«Ես երեսպաշտ չեմ, ես չեմ կարող մի բան ասել, հետո դա հերքող փաստաթղթին կողմ քվեարկել». Հայկ Մամիջանյան

168TV «Ռեվյու» հաղորդման շրջանակում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պարզաբանեց, թե ինչու է դեմ քվեարկել ԵԽԽՎ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին, որը, այնուամենայնիվ, ընդունվել է։

Նրա խոսքով՝ զեկույցը բավական երկար ժամանակ է պատրաստվել, և երբ համազեկուցողները գտնվում էին Հայաստանում, ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ փաստեր են ներկայացրել, այդ թվում նաև՝ գրավոր, Հայաստանում ժողովրդավարության մակարդակի հետ կապված:

«Շատ դժվար է վերցնել և կարդալ մի տեքստ, որտեղ գրված է՝ չէ, Հայկ Մամիջանյան, դու սխալ գիտես, 3 ընդդիմադիր պատգամավորներ ամիսներ շարունակ բանտարկված չէին, Աշոտ Երկաթին չէին բանտարկել, Արա Մկրտչյանին, Նարեկին, Առուշ Առուշանյանին, Մամիկոն Ասլանյանին չեն բանտարկել, դա սուտ է, ինքդ քո աչքով չես տեսել իրենց կալանավայրում: Հետո գրված է՝ չէ, գիտե՞ս ինչ, Հայաստանում խոսքի ազատություն է, լրագրողների նկատմամբ ճնշումներ չկան, նորմալ է ամեն ինչ, և այսպես շարունակ: Բուն զեկույցի քննարկման ժամանակ, որը դռնփակ է և չի լուսաբանվում, առաջին անգամ քննարկվում էին ադրբեջանական պատվիրակության ներկայացրած առաջարկները. Այդ այդ առաջարկները փորձ էին անում այս զեկույցում ավելացնել հակաղարաբաղյան տարբեր եզրույթներ: Դրանք 10-ից ավելին էին: Այդ դռնփակ նիստում ես և Ռուբեն Ռուբինյանը ակտիվորեն ներգրավված էինք ելույթների և այլ դրսևորումների միջոցով՝ ադրբեջանական առաջարկների չեղարկմանը: Դա հաջողվեց այդ թվում նաև՝ կոմիտեի նիստում: Հետագայում, լիագումար նիստի ժամանակ ադրբեջանական այդ առաջարկները նույնպես քննարկվել և քվեարկվել են, ես, բնականաբար, դրանց բոլորին դեմ եմ քվեարկել»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Պատգամավորը նշեց, որ իր գրավոր ելույթի հնարավորությունն օգտագործել և խոսել է թշնամու վայրագություններից. «Իմ ելույթում ես նշել եմ, որ այն կուրությունը, որ եվրոպական կառույցները դրսևորում են Հայաստանի նկատմամբ, երկու ուղղվածություն ունի. առաջին՝ թուրք-ադրբեջանական լկտիություններին հասցեական չարձագանքել: Դրա արդյունքում թշնամին հաճախ սկսում է մտածել, թե Հայաստանն այս գործընթացում միայնակ է մնացել: Երկրորդ՝ չարձագանքել և որակում չտալ այս կապիտուլյանտների խմբակի իրականացրած գործողություններին, որովհետև ժամանակին սրա հետ անհամեմատելի ավելի փոքր իրադարձությունների ժամանակ մեկ րոպեի ընթացքում Հայաստանում գործող բոլոր դեսպանատները և բոլոր միջազգային կառույցները որակումներ էին տալիս այս կամ այն դրսևորմանը, իսկ հիմա նրանք կարծես լուռ են և կույր: Ես դա ևս մեկ անգամ բարձրաձայնել եմ իմ ելույթում»:

Հայկ Մամիջանյանի համար զարմանալի է, երբ իշխանությունները կարողանում են «պոկել» զեկույցներ, որտեղ գովերգվում է նրանց «ժողովրդավարության բաստիոն» լինելը, բայց խոսքը ավելի էական դրսևորումներին է վերաբերում, նրանք այդքան էլ արդյունավետ չեն աշխատում:

«Ես երեսպաշտ չեմ, ես չեմ կարող մի բան ասել, հետո դա հերքող փաստաթղթին կողմ քվեարկել: Բոլորն են հասկանում, չէ՞, որ ես գիտակցում էի, թե հետո ինչպես է շահարկվելու այս քվեարկությունը: Բոլորն են հասկանում, որ ես տասնյակ տարբերակներ ունեի խուսափելու և, ժողովրդական բառով ասած՝ ավելի խախանդ ճանապարհ ընտրելու, բայց հետո ես ո՞նց էի իմ պայքարի ընկերների աչքերին նայելու: Ո՞նց էի նայելու նրա աչքերին և ասեի՝ ես կողմ եմ քվեարկել մի զեկույցի, որտեղ ասվել է, որ դու գոյություն չունես: Սա շատ կարևոր կետ էր գիտակցելու, որ կիսով չափ չեն պայքարում: Հիմա, եթե ԵԽԽՎ-ում զեկույց ներկայացվի, որտեղ գրված է, որ Հայաստանում նավթ կա, ես պետք է դրան կո՞ղմ քվեարկեմ: Դա պարզապես սուտ է, իսկ ստի նկատմամբ ես ունեմ ալերգիկ վերաբերմունք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս