Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ չի կարելի դադարեցնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ չի կարելի դադարեցնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը, չնայած հյուսիսկորեական հրթիռի արձակմանը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը: Մուն Չժե Ինը հանդես է եկել Կանին-Չեչժին երկաթուղային տեղամասի շինարարության բացման արարողությանը:
Չեչժին հարավկորեական կայարանն արդեն միացված է հյուսիսկորեական Կամխո կայարանին, ուստի մինչեւ 2027 թվականը Կանին-Չեչժին տեղամասի պլանավորված ավարտը կնշանակի Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միացում եւ երկաթուղային միասնական ցանցի ստեղծում Կորեական թերակղզում: «Այսօր Հյուսիսային Կորեան իրականացրել է փոքր հեռահարության չճանաչված արկի փորձնական արձակում:
Բայց այս իրադրության հիմնավոր հաղթահարման համար մենք չպետք է դադարեցնենք երկխոսությունը… Ես անհանգստացած եմ այն բանով, որ (արձակման պատճառով) կմեծանա լարվածությունը եւ լճացումը միջկորեական հարաբերություններում կարող է խորանալ»,-հայտարարել է նախագահը: Նա հավելել է, որ ԿԺԴՀ-ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի երկխոսության համար: Հարավային Կորեայի բարձր պաշտոնատար անձինք Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) արտակարգ նիստում նույնպես ընդգծել են Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության վերսկսման կարեւորությունը: Ավելի վաղ հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն Հյուսիսային Կորեայի ներքին շրջաններից հունվարի 5-ին ժամը 08:10-ին (Երեւանի ժամանակով 03:10-ին) ենթադրվում է մեկ բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի կողմը: Հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, արձակվել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ:
Նաեւ այն ենթադրություններն են արվում, որ ԿԺԴՀ-ն հրթիռի արձակումը կարող էր իրականացնել հյուսիսկորեական ձմեռային զորավարժությունների շրջանակներում: Սա ԿԺԴՀ-ի սպառազինությունների առաջին հնարավոր փորձարկումն է այս տարի: Նախորդը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Հյուսիսային Կորեան փորձարկել է սուզանավերի նոր բալիստիկ հրթիռը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: