Արամ Սարգսյանը երաշխավորել է, որ Դավիթ Տոնոյանին ազատ արձակեն

«Անորակ հրթիռների» գործով այսօրվա դատական նիստին քննարկվել է կալանավորված բոլոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը՝ բացի ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանից:

Նրա խափանման միջոցի հարցը կքննվի վաղը՝ ժամը 11.00-ին։
Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել։

Տոնոյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ` Քրիստինե Պողոսյանը, ով Տոնոյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ նրա նկարը տեղադրել իր հեռախոսի էկրանին, Վիլեն Գաբրիելյանը` «Նավակ Ճոճող», ինչպես նաև` Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Զավենի Սարգսյանը։

Նշենք, որ այս գործով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը:

Կալանավորված են Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը, Ավետիք Մուրադյանը, Դավիթ Գալստյանը և Արտյոմ Համբարյանը:

Տեսանյութեր

Լրահոս