«Չկա Թուրքիայի մի նախապայման, որը Հայաստանը չի կատարել». Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Ղազախստանում հակահայ քարոզչությունը պայմանավորում է թուրքական ազդեցությամբ:
«Լավ գիտենք, որ այսօր հայ հասարակությունը գտնվում է պառակտման խորը փուլում, և փաստացի, այսօր ադրբեջանական քարոզչությունը մեծ ջանք չի թափում Հայաստանում տարատեսակ տրամադրություններ զարգացնելու մասով: Այսօր թուրքական աշխարհի, հատկապես՝ Թուրքիայի թիրախը Հայաստանից դուրս գտնվող հայ համայնքներն են: Էրդողանը լավ հասկանում է, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Ցեղասպանության ճանաչման կարևոր գործընթացում մեծ դեր է կատարում Հայ դատի հանձնախումբը, որի հիմքում հայ համայնքի գոյության հարցն է: Թուրքիան գլխավորում է հակահայկական այս քարոզը, նպատակ ունի կազմաքանդելու հայկական համայնքը ԱՊՀ երկրներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Դավութօղլուն անհանգստացնող է համարել Ղազախստանի կողմից իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ-ին դիմելը, որը նախագահում է Հայաստանը։
Նա նաև նշել է, որ Ղազախստանի ինքնիշխանությունը և կայունությունը պետք է Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունը լինի:
Գառնիկ Դավթյանի գնահատմամբ՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության պասիվությունը նշանակում է, որ այն գործնական առումով իրենից ոչինչ չի ներկայացնում. «Չունեն հստակ գործողությունների պլան, թե թյուրքալեզու պետություններում որևէ քաղաքական, պատերազմական կամ այլ ճգնաժամային իրավիճակներում ինչպիսի գործուն քայլեր պետք է իրականացվեն»:
Նրա խոսքով՝ Ղազախստանի նախագահը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին և ոչ, օրինակ, Թյուրքալեզու պետությունների կազմակերպությանը, որովհետև վերջինս չուներ գործնական քայլերի հաջորդականությունը, որը կարող էր առաջ անցնել ՀԱՊԿ-ից. «ՀԱՊԿ-ին դիմելը նաև Ղազախստանում հակառուսական տրամադրությունները ճնշելու նպատակ ուներ, որովհետև բացի խանութները թալանելուց, ցույցերից, տարբեր խմբեր իրենց ակցիաներում թիրախավորում էին ռուսներին, ասում էին, որ Ղազախստանը պետք է լինի ինքնիշխան պետություն, և, որ իրենց պետք չեն ղեկավարներ, որոնք գալիս են Սովետական Միությունից»:
Նա ոչ պրոֆեսիոնալ որակեց ՀԱՊԿ շրջանակում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշումը. «Հաշվի չեն առնում, որ այնտեղ ունենք հայ համայնք»:
Հարցին՝ Դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն ինքնուրո՞ւյն է որոշել զորախումբ ուղարկել Ղազախստան, նա պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի որոշումն ավելի շատ պայմանավորված է որոշակի ակնկալիքներով: Մենք անընդհատ փորձում ենք թերագնահատել Նիկոլ Փաշինյանին՝ նրան ներկայացնելով ապիկար. բնականաբար, ունի ապիկարություն, անմեղսունակություն և, ինչո՞ւ չէ՝ հանցավոր մտադրություն, բայց այստեղ կա նաև որոշակի քաղաքական ակնկալիքների նպատակ»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը, նա նշեց, որ սպառնալիքները բազմաթիվ են.
«Ես ավելի շատ հակված եմ նրան, որ այսօր չկա Թուրքիայի մի նախապայման, որը Հայաստանը չի կատարել: Կտրված է այսօր Հայաստան-Սփյուռք աշխատանքը, կա կոնֆլիկտ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, մասնավորապես՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման հարցը, Ցեղասպանության մասով աշխատանքների գործընթացը»:
Դիտարկմանը՝ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմից վստահեցնում են, որ գնում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման, Գ․ Դավթյանն արձագանքեց. «Հաշվի առնելով, որ Արցախի տարածքի 75 տոկոսը օկուպացված է, սուբյեկտայնությունը գտնվում է բավականին ցածր վիճակում, այնտեղ կան ռուս խաղաղապահներ, հետևաբար՝ այս հարցը որոշ չափով լուծված է Ադրբեջանի ժողովրդի շահերի օգտին: Ցեղասպանության ճանաչման հարցում, արդեն նշեցի, որ Հայաստան-Սփյուռք կապը կտրված է: Այսինքն՝ երկու նախապայման գործնականում լուծված է, միակ խնդիրը մնում է Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում, և Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսել է: Դա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում