«Իրականում գործ ունենք ոչ թե ահաբեկիչների, այլ ժողովրդի հետ, որը կարող է վատ տրամադրվել հայ համայնքի նկատմամբ». Կարեն Հովհաննիսյան

Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Նույն օրը Նիկոլ Փաշինյանն իր գրառմանը պաշտոնական տեսք տվեց և ստորագրեց Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ որոշում։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին որոշմանը՝ նշեց, որ Հայաստանը Ղազախստան խաղաղապահներ չուղարկելու հնարավորություններ, այսինքն՝ մանևրելու շանսեր ուներ։

«Չնայած նրան, որ Ղազախստանի իշխանությունները հայտարարում են, որ կան ահաբեկիչներ, և այդ ամենն անում են ահաբեկիչները, ուստի այդ հոդվածի ներքո է կանչում ՀԱՊԿ ուժերին, Հայաստանը կարող էր ասել, որ չկան ապացույցներ, որ այդ ամենն ահաբեկիչներ են անում։ Առհասարակ բոլորը գիտեն, որ նրանք ահաբեկիչներ չեն, այլ ժողովուրդն է։ Այսինքն՝ ամեն ձևով Հայաստանն այստեղ կարող էր մանևրել։ Սակայն, չգիտես՝ ինչու, Հայաստանը որոշեց, որ ինքը ևս կարող է ուժեր ուղարկել Ղազախստան, գուցե հետագայի համար ինչ-որ պայմանավորվածություննե՞ր է ձեռք բերել։ Ես ենթադրում եմ և ցանկալի կլիներ՝ այդպես լիներ, որ ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում է համաձայնել խաղաղապահներ ուղարկել։ Ինքս այդ գործողություններին Հայաստանի մասնակցությանը դեմ եմ։ Պետք է նաև հաշվի առնենք, որ այնտեղ կա հայկական մեծ համայնք, և ոչ միանշանակ է ընդունվելու Հայաստանից ժամանած ուժերի ներկայությունը։ Մենք այստեղ իրականում գործ ունենք ոչ թե ահաբեկիչների հետ, ինչպես ներկայացվում է, այլ ժողովրդի հետ, որը կարող է վատ տրամադրվել հայ համայնքի նկատմամբ։ Սա պետք է հաշվի առնեին»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց ՀԱՊԿ իրական նպատակներն ու գործողությունները, այն է՝ ՀԱՊԿ–ն արձագանքում է, եթե ՀԱՊԿ անդամ երկրների տարածքային ամբողջականությանը վտանգ է սպառնում։

Այս համատեքստում Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ ոչ միայն Արցախի 44-օրյա պատերազմի, այլև դրանից առաջ՝ 2020 թվականին Տավուշում ծավալված հուլիսյան մարտերի, նույնիսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ՀՀ սահմանների վրա հարձակումներ եղան, կար ՀԱՊԿ-ի անմիջական միջամտության կարիքը, որին գոնե ձևականորեն ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր։

«Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն իր իրական գործողությունները թողած՝ միջամտում է պետությունների ինքնիշխան ներքին կյանքին։ Մյուս կողմից էլ պետք է նկատենք, որ աշխարհաքաղաքական առումով ՀԱՊԿ-ի միջամտությունն այդ գործողություններին Հայաստանին ձեռնտու է, այսինքն՝ ինչը ձեռնտու չէ Թուրքիային, տվյալ դեպքում ձեռնտու է մեզ։ Այս հանգամանքը մի քիչ մեղմացնում է իրավիճակը։ Այս տեսանկյունից հարցը մի քիչ խնդրահարույց է և բազմաշերտ»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ նման որոշում կայացնելուց առաջ իշխանությունը որևէ ռազմական փորձագետի, քաղաքագետի, վերլուծաբանի խորհրդատվություն չի ստացել։

«Հայաստանը կարծես թե նմանատիպ մի մոտեցում է որդեգրել, որ ռազմական փորձագետների ու վերլուծաբանների կարծիքներն այլևս հաշվի չեն առնում, վարվում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս