«Միջազգային օլիմպիադայում Վահան Քերոբյանը կիսել է 339-359 տեղերը». Սմբատ Գոգյան

Ֆիզիկամաթեմատիկական Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը գրել է. «Դպրոցականների միջազգային օլիմպիադային մասնակցելու համար պետք է քո հայրենիքում լավագույն վեցնյակում հայտնվես։ Այսինքն, Վահան Քերոբյանը 1993 թվականին դպրոցականների մեջ օլիմպիական մաթեմատիկային լավագույն տիրապետողներից էր։ Մնացածում պարծենալու բան առանձնապես չկա։

Քանի որ մամուլում սխալ բացատրեցին թվերը, պարզաբանեմ։ 1993 թվականին միջազգային օլիմպիադային մասնակցել են 73 երկրի 413 դպրոցականներ։ Վահան Քերոբյանը, հավաքելով 3 միավոր, կիսել է 339-359 տեղերը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի լավ են հանդես եկել և Արթուր Բարխուդարյանը շահել է ոսկե, իսկ Վահե Փոլադյանն արծաթե մեդալներ։ Ընդ որում, այդ ոսկին առ այսօր Հայաստանի համար միակն է։ Իմ լավ ընկեր Գուրգենին էլ մեդալ շահելու համար չի հերիքել 2 միավոր։

Դպրոցն ավարտելուց հետո օլիմպիականը պետք է մոռանա իր ձեռքբերումների մասին ու ապրի, կարծես այդ ամենը չի եղել։ Դպրոցն ավարտելով օլիմպիական հաջողությունները դառնում են պատմություն, իսկ աշակերտների գլխավոր ձեռքբերումը սովորած գիտելիքներն ու աշխատելու հմտությունն են, որովհետև հաջողության հասնելու համար պետք է 5 տարի շարունակ օրական մի քանի ժամով նվիրվել գործին։ Այս ամենն է կյանքում հաջողության հասնելու և առաջնորդ դառնալու հիմք դառնում, այլ ոչ թե հավաքած միավորները կամ մեդալի հարգը։

Վահան Քերոբյանը եղել է խելացի աշակերտ, բայց միջազգային մակարդակում հաջողության չի հասել։ Դա չի նշանակում, որ խելքը քիչ է, պարզապես դպրոցում իրեն զարգացնող միջավայր ու մասնագետ չի եղել։ Մեծանալով, միգուցե, այլ միջավայրում ձևավորել է մասնագիտական որակներ ու գիտելիքներ։

Ցավալին ուրիշ բանում է։ Ունենք երկու օլիմպիական նախարարներ (ԿԳՄՍ նախարարը տարիներ շարունակ եղել է ինֆորմատիկայի հանձնաժողովի նախագահ և թիմի ղեկավար), որոնք գիտեն ոլորտի կարևորությունն ու իրենց մաշկի վրա են զգացել համակարգի բացակայության հետևանքները։ Գիտեն այդ ամենը, բայց դզելու քայլեր չկան։

Դրա փոխարեն 2 օր է ֆեյսբուքով ու մամուլով փորփրում են նախորդ տարիների օլիմպիականների արդյունքները ու ինքնահաստատվում։ Ոչ մի լրագրող հոդված չգրեց, թե ո՞նց անենք, որ 3 միավորները դառնան 33»։

Տեսանյութեր

Լրահոս