Նիկոլ Փաշինյանը չի ներում ԱԳՆ-ին. Խայտառակ իրավիճակ ԱԳՆ-ի շուրջ

Նիկոլ Փաշինյանի և հատկապես Արարատ Միրզոյանի ղեկավարած արտգործնախարարությունը վերածվել է այլևս ծայրաստիճան անհաջող, ուշացած հայտարարություններ տարածող գերատեսչության, կամ, որ ավելի ճիշտ կլինի բնորոշել այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական մամուլի ծառայության:

Պետության հիմնասյուն հանդիսացող կառույցներից մեկը երկրի համար ամենաճակատագրական փուլում իր դիվանագիտական ողջ ներուժով մի կողմ է դրվել, «փակվել է» Արարատ Միրզոյանի թեթև ձեռքով, չի մասնակցում որևէ կադրային որոշման կամ արտաքին քաղաքական կարևոր գործընթացի, ինչպիսին, օրինակ, երկու օր անց Մոսկվայում մեկնարկելիք հայ-թուրքական գործընթացն է: Ավելին՝ այդ գործընթացում, ինչպես հայտնի է, հայկական կողմի բանագնացն ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է, ով ոչ միայն դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, այլև չի տիրապետում դիվանագիտական աշխատանքի նրբություններին նման բարդ բանակցային գործընթացի համար, որպեսզի կարողանա հավասարը հավասարին երկխոսել ծանրքաշային թուրք դիվանագետ Սերդար Քըլըչի հետ:

Իսկ Քըլըչը, ի դեպ, մոսկովյան հանդիպմանը շատ լավ է նախապատրաստվում և մինչ Մոսկվա մեկնելը բազմակողմ հանդիպումներ է անցկացնում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի մասին Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես է հաղորդում: ԱԳՆ-ն որևէ մասնակցություն չունի դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր կապուղիների ապաշրջափակման գործընթացներին: Այսինքն՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կարևոր արտաքին քաղաքական գործընթացի չի մասնակցում, ինչը նոնսենս է:

Ավելորդ է խոսել նույնիսկ դեսպանների նշանակման հարցում ԱԳՆ դերակատարման մասին. Նիկոլ Փաշինյանը որոշումները կայացնում է ընդհանուր առմամբ միայնակ և, չնայած իր նախկին խոստումներին, թե պետք է վերանայվի դիվանագիտական կոչում չունեցողներին դեսպան նշանակելու պրակտիկան,  շարունակում է առանցքային երկրներում դեսպաններ նշանակել կադրային դիվանագետ չհանդիսացող անձանց, ինչպիսիք են Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ-ում, Վաղարշակ Հարությունյանը՝ ՌԴ-ում, յոթերորդ գումարման խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորներ Սոս Ավետիսյանը՝ Իսպանիայում, Վիկտոր Ենգիբարյանը՝ Գերմանիայում:

Դիվանագիտական որոշ շրջանակներում շրջանառվող կարծիքի համաձայն, Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ չի վստահում, «չի ներում» այս կառույցին և դիվանագետներին 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրմանը և հետպատերազմյան հետագա պայմանավորվածություններին չաջակցելու, իր հետ չհամաձայնեցված ձևակերպումների ու հայտարարությունների, ինչպես նաև մայիսի վերջին փոխարտգործնախարարների միասնական հրաժարականի համար, որից հետո մի պատկառելի ժամանակահատված ԱԳՆ-ն պարզապես չուներ ղեկավար կազմ և անգործության էր մատնված մի շրջանում, երբ ադրբեջանական ուժերը ներթափանցել էին ՀՀ ինքնիշխան տարածք:

2021 թվականի մայիսի 27-ին փոխարտգործնախարարների հրաժարականներից հետո միայն հուլիսի 14-ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ազատվեց ԱԽՔ-ի պաշտոնից,  նշանակվեց Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, իսկ որոշ ժամանակ անց նորից վերադարձավ Անվտանգության խորհուրդ՝ նախարարական աթոռը թողնելով Արարատ Միրզոյանին:

Պատերազմից հետո ԱԳՆ-ում ստեղծված քաոսային իրավիճակը շարունակվում է մեկ տարբերությամբ, որ ԱԳՆ ղեկավարը Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ է, և այդպիսով՝ ստացվում է, որ ԱԳՆ-ն կատարում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները՝ որպես կառույց աշխատելու և դիվանագիտական աշխատանք կատարելու, որոշումների կայացմանը մասնակցելու փոխարեն:

ԱԳՆ-ի շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակը շատ ավելի է բարդանում, երբ ԱԳՆ-ի անունից տարածվում են անհեթեթ ձևակերպումներով հայտարարություններ և հայկական կողմի համար նոր նահանջ ենթադրող առաջարկներ:

Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է հունվարի 11-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի  խախտմանը,  ինչի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արթուր Արտյոմի Մխիթարյանը և Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: ՀՀ ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների, որոնք սկիզբ են առել 2021թ․ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակվել պարբերական զինված հարձակումներով։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը:

Հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը:

Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և կատարել Սոչիի եռակողմ հայտարարությամբ և բրյուսելյան հանդիպման արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը»։

Ի դեպ, իր հերթին՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այս միջադեպի առնչությամբ նշել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է: Եվ այս իրավիճակում՝ 2021 թվականի մայիսյան ներխուժումներից ամիսներ անց  ՀՀ ԱԳՆ-ն  ոչ թե պահանջում է Ադրբեջանից դուրս բերել իր զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, այլ առաջարկում է հայելային հետքաշել զորքերը, այսինքն՝ ՀՀ զորքերին կրկին նահանջել ՀՀ տարածքում: Գաղտնիք չենք նշի, եթե ասենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարություններում կարևոր են բոլոր ձևակերպումները, բառերը, շեշտադրումները, կետադրական նշանները, և այս դեպքում ՀՀ ԱԳՆ-ն նույնիսկ չի նշում, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերը վերադառնան մշտական տեղակայման վայրեր, ինչպես մայիսին Նիկոլ Փաշինյանն էր ասում, այլ առաջարկում է, որպեսզի հայկական ԶՈՒ-ն նահանջի արդեն իսկ նահանջած հայկական դիրքերից: Սա, բնականաբար,  մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, ինչպես նաև որոշ դիվանագիտական ու փորձագիտական շրջանակներում, որտեղ սա որակվում է՝ որպես խայտառակություն:

ՀՀ ԱԳՆ-ն ըստ էության ավելի վատ պայմաններով կրկնում է Նիկոլ Փաշինյանի մայիսյան առաջարկները, որոնց ականջալուր չեղավ, չարձագանքեց  ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները:

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես առաջարկել էր. «Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:

Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն ու այս գործընթացը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո:Սա է առաջարկը, սա է իմ առաջարկած պլանը»:

Վերադառնալով ԱԳՆ-ին՝ որպես ամփոփում նշենք, որ այլևս ակնհայտ է դառնում, որ ՀՀ ներկայիս իշխանություններին աշխատող ԱԳՆ–ն, կարծիք արտահայտող, լուրջ կադրային դիվանագետներ հարկավոր չեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը ողջ արտաքին քաղաքականությունը կենտրոնացրել է իր ձեռքում:

Տեսանյութեր

Լրահոս