Բաժիններ՝

Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Կրեմլից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ գործող նախագահ Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մասին:

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր. «Վլադիմիր Պուտինի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է ներկայիս իրադրությունը Ղազախստանում, որը հանդարտեցման ու կարգավորման միտում ունի:

Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ ամենամոտ ժամանակում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս