Բաժիններ՝

Կանգնած ենք պարենային անվտանգության լուրջ մարտահրավերի առջև, և հնարավոր է՝ շուտով հացի գինը բարձրանա. Սարգիս Սեդրակյան

«Գյուղատնտեսական բերքի ստացման առումով անցած տարին լավ էր՝ արտադրված որոշ մրգերի առատությամբ, սակայն վատ էր՝ բանջարեղենի (կաղամբ, գազար, կարտոֆիլ, և այլն) սակավության պատճառով»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով գյուղատնտեսական տարին՝ ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ ընդգծելով, որ բերքի առատությունը կապ ուներ ոչ թե կառավարության կամ Էկոնոմիկայի նախարարության աշխատանքի հետ, այլ բնության նպաստավոր պայմանների և գյուղացու չարչարանքի հետ:

«Կառավարության կողմից գյուղացուն ցուցաբերած հիմնական աջակցությունն այն եղավ, որ որոշ գյուղացիներ ստացան անտոկոս վարկեր: Սակայն բազմաթիվ գյուղացիներ, տարբեր պատճառներով (գրավի համար անշարժ գույքի բացակայության, բանկին պարտք լինելու, և այլն), զրկվեցին այդ վարկի ստացումից: Փոխարենը՝ այդ գյուղատնտեսական վարկերից օգտվեցին որոշ ունևոր քաղաքաբնակներ:

Ըստ իս, զրոյական վարկի տրամադրման նպատակը ոչ միայն երկրում գյուղատնտեսության զարգացումն է, այլ նաև՝ գյուղական աղքատության և արտագաղթի կրճատումը: Որոշ գյուղացիների տրվեցին վարկով սուբսիդավորված սերմեր, բայց, օրինակ, Շիրակի մարզի Գետափ և այլ գյուղերում Էկոնոմիկայի նախարարությունը սխալմամբ գարնանը գյուղացիներին տվել է աշնանացան գարու սերմը: Հանրապետության որոշ մարզերի գյուղացիներից եղան բազմաթիվ դժգոհություններ՝ ոռոգման շրջանում ջուր չլինելու հետ կապված: Ոռոգման ջուր չլինելու պատճառով, որոշ գյուղացիներ զրոյական տոկոսով ստացած վարկով չկարողացան նորմալ բերք ստանալ, որի պատճառով զուր համարվեց նրանց կատարած չարչարանքը, իսկ բանկի վարկը մնաց: Ստացվեց այնպես, որ կառավարությունը մի կողմից՝ գյուղացուն լավություն արեց, մյուս կողմից՝ վատություն, գցեց պարտքերի տակ: Որոշ տեղերում էլ գյուղացու ջուրը տալիս էին մասնավոր հէկ-երին»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահի խոսքով, 2021թ․ գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց նաև Ադրբեջանի կողմից Արցախի հողերի օկուպացումը:

«Արցախում մենք կորցրել ենք մեծաքանակ խաղողի և պտղատու այգիներ, հիմնականում՝ նռան, ծիրանի, դեղձի, Արցախի ցանքատարածությունների 90 %-ը (ցորենի, գարու, սոխի, և այլն), մոտ 50.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ: Նախկինում, յուրաքանչյուր տարի, Արցախից ներկրվում էր 100.000 տոննա հացահատիկ, որը, Հայաստանում արտադրվածի հետ միասին, կազմում է մեր երկրի հացահատիկի պահանջմունքի մոտ 75 տոկոսը: Ըստ վիճակագրության, ՀՀ-ում և Արցախում տարեկան 500-600 հազար տոննա հացահատիկ է սպառվում, Արցախն ապահովում էր դրա 20-30%-ը (հիմնականում՝ Քաշաթաղի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններից): ՀՀ ներմուծվող ցորենի 90 %-ը գալիս է ՌԴ-ից մնացածը՝ Ուկրաինայից և Վրաստանից: Այսինքն՝ ՀՀ-ի սպառման 600 հազար տոննայից 250.000 տոննան ներմուծվում է:

Արցախից անասնապահության և բերքի կորուստը կազմում է մոտ 100-130 մլն դոլար՝ յուրաքանչյուր տարի: 2021թ․ մի կերպ հանեցինք, բայց կարծում եմ, որ այս տարի կանգնած ենք պարենային անվտանգության լուրջ մարտահրավերի առջև, և հնարավոր է՝ շուտով հացի գինը թանկանա: Որոշ արոտավայրեր կորցրեցինք նաև Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից: Ներկայումս անասնակերի դեֆիցիտ է, որոշ գյուղացիներ ստիպված մորթում են իրենց անասուններին՝ անասնակեր չլինելու պատճառով, մյուսներն էլ մորթում են անասունների մի մասին, որ այդ գումարով անասնակեր ձեռք բերեն մնացած անասունների համար: Ընդհանրապես գյուղացին չի զգում Էկոնոմիկայի նախարարության գոյությունը: Ծախսվում են գումարներ, բայց դրանից գյուղացու սոցիալական վիճակը չի լավանում, աճել է գյուղերից արտագաղթողների թիվը: Իշխանությունների նախընտրական խոստումները, որով խոստանում էին գյուղացիների կյանքը լավացնել, չի կատարվել:

Վերջերս Հաշվեքննիչ պալատը բացահայտել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունն այս տարի 24 միլիոն դրամի պարգևավճարներ է բաժանել աշխատակիցներին, ընդ որում՝ օրենքի խախտումներով: Անցած տարի աշխատակիցները պարգևատրվել են մոտ 121 միլիոն դրամի չափով, նախարարությունը թափուր աշխատատեղեր է ունեցել, սակայն աշխատող չեն ընդունել և նրանց հասանելիք գումարը բաժանել են մյուսներին, որով օրենք են խախտել: Աշխատակիցների որակյալ աշխատանքների կամ հատուկ առաջադրանքներ կատարելու վերաբերյալ հիմնավորումները բացակայում են:

Գյուղատնտեսությունում տիրող վատ վիճակին գումարվեց նաև իշխանությունների կողմից երկրում իրականացված գյուղաքանդ՝ համայնքների խոշորացման գործընթացը, որը, կարծում եմ, հիմնականում մեկ նպատակ ունի՝ պայմաններ ստեղծել՝ ազդելու ընտրությունների արդյունքների վրա»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կուզեր տեսնել այս ոլորտում, նա պատասխանեց.

«Հարկավոր է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, որտեղ կաշխատեն ոլորտի բանիմաց, փորձառու մասնագետներ, այլ ոչ թե պատահական մարդիկ: Հարկավոր է, որպեսզի նախարարությունը դեմքով շրջվի դեպի գյուղը և գյուղացին, հարկավոր է, որպեսզի գյուղացին զգա նախարարության գոյությունը և անհրաժեշտության իմաստը: Ոլորտի փորձառու և խելացի մասնագետներն էլ կմշակեն ոլորտի զարգացման և երկրի պարենային ապահովվածության ճիշտ ռազմավարություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս