«Հայրենիքին, առաջին հերթին, պետք է տանք առողջ երեխաներ, վատ սովորություններից կտրենք, որից հետո ամեն մեկը կընտրի իր ուղին». Դավիթ Ֆահրադյան
Դեռևս 2019 թվականին բարձրաձայնել էինք, որ Շենգավիթի Համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը ծայրահեղ անմխիթար վիճակում է, անհրաժեշտ է շտապ վերանորոգել այն: Հարցը երկու տարի անց մասամբ լուծվել է: Տանիքն ամբողջությամբ վերանորոգվել է, իսկ այս տարի նախատեսում են վերանորոգել մեծ մարզադահլիճը, հանդերձարանները, սանհանգույցները:
Վերանորոգման աշխատանքների, ծնողների, երեխաների կողմից առողջ ապրելակերպով հետաքրքրվելու, սաների ունեցած հաջողությունների և հարցերի շուրջ զրուցել ենք մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանի հետ:
– Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ միայն մարզադպրոցի տանիքը վերանորոգելու համար անհրաժեշտ է մոտ 35 միլիոն դրամ։ Վերանորոգումը մարզադպրոցի ֆինանսների հաշվի՞ն իրականացվեց, թե՞ պետության կամ հովանավորների աջակցությամբ։
– Մարզադպրոցի տանիքը վերանորոգելու համար, մեր հաշվարկով, մոտ 35 միլիոն դրամ էր անհրաժեշտ, սակայն մրցույթը շահել են 68 միլիոնով, քանի որ բոլոր ապրանքատեսակները թանկացել էին: Տանիքն ամբողջովին վերանորոգվել է ու շատ բարձր որակով: Եղել է Քաղաքապետարանի հսկողության ներքո, աշխատանքը համապատասխանում է ստանդարտներին:
– Մարզադպրոց քանի՞ սան է հաճախում, ի՞նչ հաջողություններ են գրանցվել նրանց կողմից։
– Մարզադպրոց հաճախում է 800-ից ավելի երեխա: Գրանցվել են տարբեր հաջողություններ. հաղթողներ եղել են թե՛ Հայաստանի առաջնությանը մասնակցելիս, թե Եվրոպայի եզրափակիչ մրցումներին մասնակցելիս:
– Մարզադպրոց այցելելը վճարովի՞ է:
– Մարզադպրոցն ամբողջությամբ անվճար է գործում: Շատ երեխաներ են հաճախում, քանի որ Շենգավիթ համայնքում միայն այս մարզադպրոցն է: Ունենք բռնցքամարտ, թենիս, մեծ թենիս, ակրոբատիկա, ցատկացանց: Հոսքը շատ է, և ինչքան տարածքները բարեկարգվում են, այնքան մեծ ոգևորությամբ են երեխաները հաճախում մարզադպրոց: Այս տարի պետության հաշվին կվերանորոգվի մեծ դահլիճը, հանդերձարանները, սանհանգույցները, իսկ մեր բյուջեի ազատ մնացորդի հաշվին՝ մեկ այլ մարզադահլիճ: Կսկսենք գրասենյակները բարեկարգել, լսարան ունենալ: Երևի թե 1.5 տարուց դպրոցը կլինի անթերի վիճակում:
– Որպես տնօրեն՝ ինչպիսի՞ մարզադպրոց կուզեիք տեսնել և ի՞նչ նպատակներ ունեք։
– Կցանկանայի, որպեսզի համայնքի բոլոր երեխաներին մարզադպրոցն ընդունի իր պատերի ներքո, երեխաները զբաղվեն սպորտով, առողջ լինեն, նվաճումներ ունենան: Առաջին հերթին՝ Հայրենիքին պետք է տանք առողջ երեխաներ, վատ սովորություններից կտրենք, որից հետո ամեն մեկը կընտրի իր ուղին, սակայն մեր հիմնական նպատակն առողջությունն ամրապնդելն է: Դպրոցի մոտ 50 տոկոսն արդեն բարեկարգ է, կարծում եմ՝ 1.5 տարուց արդեն միայն կզբաղվենք սպորտի զարգացմամբ: Ուզում եմ, որ երեխաները մեծ սիրով գան մարզվելու: