկություններով՝ Հայկ և Նաիրի Սարգսյանները Կանադայում ապրող քույր ունեն, և Նաիրի Սարգսյանի նշանակումն իրենց ընտանիքի համար բոլորովին էլ վատ տարբերակ չէ:

Հիշեցնենք, որ ներկայումս Կանադայում ՀՀ դեսպանը կադրային դիվանագետ Անահիտ Հարությունյանն է, ով 2019թ․ ապրիլի 11-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա):

Անահիտ Հարությունյանը դիվանագիտական ծառայություն է իրականացրել Շվեյցարիայում, Բելգիայում, եղել է ԱԳ նախարարի օգնական, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի 1-ին քարտուղար, Արգենտինայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի 3-րդ քարտուղար, 2001թ.-ից՝ նույն բաժնի վարիչ, աշխատել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում:

Ինչ խոսք, փառահեղ նվաճում կլինի նման կենսագրությամբ դիվանագետին դիվանագիտական զրո փորձառություն ունեցող Նիկոլ Փաշինյանի օգնականով փոխարինելը:

Տեսանյութեր

Լրահոս