Վերջնական որոշում չկա՝ քննարկվում է. Էդուարդ Աղաջանյանը՝ Միրզոյանի և Ռուբինյանի Անթալիա մեկնելու մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման ժամկետներին ու վայրին, ասաց, որ այդ հարցի վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Եթե լինի, պարզվի հանդիպման վայրն ու ժամկետը՝ հանրությունը կտեղեկանա։

Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, որ ՀՀ արտգործնախարարը և Ռուբեն Ռուբինյանը մարտին կմասնակցեն Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին, Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ մինչև ասուլիսը հասցրել է Ռուբեն Ռուբինյանից ճշտել ու պարզել:

«Այս պահին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ ինչո՞ւ նման լուրերի մասին հայ հանրությունն առաջինը չի տեղեկանում ՀՀ իշխանություններից, այլ Թուրքիայի ղեկավարությունից է տեղեկանում, Էդուարդ Աղաջանյանը հարցով պատասխանեց. «Ուզում եմ հասկանալ, կոնկրետ այս հարցի վերաբերյալ առաջինը հայկական կողմից լսելու կարևորությունը կամ կոնկրետ հարցի կոնտեքստում Թուրքիայի ներկայացուցչի կողմից ինֆորմացիայի ստացումը գործնական ինչ եղանակ է փոխում հայ հանրության համար։ Մենք ընդամենը քննարկում ենք Անթալիայում տեղի ունեցող մի միջոցառում, որտեղ քննարկվում է ՀՀ համապատասխան ներկայացուցիչների մասնակցության կամ չմասնակցության հարցը։ Այստեղ ուզում եմ հասկանալ՝ հաշվի առնելով կոնկրետ բովանդակությունը և դրա կարևորությունը ինչ խնդիր է առաջացնում, այդ թվում՝ լրագրողական համայնքի համար այդ տեղեկությունը ստանալ այլ պետության ներկայացուցչի կողմից։ Անկեղծորեն չեմ հասկանում՝ այս հարցի հիմքում որն է տրամաբանությունը»։

Ըստ իշխանական պատգամավորի և նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարի, այստեղ պատասխանը բավականին պարզ է ու հստակ, Հայաստանն այս ամենի մասին տրամաբանորեն պետք է հայտարարեր այն ժամանակ, երբ կոնկրետ դիրքորոշում ու որոշում կայացրած կլիներ։ Հետևաբար՝ տեղեկատվություն թաքցնելու որևէ միտում կամ ոչ թափանցիկ գործունեության խնդիր չկա։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականությունից, Է. Աղաջանյանն ասաց, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը և դրա ուղղությունների բալանսավորումն առաջին հերթին պայմանավորում է միայն Հայաստանի շահերով։

«Ըստ այդմ, թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո Հայաստանը մշտապես այդ սկզբունքով է առաջնորդվել։ Հայաստանի համար ռազմավարական գործընկեր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, սա որևէ կերպ մեկնաբանել՝ որպես ազդեցության տակ հայտնվելու փաստ, կարծում եմ՝ սխալ է։ Մասնավորապես պատերազմից հետո Հայաստանի անվտանգային ճարտարապետության հարցում ՌԴ-ն ունի առանցքային նշանակություն»,- հավելեց Էդուարդ Աղաջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս