Արմեն Սարգսյանը պետք է տեր կանգներ Սահմանադրությանը, երբ այն բռնաբարվում էր. Հայկ Մամիջանյան

«Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստն ինձ համար անտրամաբանական էր, առաջին հերթին նա գիտեր, թե ինչ լիազորություններով էր գալիս։ Նա այդ Սահմանադրությամբ երդվել է։ Եթե այդքան դժգոհում էր լիազորություններից կամովին կամ պարտադրաբար, ինձ արդեն դրդապատճառները չեն հետաքրքրում, չհրաժարվեր իբր այդ սակավ լիազորություններից՝ հօգուտ ԱԺ նախագահի, տեր կանգներ, երբ բռնաբարվում էր Սահմանադրությունը»,- այս մասին ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, այդ ամենը Արմեն Սարգսյանը կա՛մ առհասարակ չի արել, կա՛մ արել է շատ հատվածային ու վախվորած։ Հետևաբար՝ նրա հրաժարականի առնվազն տեքստի մեջ իր համար կան հարցականներ։

Անդրադառնալով հարցին, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունը կառաջադրի՞ նախագահի թեկնածու, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա՝ ո՞ւմ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ, ըստ օրենքի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միայնակ չի կարող թեկնածու առաջադրել, ուստի պետք է երկու ընդդիմադիր խմբակցությունները դա անեն։

«Եթե ընդդիմադիր թեկնածուի առաջադրման վերաբերյալ կայացվի որոշում, ապա երկու խմբակցությունները դա կանեն համատեղ։ Խորհրդակցությունները, քննարկումներն արդեն իսկ կընթանան։ Այսինքն՝ ես ո՛չ պնդում եմ, որ լինելու է թեկնածու, ո՛չ անուն եմ ասում, համեմայնդեպս մենք խորհրդակցությունների փուլում ենք»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս