Հաճախ պետական մարմինները ժամանակին մրցույթ չհայտարարելու հետևանքով ստեղծում են հրատապ իրավիճակ, որի պարագայում ստանում են մեկ անձից ուղղակի գնում կատարելու հնարավորություն. Հասմիկ Ենգոյան

Հայաստանում ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետական գնումները մեծ մասամբ իրականացվում են մեկ անձից՝ դրանից բխող կոռուպցիոն վտանգներով ու կասկածելի գործարքներով:

Պետական գնումների ոլորտում առկա իրավիճակի և վտանգների մասին 168.am-ը զրուցել է Գնումների աջակցության կենտրոնի ղեկավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Հասմիկ Ենգոյանի հետ:

– Ինչպիսի՞ իրավիճակ է տիրում ներկայումս պետական գնումների ոլորտում:

– 2021թ. դեկտեմբեր–2022թ. հունվար ամիսները հանդիսանում են պետական գնումների առումով շատ ակտիվ ժամանակաշրջան, քանի որ այս ընթացքում են պետության կողմից հայտարարվում և անցկացվում հիմնական մրցույթները, որոնց արդյունքում պետությունը ողջ 2022թ. կիրականացնի մրցույթներում հաղթող տնտեսվարողներից ապրանքների և ծառայությունների ձեռքբերում:

– Որո՞նք են ներկայումս պետական գնումների ոլորտում առկա հիմնախնդիրները:

– Պետական գնումների ոլորտում չափազանց կարևոր է, որպեսզի պետական գնման արդյունքում պետական մարմինը ձեռք բերի իր իրական կարիքին համապատասխան ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, ընդ որում՝ ձեռքբերումը լինի համարժեք հատուցմամբ։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև, որպեսզի պետական գնումները լինեն տնտեսող, արդյունավետ և օգտավետ։ Կարևորում եմ նաև տնտեսվարող բոլոր սուբյեկտների պետական գնման գործընթացներին մասնակցելու իրավահավասա­րությունը և վերջիններիս միջև մրցակցության խրախուսումը:

– Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն պետության կողմից Ձեր կողմից թվարկված նպատակներին հասնելու համար:

– Առաջին հերթին չափազանց կարևոր է, որպեսզի պետության կողմից հայտարարված մրցույթների հրավերները չլինեն խտրական, հարմարեցված ինչ-որ տնտեսվարողների, և պետությունը իրականում գնի իր կարիքին համարժեք ապրանք կամ աշխատանք, և ապահովվի իրական մրցակցություն մրցույթի մասնակիցների միջև:

Ընդհանուր առմամբ, պետական գնման մրցույթների հրավերները գնահատելիս՝ պետք է վերլուծվեն հրավերների հետևյալ ասպեկտները՝

Հրավերով արդյոք նախատեսվե՞լ է պատվիրատուի կարիքին համապատասխան ապրանք կամ ծառայություն։

Տվյալ դեպքում շատ կարևոր է բացահայտել՝ արդյո՞ք գնման մրցույթի հրավերով նախատեսվել է այնպիսի ապրանք կամ ծառայություն, որն իրականում համապատաս­խանում է պատվիրատուի կարիքներին։ Բանն այն է, որ հաճախ պրակտիկայում պատվիրատուների կողմից պահանջվում են այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ, որոնք տվյալ պահին գերազանցում են պատվիրատուի իրական կարիքը, ինչը հանգեցնում է պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործմանը, անգամ վատմանը։

Օրինակ, պահանջվում է չարդարացված բարձր տեխնիկական չափանիշներ ունեցող համակարգչային տեխնիկա կամ ընթացիկ օգտագործման համար նախատեսված A4 ֆորմատի թուղթ՝ պատրաստված, օրինակ, էվկալիպտի փայտից։

Կամ, օրինակ, պահանջվում է, որ մրցույթի մասնակիցն ունենա այնպիսի տեխնիկա, որի անհրաժեշտությունը չի բխում մրցույթի հրավերով նախատեսված աշխատանքից:

Լինում են դեպքեր, երբ հակառակը, պետական մարմնի կողմից պահանջվում է այնպիսի ապրանք, որն ակնհայտորեն նվազ է պետական մարմնի իրական կարիքից: Օրինակ, տասնյակ տարիներ առաջ արտադրված տեխնիկա և այլն:

Նման իրավիճակում հասարակության մոտ իրավացիորեն կարող է ստեղծվել տպավորություն, որ պետական գնումը կազմակերպվել է կոնկրետ ընկերության մոտ առկա կոնկրետ ապրանքի (այն էլ՝ հնամաշ) ձեռքբերման նպատակով:

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերվող ապրանքը կամ ծառայությունը լինի օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ պետական գնումը։

Արդյո՞ք պետական գնման հրավերում առկա չեն այնպիսի խտրական պահանջներ, որոնք կառաջացնեն մրցակցության սահմանափակում կամ հնարավոր մասնակիցների շրջանակի նվազում։

Այս դեպքում պետք է գնահատվի՝ արդյո՞ք հրավերում առկա չեն այնպիսի պայմաններ, որոնք խտրական են և սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին, կամ հանգեցրել են գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացման։ Պետք է բացահայտել՝ մրցույթի հրավերով մասնակիցների կարգավիճակի նկատմամբ արդյո՞ք չեն դրվել չհիմնավորված ծանր պահանջներ (օրինակ, տեխնիկայի կամ մասնագետների առկայություն, չհիմնավորված մասնագիտական փորձ), որի արդյունքում պետական գնումների դաշտից դուրս են մնում բազմաթիվ մասնակիցներ։

Օրինակ, պետական մրցույթի հրավերով պահանջվում է այնպիսի ապրանք, որը ՀՀ ներմուծում է միայն մի ընկերություն (հնարավոր է՝ նաև պատվիրատուի հովանավորյալ ընկերությունը)։ Արդյունքում՝ մրցույթին մասնակցում է միայն մեկ ընկերություն, որի արդյունքում էլ վերանում է մրցակցությունը, և ապրանքի գինն արհեստականորեն բարձրանում է։

Կամ, օրինակ, մրցույթի հրավերով նախատեսվում են մեքենայի յուղի այնպիսի պարամետրեր, որը Հայաստան ներմուծում է միայն մեկ ընկերություն:

Մեկ այլ օրինակ ևս․ երբ բժշկական սարքավորումների ձեռքբերման մրցույթներով պահանջվում են սարքերի այնպիսի պարամետրեր, որոնք արտադրվում է կոնկրետ մեկ ընկերության կողմից, ով ունի իր պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, և միայն այդ ընկերությունն է, փաստորեն, իրավասու վաճառել նման արտադրանք:

Վերոհիշյալը կարող է տեսականորեն մեկնաբանվել, որ պետական մարմինը նման եղանակով փորձում է նախապատվություն տալ կոնկրետ ընկերությանը:

Մինչդեռ, մասնակցին ներկայացող հակամրցակցային և խտրական պահանջի արդյունքում պետական գնման մրցույթի շրջանակներից դուրս են մղվում բազմաթիվ ընկերություններ, որպես հետևանք՝ նվազում է մրցակցությունը և համապատասխանաբար աճում առաջարկվող պետական գնման գինը, որն էլ հանգեցնում է պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, եթե չասենք՝ վատման:

Ի՞նչ գնահատական կտաք «Մեկ անձից» գնումներ կատարելու արատավոր պրակտիկային:

– Գտնում եմ, որ պետք է բացառվեն «Մեկ անձից» գնումներ կատարելու անհիմն դեպքերը, քանի որ մեկ անձից գնում կատարելու պայմաններում վերանում է մրցակցությունը և առաջանում է պետական միջոցների ոչ ռացիոնալ օգտագործում:

Բանն այն է, որ օրենսդրությունը թույլ է տալիս մեկ անձից գնում կատարել միայն այն դեպքում, երբ առկա է հե­ղի­նա­կա­յին կամ բա­ցա­ռիկ ի­րա­վուն­ք, կամ հրատապության հիմքով՝ եթե առաջացել է արտա­կարգ կամ չնա­խա­տես­ված այլ ի­րա­վի­ճա­կ:

Պարզվում է, որ շատ հաճախ պետական մարմիններն արհեստականորեն են ստեղծում այդ արտակարգ կամ չնախատեսված իրավիճակը, այսինքն՝ պետության ինչ-որ կարիք ժամանակին չբավարարելու և մրցույթ չհայտարարելու հետևանքով ստեղծում են չնախատեսված, հրատապ իրավիճակ, որի պարագայում ստանում են տվյալ գնումը ոչ թե մրցութային, այլ հրատապ՝ մեկ անձից (հիմնականում իրենց համար նախընտրելի մասնակցից) ուղղակի գնում կատարելու հնարավորություն:

Ու­սում­նա­սի­րե­լով գնում­նե­րի ըն­թա­ցա­կար­գե­րի ընդ­հա­նուր քա­նա­կա­կան ցու­ցա­նիշ­նե­րը և գն­ման առան­ձին ըն­թա­ցա­կար­գե­րի տե­սա­կա­րար կշիռ­նե­րը, կարծում եմ, որ պետությունը պետք է վերահսկի, որ­պես­զի պատ­վի­րա­տու­նե­րի կող­մից գնում­նե­րի կա­տար­ման նա­խընտ­րե­լի ձև լի­նի մրցույ­թը, իսկ մեկ ան­ձից գնում­նե­րն ի­րա­կա­նաց­վեն բա­ցա­ռա­պես նույն օ­րեն­քով նա­խա­տես­ված դեպքե­րում, և մր­ցույ­թի անց­կա­ցում պա­հան­ջող գնում­նե­րն ար­հես­տա­կա­նո­րեն չտե­ղա­վոր­վեն մեկ ան­ձից գնում կա­տա­րե­լու ըն­թա­ցա­կար­գի շրջա­նակ­նե­րում:

Տեսանյութեր

Լրահոս