Ինչո՞ւ է Թեհրանն ակտիվացրել հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ
Թեհրանում տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը։ ISNA-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն: Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ Իրանական դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը չի մանրամասնել, թե կոնկրետ երբ տեղի կունենա այդ հանդիպումը։
Նախորդ շաբաթ էլ Իրանում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով հանդիպումներ ունեցավ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Իրանի պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի, գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերիի հետ՝ քննարկելով ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Այս այցը հատկապես երկու երկրներում լայնորեն լուսաբանվեց ու քննարկվեց, վերլուծվեց՝ որպես երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլ: Սրան փաստորեն հաջորդում է տեղեկատվությունը թուրք-ադրբեջանա-իրանական եռակողմ հանդիպման կազմակերպման մասին:
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը մեզ հետ զրույցում նշեց, թե ինչու են ակտիվացել Իրանի կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ վերջին ժամանակահատվածում: Նա նշեց, որ եռակողմ ձևաչափով բանակցություններ Իրանը մշտապես ունեցել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ուստի սա նոր երևույթ կարելի է չհամարել: Նա նաև այն կարծիքին է, որ Իրանի հարաբերությունները համեմատել Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ պետք չէ, բոլոր երկրների հետ Իրանն ունի իր հարաբերությունները, դրանք փոխկապակցել պետք չէ:
«Վերջին երկու իրադարձությունն էլ ես կբացատրեի այն լարվածությամբ, որը տեղի ունեցավ նախորդ տարի Իրանի ու Ադրբեջանի միջև, լրջորեն սրելով իրավիճակը տարածաշրջանում: Իրավիճակը ներկայումս հետևյալն է՝ հնարավոր եղավ հարթել այդ լարվածությունը, որքան էլ որ իրանաադրբեջանական խորքային հակասություններ այսօր էլ կան: Երևում է, որ իրավիճակը չսրելու համար երկու կողմն էլ ընտրեց երկխոսությունն ակտիվացնելու ճանապարհը, և լարվածությունից անմիջապես հետո սկսեցին ինտենսիվ շփումներ: Ռազմական ոլորտում ընդլայնված համագործակցություն չեմ սպասում, նաև ռազմական բնույթի սպառնալիքների փոխանակումից հետո կարիք կար, որ այս ոլորտում համագործակցությունը ևս քննարկվի»,- ասաց վերլուծաբանը: Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, ապա, ըստ վերլուծաբանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում Թեհրանում քննարկվում էր դեռ անցյալ տարի: «Իրանը ավանդաբար փորձում է լավ հարաբերություններ պահպանել իր բոլոր հարևանների հետ, որոնք շատ են:
Իրանը նաև հասկացել է, որ պետք է ավելի ակտիվ լինի Հարավային Կովկասի ուղղությամբ, որի համար պետք է ավելի սերտ համագործակցություն Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ, նաև Ռուսաստանի հետ, որի հետ Իրանի քաղաքական օրակարգը հասնում է մինչև անգամ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին ու միջուկային բանակցություններին: Տարածաշրջանում ճանապարհների բացման թեման ևս պարտադրում է փոխըմբռնում գտնել այն հարևանների հետ, որոնց հետ եղել են խնդիրներ, և դա նաև ի նպաստ Հայաստանի կարող է լինել, քանի որ Իրանն ու Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն: Ռազմավարական համագործակցություն Իրան-Թուրքիա-Ադրբեջան հարթությունում չկա, բայց Թեհրանն ունի բացեր հարավկովկասյան ուղղությամբ, որոնք նաև այսկերպ պետք է լրացնի, չմոռանալով Հայաստանի հետ հարաբերությունների մասին»,- ասաց վերլուծաբանը: