Ում հետ է կայացել Դավիթ Տոնոյանի միակ առերեսումը, ինչ ցուցմունքներ են տվել հրթիռները կիրառողները. մանրամասներ «անորակ հրթիռների» գործից
Հունվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «անորակ հրթիռների» գործով դատական առաջին նիստը:
Գործը, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիկ Մուրադյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ), մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին:
Իշխանությունները չեն ցանկանում, որ հասարակությունը իմանա՝ հրթիռներն անպիտան չեն
Նախքան դատական նիստի դռնփակ անցկացնելու մասին որոշման կայացումը և հրապարակումը, դատավորը թույլ չի տվել լրագրողներին մուտք գործել դատական նիստերի դահլիճ:
Ավելի ուշ Ավետիկ Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ պաշտպանական կողմը ներսում պայքարում էր, որ դռնբաց դատական նիստ լինի, սակայն դատախազությունը դեմ էր:
Իրենց միջնորդությունը, ըստ Սարգսյանի, հիմնավորել են երկու հանգամանքով: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը, մեղադրող կողմը, որոշակի պաշտոնատար անձինք պարբերաբար իրենց ցանկալի մեկնաբանություններով, որտեղ կոնտեքստից կտրված տվյալներ էին ներկայացնում, հասարակության մեջ լուրջ բացասական կարծիք են ձևավորել, որ խնդրո առարկա հրթիռները պիտանի չեն կրակելու համար, այնինչ ուղիղ հակառակն է:
«Ամբողջ հասարակական կարծիքը հատուկ ձևավորել են այն տեսքով, որ իբր այս հրթիռներն անորակ են և պիտանի չեն կրակելու համար: Դրա համար բոլորով, պաշտպանական կողմով պայքարում էինք, որ դռնբաց դատական նիստ լինի, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ փաստեր կան, և արդյոք այն, ինչ տեղի է ունեցել նախաքննության փուլում, դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Ցավոք սրտի, դատարանը մնաց իր դիրքորոշմանը, որ դռնփակ դատական նիստ է անցկացնելու: Մենք միջնորդեցինք, որ օրենքը թույլ է տալիս մասնակի, ի վերջո, գաղտնիքը դեռևս չի նշանակում՝ դռնփակ, այն պետք է սպառնա պետական անվտանգությանը: Այս գործով ինչ որ կա, և այն, ինչը իբր պետք է սպառնալիք լիներ, պետական մարմինները հրապարակել են առաջին օրվանից սկսած: Այսինքն, եթե խոսում ենք՝ թշնամի պետությունն ինչ պետք է իմանա, ամեն ինչ ասել են հենց պետական մարմինները»,- մանրամասնել է Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ դատավոր Մանվել Շահվերդյանը սրանով իր ապահովության հարցը փորձեց լուծել, որ հետո իրեն չթիրախավորեն՝ պետք էր դռնփակ անել նիստը, բայց դռնբաց է եղել:
«Բայց քանի որ դատախազությունը գրությամբ միջնորդել էր, որ դռնփակ լինի, իմ համոզմունքը սա է՝ պետական մարմինները հատուկ ցանկանում են նիստը դռնփակ անել, որովհետև այդպես իրենց ազատ են զգում՝ հրապարակելու ցանկացած տվյալ: Մեզ հետ քննարկման արդյունքում չի կայացվել որոշումը, այն ի սկզբանե կայացված էր»,- լրացրել է Ավետիկ Մուրադյանի պաշտպանը:
Նշենք, որ Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի փաստաբանական խումբը հայտարարել էր, որ կողմնակից են և պահանջելու են դռնբաց դատական նիստ, եթե չկա երկրի անվտանգությանը սպառնացող պետական գաղտնիքի հարց:
Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի կարծիքով, իրապես, այն, ինչ հանդիսանում է ռազմական, պետական գաղտնիք, ԱԱԾ-ն և Դատախազությունը հանրայնացրել են:
«Հաշվի առնելով այս գործի զգայունությունը և հանրային հետաքրքրությունը, դատարանը պետք է ապահովեր լրագրողների ներկայությունը նիստին: Տեղի է ունեցել օրենքի խախտում, քանի որ դատարանը կողմերից կարծիք չհարցնելով, որոշում էր կայացրել դռնփակ նիստ անցկացնելու մասին: Ընդ որում, առաջին դատական նիստը դռնփակ անցկացնելու որևէ իմաստ առկա չէր, դա կարող էր քննարկվել հետագա փուլերում, երբ բացարկի հարցը կլուծվեր»,- ասել է Տոնոյանի փաստաբանը:
Հրթիռը կիրառողները ցուցմունք են տվել՝ պատերազմի ժամանակ այն կիրառվել և մարտական խնդիր լուծել է
Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) պաշտպանական թիմը շարունակում է պնդել՝ հրթիռների որակի վերաբերյալ եզրակացություն անելու համար անհրաժեշտ էր իրականացնել փորձաքննություն և փորձարկում:
«Սպառազինության մատակարարման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նախ արտաքին զննում է իրականացվում, այնուհետ սկզբնական խմբաքանակից ընտրվում են որոշակի տեսակի և քանակի հրթիռներ և կատարվում է փորձարկումը: Դա փորձնական կրակումն է, որը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մենք շատ մասնագետների հետ ենք խոսել, որ այդ փորձարկումը կարող է կատարվել նաև առանց համապատասխան տեխնիկան օդ բարձրացնելու: Այսինքն, այսօր ինքնաթիռ կամ ուղղաթիռ պարտադիր չէ օդ բարձրացնել և նոր փորձարկում անել: Կան համապատասխան մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս հենց տեղում՝ գետնի վրա այդ փորձարկումն իրականացնել, պարզապես ցանկություն է պետք: Մեր ՊՆ-ն տարիներ ի վեր այդպես մատակարարումներ է ընդունել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Գալստյանի պաշտպաններից Արմեն Հարությունյանը:
Գալստյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանն էլ հիշեցրեց, որ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով հայտարարել է, թե մատակարարված 4232 հատ հրթիռներից կլինեն այնպիսինները, որոնք կհամարվեին որակյալ։
«Դատախազությունն առանց փորձաքննության և փորձարկման ավարտ է հայտարարել, մեղադրական գործն ուղարկել է դատարան, բայց իր խոսքում Գլխավոր դատախազի տեղակալը ընդունում է այն հանգամանքը, որ կլինեին հրթիռներ, որոնք որակի առումով խնդիր չէին առաջացնի: Զավեշտը հենց սրանում է: Մեղադրանքի ամբողջ ծավալում ներառված են 4232 հատ հրթիռը: Նախաքննական մարմինը պնդում է, որ 4232 հատ հրթիռը անորակ է, մյուս կողմից՝ գործը դատարան ուղարկելուց հետո Գլխավոր դատախազի տեղակալը հայտարարում է, որ հրթիռներ կլինեին, որոնք եթե փորձարկվեին, պիտանի կհամարվեին»,- շեշտել է նա՝ հավելելով, որ հստակ փաստական ապացույցներ կան, որ խնդրո առարկա հրթիռները կիրառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Գործում կիրառողների կողմից առկա են ցուցմունքներ, որ այդ հրթիռներն իրենց դրսևորել են լավ, և դրանցով հնարավոր է եղել մարտական խնդիր լուծել»,- ընդգծել է Անդրիկյանը:
Դավիթ Գալստյանի փաստաբանները նաև հերթական անգամ հայտարարել են, որ հրթիռները չեն եղել նաև ժամկետանց, և, որ գործում հստակ տեղեկություններ կան, որ հրթիռները 30 տարվա վաղեմության ժամկետ ունեն:
Ո՞ւմ հետ է եղել Դավիթ Տոնոյանի առերեսումը
Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ մեկ առերեսում է եղել:
«Այդ առերեսմանը կողմ է եղել նաև մեր կողմը՝ պաշտպանության կողմը: Եվ դրա բովանդակությունը ի նպաստ է եղել պարոն Տոնոյանի համար և մեղադրանքի հերքման առումով շատ էական նշանակություն է ունեցել: Առերեսումը տեղի է ունեցել իր նախկին տեղակալ Մակար Ղամբարյանի հետ»,- մանրամասնել է նա:
Նշենք, որ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020-ի նոյեմբերի 24-ին: Նրա անունը նաև «Օրսիսի գործի» հետ էր կապվում:
Հավելենք, որ դատական առաջին նիստին ներկա են եղել Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը, Ստեփան Գալստյանը, Ավետիկ Մուրադյանը:
Դատական նիստը կշարունակվի վաղը: