Բյուրեղավանի ավագ դպրոցում ընդամենը 2 ձայնի տարբերությամբ ուսուցիչներն իրենց քվեն տվեցին տնօրենի թեկնածու Սուսաննա Վանեսյանին

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրենի արդեն 3-րդ ընտրությունը, նախորդ 2 ընտրությունների ժամանակ թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել անցողիկ 6 ձայնը, ուստի տնօրեն չէր ընտրվել:

Տնօրենի պաշտոնը ստանձնելու համար այս անգամ հայտ էր ներկայացրել 4 թեկնածու՝ Անդրանիկ Գրիգորյանը՝ նույն դպրոցի պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ նույն դպրոցի կենսաբանություն առարկայի ուսուցիչ: Երրորդ թեկնածուն՝ Կիմա Պապայանը, Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան 177 հիմնական դպրոցի ուսուցիչ է, որն այս դպրոցում տնօրենի պաշտոնի համար առաջին ընտրությանը ևս թեկնածություն էր առաջադրել: Վերջին՝ չորրորդ թեկնածուն Կարինե Մարգարյանն է՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ:

Տնօրենի ընտրության 1-ին փուլն այսօր առավոտյան էր, որի ժամանակ ծնողական խորհուրդը փակ քվեարկությամբ տնօրեն ընտրեց Անդրանիկ Գրիգորյանին։ Ծնողական խորհրդի ընտրությունից ժամեր անց տեղի ունեցավ տնօրենի ընտրության 2-րդ փուլը, այս անգամ տնօրեն էր ընտրում արդեն մանկավարժական խորհուրդը։

Նշենք, որ դպրոցի տնօրենի նախորդ՝ առաջին ընտրության ժամանակ հայտ էին ներկայացրել նույն դպրոցի ոսուցիչներ՝ Անդրանիկ Գրիգորյանը և Սուսաննա Վանեսյանը և Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչ՝ Կիմա Պապայանը:

Երկրորդ ընտրության ժամանակ Կիմա Պապայանն այլևս չմասնակցեց ընտրությանը, այդ պաշտոնի համար պայքարում էին նույն դպրոցի ուսուցիչներ Անդրանիկ Գրիգորյանը և Սուսաննա Վանեսյանը: Ի դեպ, թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընտրության ժամանակ Անդրանիկ Գրիգորյանին ընդամենը 1 ձայն էր պակասել տնօրեն ընտրվելու համար:

Այսօր տնօրենի թեկնածուների ներկայացրաց զարգացման ծրագրերը լսելուց հետո մանկավարժական խորհրդի 22 անդամները փակ քվեարկությամբ տնօրեն ընտրեցին Սուսաննա Վանեսյանին: Խորհդի 22 անդամի ձայները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ՝ Անդրանիկ Գրիգորյան՝ 10 ձայնՍուսաննա Վանեսյան՝ 12 ձայնԿիմա Պապայան՝ 0 ձայնԿարինե Մարգարյան՝ 0 ձայն:

Տեղեկացնենք, որ հունվարի 14-ին էլ տեղի կունենա տնօրենի ընտրության վերջին՝ երրորդ փուլը, որն, ի դեպ, բաց է լինելու: Այդ օրը քվեարկելու են նախարարության 5 ներկայացուցիչները։ Այդ 5 ձայնին գումարվելու է դպրոցի ծնողական խորհրդի և ուսուցչական կազմի քվեարկության միավորները։

Տնօրեն ընտրվելու համար, թեկնածուն պետք է քվեարկությամբ 6 ձայն հավաքի, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում 6 ձայն, ապա ըստ սահմանված կարգի նույն օրը պետք է լինի կրկնակի քվեարկություն։ Եթե այդ դեպքում էլ թեկնածուներից որևէ մեկը չի հավաքում բավարար քանակով ձայն, ապա ընտրությունը հետաձգվում է։ Այսինքն, ինչպես նախատեսված է կառավարության որոշմամբ՝ կհայտարարվի նոր մրցույթ:

Ի դեպ, Բյուրեղավանի դպրոցն առաջիններից է, որ փորձարկել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի նիստում կատարված փոփոխությունները:

Նախկին կարգում առկա էին տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում էին` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում: Փոփոխություն է կատարվել նաև տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում: Վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ  փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս:

Նոր կարգում մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագիրը ներկայացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատվել էր դպրոցի զարգացման ծրագրի ձևաչափը , որտեղ սահմանվել են ծրագրին ներկայացվող հիմնական պահանջները:

 

Տեսանյութեր

Լրահոս