Ո՞ւմ կամայականության արդյունքն է. պատերազմի մասնակցի ահազանգը
Արցախյան վերջին պատերազմին առաջին իսկ օրվանից մասնակցած զինծառայող Արթուր Ղամբարյանը ահազանգում է մարտական գործողություններին մասնակցության ոչ ստույգ ժամանակահատված արձանագրելու մասին:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պատերազմից գրեթե մեկ տարի հետո զինկոմիսարիատը վերադարձրեց զինվորական գրքույկս։ Սակայն կար մի խնդիր, որը ըստ իս՝ թյուրիմացության արդյունք էր, և իմ՝ ՊԲ-ին նամակ գրելուց հետո, պետք է շտկվեր։
Խնդիրը պատերազմի ընթացքում ՝ իմ մարտական գործողություններին մասնակցության ստույգ ժամանակահատվածի մեջ էր։
Հադրութ մեկնել եմ 2020թ. սեպտեմբերի 28-ին Շենգավիթի Զինկոմիսարիատից, Հադրութի զորամաս հասել եմ նույն օրը ուշ գիշերը, իսկ դիրքեր բարձրացել եմ հաջորդ օրը առավոտյան։
Արցախից Երևան վերադարձել եմ նոյեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ նախորդ օրը՝ Հոկտեմբերի 31-ի առավոտյան կրտսեր եղբայրս զոհվեց, իսկ ես վիրավորվեցի։
Ինչ-ինչ պատճառներով զորամասի ցուցակների մեջ գրանցել են հոկտեմբերի 6-ին, այն ժամանակ, երբ արդեն ինը օր Հադրութի առաջին գումարտակի առաջին վաշտի կազմում գտնվում էի առաջնագծում։ Զորամասի ցուցակներից անհասկանալի պատճառներով հանում են հոկտեմբերի 22-ին։
Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ ընդունվել եմ Հոկտեմբերի 31-ին «Երկկողմանի հետտրավմատիկ թմբկաթաղանթների պատռվածք»ախտորոշմամբ։
Մի քանի ամիս առաջ ՊԲ-ին վերոնշյալ նամակը ուղարկեցի բոլոր փաստաթղթերի հետ միասին՝ խնդրելով վերանայել և հստակեցնել մարտական գործողություններին իմ մասնակցելու ժամկետները։
Այսօր առավոտյան ստացա պատասխան նամակը, որում ասվում է՝ «ԻրականումԱ. ՂամբարյանըՊԲ 38401 զորամաս ներկայացել 2020թ. սեպտեմբերի 28-ին, սակայն զորամասի կողմից անձնակազմի ցուցակներում մտցվել է 2020թ. Հոկտեմբերի 6-ից մինչև 2020թ. հոկտեմբերի 22-ը, իսկ ժամկետների փոփոխություն հնարավոր չէ կատարել, քանի որ զորամասը լուծարվել է»։
Հ.Գ Անհասկանալի է ՝ ում կամայականության արդյունքն է իմ՝ մարտական գործողություններին մասնակցության ոչ ստույգ ժամկետների գրանցումը։
Հ.Գ.Գ Հադրութի զորամասի շարային մասը, ինչպես նաև մի քանի այլ, արդենիսկ լուծարված զորամասերի շարային մասեր, կցվել են Ասկերանի զորամասին, այդիսկ պատճառով անհասկանալի է, թե ինչի՞ հնարավոր չէր ստույգ ժամկետների փոփոխություն կատարել