Ի՞նչ սահմաններով է Հայաստանը ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Այսօր ժամը 20։00-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանում էր ԶԼՄ-ների  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նախապես ուղարկված  առցանց հարցերին։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի մոտ 10 օր առաջ արված սպառնալից հայտարարությանը, լրատվամիջոցներից մեկը նախ մեջբերեց նշված հայտարարությունից մի հատված, թե՝ «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում, այդպիսի պլաններ չունենք, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց եթե տեսնենք, որ մեզ համար սպառնալիք կա, այդ սպառնալիքը տեղում կոչնչացվի»։ Ապա հնչեցվեց հարցը.

Արդյո՞ք պաշտոնական Երևանը մտադիր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և նման ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավո՞ր է տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատմանը։

Նիկոլ Փաշինյանն այս պարզ և ուղիղ հարցին պատասխանը սկսեց երկար նախաբանով, որ վերջին 1 տարի և ավելի ժամանակաշրջանում  Ադրբեջանից հնչող հայտարարությունները ընկալելիս՝ որոշ նրբություններ պետք է նկատենք, որն իր կարծիքով՝ մեր իրականության մեջ չի նկատվում․

«Այս հայտարարությունների մեջ տարբերակենք ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը, որովհետև վերջերս մի շատ կարևոր դիտարկում հնչեցրեց մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ, և ինքը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո։ Օրինակ, տեսեք, երբ որ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հացը լուծված է։ Այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թվականից հետո՝ տասնյակ տարիներ, Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Շատ հաճախ հնչում են հայտարարություններ՝ Երևանը ադրբեջանական քաղաք լինելու մասին և այլն, և այլն, այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 94 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է… Այնուամենայնիվ այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա, և մենք սա պետք է հաշվի առնենք, ինչը, հույս ունեմ․ այդ էմոցիոնալ հանգամանքը օգտակար չի ընդհանրապես պրոցեսների համար։

Ռացիոնալ դաշտում եկեք քննարկենք մի քանի հարցեր, օրինակ՝ անընդհատ խոսք է գնում այն մասին, որ Հայաստանը ճանաչի՞, թե՞ չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին չի խոսվել և երբեմն այնքան էլ ճիշտ չի ընկալվում խոսակցությունն այդ մասին, բայց մենք պետք է արձանագրենք մի բան, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մասը կազմող, Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, և այդ համաձայնագիրը վավերացվել է դեռևս 1992 թվին, ես դրա մասին խոսել եմ։ Նույնկերպ և Ադրբեջանն էլ վավերացրել է…»։

Լրատվամիջոցների հարցերը հնչեցնող լրագրողը կրկնեց հարցը՝ եթե ճանաչենք տարածքային ամբողջականությունը, ի՞նչ սահմաններով ենք ճանաչելու, Փաշինյանը խուսափեց ուղիղ պատասխանել․

«Խնդիրը հետևյալն է։ Հաջորդ թեման, որի մասին ուզում եմ խոսել, նաև գիտեք, որ Մադրիդյան սկզբունքները երբ բանակցությունների հիմք են դարձել, այդտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը 2 կողմն էլ ընդունել են՝ որպես բանակցությունների հիմք, և այստեղ նկատի ունեմ, որ դա դե յուրե Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը դեռևս 1992 թվականից ճանաչել են սահմանների անձեռմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, ընդ որում, ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների և տարածքների շրջանակում, բայց դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չե՛ն լուծվում, և մենք հենց դա է, այո՛, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը շատ կարևոր է, բայց մյուս կողմից, երբ մենք տեսնում ենք, ո՛չ Հայաստանի տեսակետը:

Բոլորովին վերջերս Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը կապ չունի Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթացներ են։ Իհարկե, հարց կար Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի բացելու մեր օրակարգի վերաբերյալ, դա մեզ համար ռազմավարական օրակարգ է, և երբ այդ օրակարգը որդեգրել ենք և արձանագրել ենք Կառավարության ծրագրում, ես բազմիցս ասել եմ, որ մենք հասկանում ենք, որ սա ամենևին մեզնից չի կախված միայն, բայց, որ մենք այդ օրակարգին հետևելու ենք հետևողականորեն, սկզբունքորեն դա ակնհայտ է: Ի վերջո, նաև ես ուզում եմ, որ մենք էլի ռացիոնալ դաշտում նայենք հարցերին, շատ է խոսվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, մենք էլ ենք կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այո՛, պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց այդ փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևավորվի, ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է, և մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, այո՛, և Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին, դրա մասին մենք միշտ էլ հայտարարել ենք, ընդ որում, բանակցային գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, որի մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը, այդ բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել։ Երբ մենք բանակցային թղթերը նայում ենք, ի վերջո, այդ ամբողջ պրոցեսի նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, և մենք էլ դա որպես օրակարգ ունենք և պիտի հետապնդենք այդ օրակարգը, այո՛, ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ, բնականաբար, պետք է բանակցվի, և Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին, և ըստ էության այս ամբողջ քննարկումները, որ տեղի են ունենում, ինչի՞ համար են, ի վերջո, հենց այդ խնդիրները լուծելու համար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս