Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվում են մեկնաբանել՝ ինչու են Ալեքսանդր Ազարյանի գործավարին հրավիրել, իսկ դատավորներն ահազանգում են ճնշումների մասին 

Այսօր՝ ժամը 14.00-ին, Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ:

Հայտնի է, որ դատավորների անկախական թևը Միության նախագահի պաշտոնում առաջադրելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը, ով մշտապես բարձր վարկանիշ ունի թե գործընկերների, թե փաստաբանների շրջանում:

Դատավոր Զարուհի Նախշքարյանն արդեն իսկ հայտարարել է, որ պաշտպանելու է Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը, նրան որպես Դատավորների միության նախագահ են տեսնում նաև շատ այլ դատավորներ, մինչդեռ իշխանությունները, ի դեմս Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի (ԲԴԽ) ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի, այդ պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին, ով բավականին մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ջհանգիրյանի հետ:

168.am-ի տեղեկություններով՝ իշխանական թևը, կանխատեսելով իրենց պարտությունն ընտրություններում, փորձում են տապալել Ժողովը:

Մեզ ասացին՝ երեկ գիշերվանից դատավորները զանգեր են ստանում՝ հորդորով չմասնակցել այսօր կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովին, որը չի համարվի կայացած, եթե քվորում չլինի:

Երեկ հայտնի դարձավ նաև, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտե են հրավիրել նաև Ալեքսանդր Ազարյանի գործավարին:

Ակնհայտորեն սա միտում ունի ճնշել Ալեքսանդր Ազարյանին այսօրվա ընտրությանն ընդառաջ, սակայն մեզ հետ հետ զրույցում դատավորները քմծիծաղով վերաբերվեցին այս լուրին՝ նշելով, որ Ալեքսանդր Ազարյանին նման ծիծաղելի գործիքակազմով ճնշել հնարավոր չէ:

Մեր տեղեկություններով՝ Ազարյանի գործավարին Հակակոռուպցիոն կոմիտե են հրավիրել առանց պատշաճ ծանուցման, ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ, թե դատական ակտը 1-1.5 ամիս ուշ է ուղարկել, մինչդեռ դատավորները նշեցին՝ այս ծանրաբեռնվածության պայմաններում 1.5 ամիսը թերևս ամենավաղ ժամանակահատված է. պատահում են նաև 4-5-9 ամսում, անգամ մեկ տարում ուղարկելու դեպքեր:

Ենթադրաբար Ալեքսանդր Ազարյանի գործավարն այսօր չի ներկայանա Հակակոռուպցիոն կոմիտե՝ հենց պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքով պայմանավորված:

168.am-ի հարցմանը, թե ինչո՞ւ են Ալեքսանդր Ազարյանի գործավարին հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե, Կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել:

Տեսանյութեր

Լրահոս