«Տպավորություն է՝ կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ պատիժ, որ կրում եմ». հատված դատարանում Տոնոյանի ելույթից
«Անորակ հրթիռների» գործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի, նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին, ժամը 11։00-ին:
Այսօրվա նիստում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, դատարանն ավարտել է գործով անցնող և կալանքի տակ գտնվող բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունների քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
168.am-ը երեկ գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացրել նրա շահերի պաշտպանը։
Տոնոյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, որը Տոնոյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ նրա նկարը տեղադրել էր իր հեռախոսի էկրանին, Վիլեն Գաբրիելյանը` «Նավակ Ճոճող» մականունով, ինչպես նաև` Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Զավենի Սարգսյանը։
Թե ինչ ակնկալիք ունի փաստաբանը երկուշաբթի օրը դատարանի կայացվելիք որոշումից, Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում փոխանցեց դատարանում հրապարակված մեղադրող կողմի առարկություններից հատված՝ միջնորդությունների վերաբերյալ.
«Մեղադրողների կողմից որպես հիմնավորում՝ նշվեցին միայն ընդհանրական ձևակերպումներ, որ, ինչպես Դավիթ Տոնոյանը, այնպես էլ գործով անցնող մյուս անձինք ազատության մեջ մնալու պարագայում, հաշվի առնելով նրանց ունեցած հեղինակության ազդեցությունը, կարող են անօրինական ազդեցություն ունենալ գործով անցնող մյուս անձանց վրա և այդպիսով խոչընդոտել նախաքննությանը: Մինչդեռ մեղադրանքի կողմը շատ լուրջ հիմնավորումներ պետք է ներկայացներ, թե ինչու արդեն դատապրոցեսի ընթացքում նրանք մնան շարունակական կալանքի տակ, ինչ կերպ պետք է խոչընդոտեն, կամ կոնկրետ ով ում վրա պետք է ազդեցություն ունենա, և այլն: Բայց հակառակն էր տեղի ունենում, մենք էինք հիմնավորում, որ այդ խափանման միջոցի հիմքը բացակայում է: Դատախազությունը որևէ լուրջ հիմնավորում, կարելի է ասել, առհասարակ հիմնավորում մեր ամբողջ ներկայացրածին չի ներկայացրել՝ որպես հակափաստարկ: Սա դատարանին լուրջ հնարավորություն է տալիս փաստել իր որոշմամբ, որ մեղադրողի կողմից բավարար չափով չի հիմնավորվել կալանքի հիմքը»:
Սերգեյ Հովհաննիսյանն այս համատեքստում հարկ համարեց մեջբերել դատարանում Դավիթ Տոնոյանի ելույթից թույլատրելի հատվածներ:
«Ինքը նշեց, որ գործի սկզբնական փուլում, երբ որոշում էր կայացվում իրեն կալանքի տակ պահելու մասով, որոշակի առումով հասկանալի էր կարգավիճակը, քանի որ գործով նշանակված էր փորձաքննություն, որով ի վերջո պարզվելու էր՝ այդ հրթիռների որակի հետ կապված խնդիր կա՞, թե՞ չկա: Այսինքն, նախաքննության սկզբնական փուլում հասկանալի էր սա՝ ինչ-որ տեղ հաշվի առնելով գործով կատարվելիք քննչական և դատավարական գործողությունների այդ պահին անհրաժեշտությունը և մեծածավալությունը: Ուստի տղամարդու պես ինքը պատրաստ էր այդ պահին գտնվել կալանքի տակ: Բայց հետագայում, երբ որոշում կայացվեց փորձաքննությունը անկատար թողնել, արդեն իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերածվեց պատժի: Եվ այժմ իր տպավորությամբ՝ ինքը ոչ թե գտնվում է կալանքի տակ՝ որպես խափանման միջոցի, այլ պատիժ է կրում: Եվ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ պատիժը կրում է ոչ թե իր սեփական երկրում, պետությունում, այլ՝ հարևան»,- մանրամասնեց նախկին նախարարի շահերի պաշտպանը:
Մեր ճշտող հարցին՝ այդպես էլ ասե՞լ է՝ ոչ թե իր սեփական երկրում, այլ հարևան, Սերգեյ Հովհաննիսյանը հաստատող պատասխան տվեց՝ «այո, այո»:
Դավիթ Տոնոյանի պաշտպանը, անդրադառնալով գործով անցնող և կալանքի մեջ գտնվող բոլոր ամբաստանյալների խափանման միջոցի վերաբերյալ դատարանի հրապարակելիք որոշմանը, ասաց, որ կալանավորումը պետք է վերացվի և ընտրվի խափանման այլ միջոց:
«Նկատի ունեցեք, որ դատարանի այս որոշումից որոշակի պարզ կդառնա քննության հետագա ընթացքը և վերջնական որոշումը»,- եզրափակեց Տոնոյանի պաշտպանը:
168.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ մեկ առերեսում է եղել:
«Այդ առերեսմանը կողմ է եղել նաև մեր կողմը՝ պաշտպանության կողմը: Եվ դրա բովանդակությունն ի նպաստ է եղել պարոն Տոնոյանի համար և մեղադրանքի հերքման առումով շատ էական նշանակություն է ունեցել: Առերեսումը տեղի է ունեցել իր նախկին տեղակալ Մակար Ղամբարյանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր նրա պաշտպանը:
Նշենք, որ «անորակ հրթիռների» գործով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը: