Բաժիններ՝

Այս պահին հումանիտար աղետից մեզ փրկում է արտաքին պարտքը. Տնտեսագետ

Երկնիշ տնտեսական աճի փոխարեն` երկնիշ գնաճ. սա 2021 թվականի միակ բացասական ցուցանիշը չէ: Մասնագետները մեկ անգամ չէ, որ ահազանգել են ավելացող արտաքին պարտքի ֆոնին ներդրումների բացակայության, տնտեսական ակտիվության դանդաղ աճի մասին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 2021 թվականը համարեց սոցիալական ու տնտեսական առումով ձախողված 2020 թվականի շարունակությունը:

«2020 թվականն ամփոփվեց  7.4 տոկոս տնտեսության կրճատմամբ: Նկատենք՝ մինչև պատերազմը մենք արդեն ունեինք 6.5  տոկոս անկում, ինչը 2 անգամ ավելի բարձր ցուցանիշ էր, քան տարածաշրջանում կամ համաշխարհային տնտեսության մեջ, որովհետև քովիդից տուժել էր նաև համաշխարհային տնտեսությունը: Դրա հիմնական և միակ պատճառը օրվա իշխանություններն էին՝ իրենց ձախողումներով և ապաշնորհությամբ:

2021 թվականը մեկնարկեց պոպուլիզմի նոր դրսևորումներով. հենց տարվա առաջին աշխատանքային օրը տնտեսական անկման ֆոնին խոստացան միլիարդավոր դոլարի ներդրումներ, երկնիշ տնտեսական աճ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Ըստ նրա, քանի որ այս խոստումներին հետևեց ռեալ կյանքը, մասնագիտական շրջանակներից բացի, հանրության համար ևս պարզ դարձավ, որ այդ խոստումները մնալու են չիրականացված:

«Երկնիշ դրական խոստումների ֆոնին շարունակեց բացասական ցուցանիշների երկնիշ ավելացումը. գները թռիչքաձև աճում են, 2021թ․ ամփոփում ենք երկնիշին մոտ գնաճով, երկնիշ աճեց պետական պարտքը (միլիարդավոր դոլարի ներդրումների փոխարեն՝ պարտքն ավելացավ շուրջ 1.2 միլիարդ դոլարով):

2021թ․ հունվար-նոյեմբերի տվյալներով, ընդամենը 5 տոկոսին մոտ տնտեսական ակտիվություն ունենք (նախորդող ամիսը հունվար-հոկտեմբերին՝ դա 4 տոկոս էր, իսկ մեկ տոկոսային կետով աճն էլ պայմանավորված է նախորդ տարվա նոյեմբերի խորը ճգնաժամով):

2020 թ. նոյեմբերին 2019 թվականի համեմատ տնտեսությունը կրճատվեց  շուրջ 11 տոկոսով,- ասաց Թադևոս Ավետիսյանը, ապա արձանագրեց՝ իրավիճակը շարունակում է նույնը մնալ, որովհետև տնտեսության հյուծումը շարունակվում է,- Տնտեսությունը դեռ չի վերականգնվել: 2021 թվականին Covid 19-ով պայմանավորված սահմանափակումները գրեթե չկային, չկար պատերազմ՝ ինչպես նախորդ տարի, բայցևայնպես, օտարերկրյա ներդրումներ չեղան: Սա բացասական է նաև այն իմաստով, որ հաջորդ տարվա համար հիմքեր չկան, որպեսզի մենք ունենանք  առաջանցիկ տնտեսական աճ»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ տնտեսության հյուծման հետևանքով գները կաճեն ավելի արագ, քան մարդկանց եկամուտները, այդ թվում՝ միջին աշխատավարձը:

Նա հիշեցրեց, որ չեն աճել նաև նվազագույն աշխատավարձը, թոշակները, նպաստները, և 2022 թվականին արդեն հաստատված պետական բյուջեով ևս՝ սոցիալական առումով որևէ  դրական տեղաշարժ չի նախատեսվում:

Ի դեպ, մասնագետի համոզմամբ՝ 2022 թվականի բյուջեով խոստացվող 7 տոկոս աճը չունի իրական հիմքեր, և այն առավելապես բարի ցանկություն է.

«Այդ 7 տոկոս աճն այս պահին առկա օբյեկտիվ միտումներով իրականում փուչիկ է, որովհետև 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու համար դրա հիմքերի առյուծի բաժինը պետք է 2021թ․ արդեն տեսնեինք՝ ներդրումային հաստատված ծրագրերի և տնտեսական առաջանցիկ աճի ձևով:

Այս ամբողջի ֆոնին հատկանշական է փաստել, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ոչ թե քայլերով, այլ լոնքերով է աճում. 2021թ․ միայն մոտ 15-16 տոկոսով աճել է՝ հատելով  71-72 հազար դրամի սահմանը: Մեր գնահատմամբ՝ 2022թ.՝ մինչև տարեվերջ, կմոտենա առնվազն 80 հազարի դրամին»:

Թադևոս Ավետիսյանն առանձնացրեց բացառապես մեկ դրական միտում՝ արտաքին պարտքի ներգրավման հնարավորությունը, որը դարձյալ գուժում է տնտեսական բացասական հետևանքների մասին:

«Այս պահին մեզ հումանիտար աղետից փրկում է արտաքին պարտքը, որովհետև փորձում է լուծել և՛ համատարած ձախողումների հետևանքները, և՛ նաև բերում է տնտեսական ակտիվություն: Փաստորեն,  ապիկար իշխանությունները ձեռքն արդեն մեկնել են ապագա զարգացման ռեսուրսին, որովհետև այդ պարտքը, որ այսօր բերում ու ծախսում են իրենց իշխանությունը մեկ օր ավելացնելու և կոլապսից խուսափելու համար, վճարվելու է վաղը, մյուս օրը»,- եզրափակեց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս